HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Լրագրողները` Persona non grata ԱԺ օթյակում

Ազգային ժողովի նորընտիր ղեկավարությունը, ի թիվս այլ սահմանափակումների, մտադիր է լրագրողներին դուրս հրավիրել նաև խորհրդարանական օթյակից: Օթյակը միակ վայրն է, որտեղից հնարավոր է կենդանի տարբերակով հետևել նիստի ամբողջ ընթացքին, պատգամավորների քվեարկություններին, նաև` ուրիշի փոխարեն քվեարկություններին, և այն ամենին, ինչով  նիստի ընթացքում զբաղվում են օրենսդիրները:

Նոր սահմանափակումների վերաբերյալ ԱԺ աշխատակազմից մեր հարցմանը ոչինչ չասող պատասխան ենք ստացել, ըստ որի` խորհրդարանում հավատարմագրված լրագրողների աշխատանքների համակարգման հարցը դեռ քննարկման փուլում է: Հարցման պատասխանում այդպես էլ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը չի մանրամասնել, թե լրագրողների հավատարմագրման ինչ նոր կարգ է գործելու` հայտնելով, որ ամբողջական տեղեկատվություն կտրամադրեն հավատարմագրման կարգի հաստատումից անմիջապես հետո: Սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ խորհրդարանում գործելու են լրագրողների համար առանձնացված հատուկ սենյակներ, որտեղ մոնիտորների միջոցով հնարավոր է լինելու հետևել նիստի ընթացքին:

«Հայկական երկրորդ» հեռուստաընկերության լրագրող Լիլիթ Կասյանը, որը խորհրդարանի աշխատանքները լուսաբանում է շուրջ 13 տարի, չկարողացավ մտաբերել մի դեպք, որ օթյակում լրագրողների պատճառով միջադեպ լինի, կամ անվտանգությունը նկատողություն անի վերջիններիս: Ասում է` օթյակում աշխատելը տեխնիկապես իրեն շատ է օգնում, քանի որ այն միակ վայրն է, որտեղից կարող է լուսաբանել ԱԺ նիստերը. ուղիղ հեռարձակումը շատ դեպքերում խափանվում է, իսկ օթյակում գտնվելով` իր օպերատորը կարողանում է տեսանկարահանում իրականացնել:

Նշենք, որ լուսանկարիչները և օպերատորները նիստերի դահլիճ կարող են մուտք գործել միայն նիստի սկզբի առաջին քսան րոպեն, որից հետո իրավունք չունեն դահլիճ մտնել, և օթյակն այն վայրն է, որտեղից նրանք կարողանում են նիստին զուգահեռ աշխատել:

«Օթյակից տեսնում եմ այն ամենը, ինչ կատարվում է դահլիճում` թե ով ինչով է զբաղվում, ով, ներողություն արտահայտությանս, շարիկ գլորում, իսկ ով օրենսդրական մշակմամբ զբաղվում: Եթե ԱԺ նախագահը ինչ-որ մեկին դիտողություն է անում` առանց պատգամավորի անունը տալու, եթե դու օթյակում չես,  չես կարող հասկանալ` խոսքն ում մասին է»,-ասում է լրագրողը:

Անդրադառնալով նիստերին ԱԺ-ում մոնիտորով հետևելու հարցին` Լ. Կասյանն ասաց, որ նույն տրամաբանությամբ՝ տանը կամ հեռուստաընկերությունում կարող է միացնել ուղիղ եթերը և հետևել նիստին, այդ դեպքում խորհրդարան գալն անիմաստ է:

Լրագրողը նաև մատնանշում է հնարավոր տեխնիկական խնդիրները, որոնց պատճառով հեռարձակումը կարող է դադարել, ինչպես օրինակ` հոսանք չլինելու պատճառով ինտերնետի խափանումը: Ըստ նրա` նման սահմանափակումներ են գործի դրվում, որպեսզի պատգամավորները խուսափեն անցանկալի հարցերից:

Լիլիթ Կասյանը հիշեցրեց նախորդ խորհրդարանում Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջև եղած միջադեպը, որը կարողացել է արձանագրել օթյակում լինելու շնորհիվ, կամ` Լենա Նազարյանի և Արարատ Միրզոյանի իրականացրած հրավառությունը:

Ասում է` նիստերին շատ են լինում բանավեճեր, երբ պատգամավորները խոսափողները անջատած հակադարձում են միմյանց, և եթե օթյակում չես, որևէ կերպ ֆիքսել չես կարող, իսկ մոնիտորի դեպքում կցուցադրեն այն, ինչ ցանկանում են:

