HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գեղամ Մանուկյան. «ԱԺ աշխատանքների լուսաբանումն ուղղակի խայտառակ ձևով սահմանափակվում է»

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ իր ելույթում անդրադարձավ մամուլի ազատությանը և տեղեկություն ստանալու քաղաքացու իրավունքին:

«Բոլոր տարիներին էլ Հայաստանում մամուլն այս կամ այն կերպ եղել է ճնշումների տակ, եղել են ոտնձգություններ լրատվամիջոցների առանձին լրագրողների նկատմամբ: ԱԺ շենքում եղել են բազմաթիվ խայտառակ դեպքեր, և շատ հաճախ իշխանությունը ստիպված է եղել արձագանքել դրանց: Եղել են նաև խիզախ լրագրողներ, որ ԱԺ շենքում կանոնակարգեր են խախտել և իրենց քաղաքացիական դիրքորոշումն են արտահայտել»,-ասաց Մանուկյանը` մատնանշելով ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանին և Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին (գազային պայմանագրի քվեարկության ժամանակ իրականացրած ակցիան):

«ԱԱԾ որևէ աշխատող քացով դուրս չի արել նրանց, որևէ մեկին այստեղից չեն վռնդել, ուղիղ հեռարձակումն էլ չեն ընդհատել»,-ասաց նա:

Ըստ պատգամավորի` մամուլի նկատմամբ ճնշումները սկսել են ստանալ համակարգային բնույթ, նա հիշեցրեց, որ դեռ 3-4 տարի առաջ, երբ կառավարությունը փորձեց իր նիստերի հեռարձակումը դադարեցնել, հանրային մեծ բողոքի ալիք բարձրացավ:

«Տիկին Հերիքնազ Տիգրանյանը շատ լավ կհիշի, բայց այսօր տեսնում ենք ԱԺ աշխատանքների լուսաբանումն ուղղակի խայտառակ ձևով սահմանափակվում է»,-ասաց Մանուկյանը:

Պատգամավորը բարձրաձայնեց իր մտահոգության մասին` խորհրդարանում աշխատող լրագրողը զրկված է իր հիմնական առաքելությունից` հանրությանը օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցելուց, քանի որ շենքում սահմանափակումներն այնքան շատ են, որ օբյեկտիվ իրականությունը դժվար է հանրությանը փոխանցել:

«Քաղաքացին իրավունք ունի իմանալ իր ընտրած պատգամավորների` հանրային վայրերում գործունեության մասին: Մենք տեսանք նոր, աննախադեպ երևույթ, երբ լրագրողին ամբողջ նստաշրջանում զրկում են խորհրդարանում լուսանկարելու իրավունքից: Երբ ցանկացած մեկը հեռախոսով նկարել է, բոլոր լրատվամիջոցներով, այդ թվում Հանրային հեռուստատեսությամբ ներկայացվել է ԱԺ աշխատանքը, բայց կոնկրետ մի լրագրողի զրկում են իր աշխատանքից, իսկ երեկվանն աննախադեպ էր»,-պնդեց Մանուկյանը:

Պատգամավորի խոսքով` պետական տարբեր կառույցների կողմից մամուլի դեմ աննախադեպ թիրախավորում է կատարվում, իսկ պաշտոնյաների կողմից այնպիսի հայտարարություններ են արվում, ըստ որոնց՝ լրագրողներին համեմատում են ահաբեկիչների հետ և պարբերաբար հիշեցնում Նաիրի Հունանյանի` լրագրող լինելը: Տեղից ինչ-որ մեկն ասաց, որ հիշեցնում են:

«Եթե հիշեցնում եք, հիշեցրեք, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյան ևս լրագրող է: Նաիրի Հունանյանն ահաբեկիչ էր, մեկն էլ` երկիրը վարի տվեց»,- արձագանքեց Գեղամ Մանուկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter