
Ալեն Սիմոնյան. «Լրագրողների աշխատանքը ԱԺ շենքում համակարգվելու է»
«Երբևէ Հայաստանում այսքան ընդդիմադիր հեռուստաալիք չի եղել, որքան կա հիմա»:
Այս մասին իր արտահերթ ելույթում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով Գեղամ Մանուկյանի ելույթին` պնդելով, թե ժամանակին հեռուստաընկերությունների եթերի հեռարձակման լիցենզիաները «դաբռոներով» են եղել:
Ալեն Սիմոնյանն առաջարկեց ուսումնասիրել ընդդիմադիր հեռուստաընկերությունների հերթականությունն ու քանակը:
ԱԺ խոսնակն անդրադարձավ նաև խորհրդարանում լրագրողների աշխատանքների սահմանափակումներին:
«Ժողովրդավարության բաստիոն հանդիսացող Անգլիայում լրագրողը կարո՞ղ է պատգամավորի սենյակի դուռը բացել կամ միջանցքում հետապնդել, բացառված է, չկա ոչ մի երկրում նման բան: Այն, ինչ նկարագրում եք, աշխարհում ոչ մի տեղ գոյություն չունի, մի քիչ ավելի փակ երկրներում նույնիսկ շենքից ներս չեն թողնում լրագրողներին: Էլ չեմ ասում, որ հեղափոխությունից հետո խոսքի ազատության կտրուկ աճը բերել է խոսքի ազատությանն այն աստիճան, որ նորմալ վերլուծաբանները դա համեմատում եմ լկտիության հետ: Որոշ մարդիկ խոսքի ազատությունը խառնել են լկտիության հետ»,-ասաց նա:
Սիմոնյանի վստահեցմամբ` Գեղամ Մանուկյանը լրագրողական գործունեությամբ զբաղվելիս չէր խորշում քաղաքական գործիչների հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնել:
«Լրագրողների աշխատանքը ԱԺ շենքում համակարգվելու է...․ լրագրողի սահմանափակումները միջանցքի մի կտորով քայլել ներկայացնել, որ սահմանափակում են, ոչ: Լրագրողները հնարավորություն են ունենալու պատգամավորներին մոտենալ, երբ իրենք գալիս են շենք, բայց, կներեք, չեն գնալու մտնեն պատգամավորի սենյակ, չեն վազելու պատգամավորի հետևից»,- ասաց նա:
Ըստ Սիմոնյանի` հանրության մի ստվար հատված դժգոհ է լրագրողների աշխատանքից և վարվելաձևից:
«Առիթն ուզում եմ օգտագործել և դիմել լրագրողներին, հարգելիներս, մի համարեք, որ իրավունք ունեք սոցիալական հարթակներում վիրավորանք հնչեցնեք պաշտոնյաների հասցեին և հետո զարմանաք, որ ձեզ հարցազրույց չեն տալիս կամ փորձում են համակարգել աշխատանքը, որպեսզի դուք միջանցքներով չվազեք: Այդ աշխատանքը համակարգվելու է»,- եզրափակեց նա:
Մեկնաբանել