«Կամ առաջարկվում է ԱԺ այգում սրճարանի ձևաչափով հարցազրույց իրականացնել, ես ուզում եմ հասկանալ՝ ինչպես կարելի է 45 աստիճան շոգին կամ տեղատարափ անձրևին ու ձյանը պատգամավոր գտնել ու հրավիրել հարցազրույցի: Նույն տրամաբանությամբ կարող եմ զանգել այդ  պատգամավորին ու դրսում հարցազրույց պայմանավորվել»,-ասում է նա:

Ըստ Լիլիթ Կասյանի` ողջամիտ չեն իշխանության այն փաստարկները, որ կառավարությունում նույնպես նիստին մոնիտորից են հետևում, հիշեցնում է, որ այդ նիստերը շաբաթական մեկ օր են, այն էլ` մեկ-եկու ժամով, իսկ ԱԺ նիստերը՝ ամսական մի քանի շաբաթ, և երբեմն կարող են տևել մինչև ուշ երեկո: Այդ նիստերից հետո արված հարցազրուցներն արդեն կարող են ժամանակավրեպ դառնալ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների նախկին տնօրեն Գեղամ Մանուկյանն աննախադեպ, բայց միևնույն ժամանակ տրամաբանական է որակում այս սահմանափակումները` պնդելով, որ այն գործող իշխանությունների գործունեության տրամաբանական շարունակությունն է:

«Սահմանափակումները սկսվեցին ԱԺ դարպասներից և աստիճանաբար հասել են լրագրողներին ու պատգամավորներին: Մարդկայնորեն վատ ես զգում, երբ, ստորագրելով գաղտնի տեղեկություններ տիրապետելու փաստաթուղթ, ԱԺ նիստերի դահլիճի մոտ նորից խուզարկում են քեզ, ապա՝ թույլ տալիս՝ մտնես ներս: Այս իշխանության գործունեության շրջանակում տրամաբանական են նման սահմանափակումները, երբ կառավարությունում քննարկվում է մեկ անձից գնումները, գործուղումներն ամբողջությամբ գաղտնիության քողով պատելու հարցերը»,-ասում է Մանուկյանը:

Ըստ մեր զրուցակցի` իշխանությունները վախենում են հանրայնացումից, նաև` իրենց շատ պատգամավորների խոսքերը հանրայնացնելուց:

«Այլ հարց է, որ նախկինում իշխանություններն ունեին դիրքորոշում իրենց նկատմամբ դրական կամ, այսպես կոչված, չեզոք տրամադրված ԶԼՄ-ներին հարցազրույցներ, ասուլիսներ տալու, սակայն նման օրենսդրական սահմանափակումներն անթույլատրելի են: Ինձ համար մի ուրիշ ցավալի երևույթ կա` քաղհասարակությունը, երեք տարի առաջ հիշում եմ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու ժամանակ ինչ ահռելի հանրային բողոք բարձրացրեց, իսկ այժմ, առանձին լրագրողական կազմակերպություններից բացի, այլևս նման զայրույթ չկա»,-ասում է Մանուկյանը:

Պատգամավորը հիշեցնում է` այդ ակտիվիստներից, լրագրողներից շատերն այսօր իշխող ուժի պատգամավորների շարքերում են, և այս հարցով որևէ «ծպտուն չկա» նրանց կողմից:

Գեղամ Մանուկյանը լուծում չի համարում մոնիտորով ԱԺ նիստին հետևելը, օրինակ է բերում Թուրքիայի խորհրդարանի միջադեպերը, որտեղ շատ հազվադեպ են տեսանյութեր լինում, քանի որ հեռարձակումը դադարեցվում է: Չի բացառում, որ միջադեպեր լինելու պարագայում ԱԺ ղեկավարությունը ընդհատի հեռարձակումը` որպես պատճառաբանություն ներկայացնելով տեխնիկական խնդիրները:

Նրա համոզմամբ` պիտի հասարակությանը հնարավորություն տրվի ամբողջությամբ հետևել խորհրդարանական անցուդարձին, այդ թվում` միջանցքներին, որտեղ միջադեպերի, երբեմն նույնիսկ ծեծկռտուքների պակաս չի եղել:

«Եթե չլինեին նախկին ազատությունները, տեղյակ չէինք լինի, օրինակ, Հակոբ Սիմիդյանի և խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանի բախումից, որը հետագայում քաղաքական շարունակություն ունեցավ, և բազմաթիվ նման դեպքերը»,-ասում է նա:

Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ մինչև իշխանությունն իր պողպատյա մանդատը չմաշի, շարունակելու է նման գործողություններ իրականացնել, ինչն, ըստ նրա, իշխանությունների պահվածքից ակնհայտ է: 

Նախկին լրագրող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, որը լրագրող աշխատած տարիներին լուսաբանել է խորհրդարանի աշխատանքները, համաձայնում է` նախկինում նման սահմանափակումներ չեն եղել, բայց ընդգծում` դրանց կարիքը կա:

«Խորհրդարանը պետական ինստիտուտ է, և այնտեղ աշխատող ցանկացած անձ պետք է որոշակի կանոնների հետևի, և դա պատշաճ ապահովվի: Կարծում եմ` մինչ այս պահը չկանոնակարգված աշխատանքային պայմաններ ենք ունեցել, և ըստ իս, փոփոխությունները սահմանափակումներ չեն, այլ` աշխատանքները համակարգված կազմակերպելուն ուղղված քայլեր»,-ասում է Խանդանյանը:

Քաղաքական մեծամասնության ներկայացուցչի վստահեցմամբ` ԱԺ աշխատակազմի կողմից կստեղծվեն պայմաններ, որտեղ լրագրողները կկարողանան կազմակերպել իրենց աշխատանքերը: Մեր դիտարկմանը, թե լրագրող աշխատելու պարագայում ինչպես կզգար իրեն նման աննախադեպ՝ անվտանգության աշխատակիցներով շրջապատված խորհրդարանում, որտեղ լրագրողի յուրաքանչյուր քայլը վերահսկվում է, Խանդանյանն արձագանքեց. «ԱԺ-ն հատուկ պահպանվող տարածք է, և այստեղ պետք է անվտանգության համապատասխան նորմեր գործեն: Մենք հիշում ենք, թե մի քանի ամիս առաջ ինչպես է այս ինստիտուտը հարձակման ենթարկվել»:

Ըստ նրա` Հայաստանի խորհրդարանն այն բացառիկներից է, որտեղ լրագրողների աշխատանքը կանոնակարգված չէ: Ասում է` շատ երկրների խորհրդարաններ է այցելել, և աննախադեպ է միջանցքներում լրագրողների հանդիպելը կամ այն երևույթը, երբ լրագրողները հայտնվում են պատգամավորների աշխատասենյակներում:

Իշխանական շատ պատգամավորներ պնդում են, որ որոշ  լրագրողներ ներխուժում են իրենց աշխատասենյակներ: Սարգիս Խանդանյանը ևս նման միաջդեպեր հիշատակեց:

«Եղել են դեպքեր, երբ որոշ լրագրողներ, իրականում ես հաճախ խուսափում եմ իրենց անվանել լրագրող, կան լրագրողական գործունեություն ծավալող քաղաքացիներ, որոնք ահաբեկիչների վարք են ցուցաբերում, ներժուխում են աշխասենյակ և միացված տեսախցիկով պարտադրում հարցազրույց տալ: Ինչը տհաճ իրավիճակ է առաջացնում, որովհետև ցանկություն չկա խոչընդոտել մարդկանց աշխատանքը, բայց քո աշխատանքային տարածքում դու ինքդ ես որոշում` հարցազրույց տալ, թե ոչ: Ասածս փաստող շատ տեսանյութեր կան»,-ասում է Սարգիս Խանդանյանը:

2013 թվականի դեկտեմբերին, երբ խորհրդարանը քվեարկում «գազային պայմանագիր» անունը ստացած փաստաթղթի օգտին` իրավասություն տալով կառավարությանը վաճառել «ՀայՌուսգազարդի»` Հայաստանի վերջին 10% բաժնեմասը, մի քանի լրագրողներ ակցիա իրականացրեցին ԱԺ նիստերի դահլիճում: Այդ լրագրողների շարքում էր նաև Սարգիս Խանդանյանը: Հետաքրքրվեցինք` նախկին իշխանությունները որևէ պատժաչափ կիրառել են արդյոք իր նկատմամբ նիստերի դահլիճում ոչ լրագրողական գործունեության համար, պատգամավորը բացասական պատասխան տվեց:

«Որևէ հետևանք չունեցավ այդ միջադեպը, բայց այդ որոշումը կայացնելու և գործընթաց սկսելու սուբյեկտը ես չեմ, չգիտեմ՝ ինչու տեղի չի ունեցել... Սակայն այդ մեկ մասնավոր դեպքով չի կարելի հետևություններ անել նախորդ իշխանությունների  և իշխող ուժի վերաբերմունքի մասին առ մամուլ: Մենք  տեսել ենք` ինչպես են վարվում լրագրողների հետ նախկին իշխանությոնները»,-ասաց նա:

Պատգամավորը վստահեցրեց` այս իշխանությունը ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ընդգծված դրական վերաբերմունք ունի, և 2018-ի իշխանափոխությունից հետո չի եղել որևէ դեպք, երբ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter