
Սասուն Միքայելյանն ապտակեց Էդմոն Մարուքյանին. ծեծկռտուք խորհրդարանում
Խորհրդարանում Կառավարության 2019 թվականի գործունեության հաշվետվության քննարկմանը վիճաբանություն ու ծեծկռտուք սկսվեց: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթն ընդհատեց Սասուն Միքայելյանը` չհամաձայնելով վերջինիս մտքերին: Մարուքյանն իր ելույթում անդրադառնում էր Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ելույթին:
«Ասում ենք մեզ զանգում են էս-էս հարցերով, գալիս եք մեծախոս ձևով ամբարտավանութամբ ասում` սուտ են խոսում: Եթերով ձեր համարն ասում եք, հետո 120 զանգ ստանում, ասում` «Լուսավորն» է համարս տվել»,- ասաց Մարուքյանը:
Մարուքյանի ելույթի ժամանակ տեղից գոռգոռում էր Սասուն Միքայելյանը` հավանաբար Մարուքյանին «հոպար» անվանելով:
«Պարոն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար»,- արձագանքեց Մարուքյանը: Միքայելյանը սպառնաց «ցխել» վերջինիս:
«Ինչը կցխես է»,- ասաց Մարուքյանը` առաջ գնալով դեպի Միքայելյանը, ինչից հետո հաջորդեց Սասուն Միքայելյանի ապտակը:
Խորհրդարանում սկսվեց ծեծկռտուք, պատգամավորները փորձում էին հանդարտեցնել վիճաբանողներին, սակայն չէր ստացվում, չէր օգնում նաև ԱԺ նախագահի` այդ ամենը դադարեցնելու կոչերը:
Իրավիճակի փոքր-ինչ հանդարտվելուց հետո Էդմոն Մարուքյանը մոտեցավ ամբիոնին.
«Ինձ ինչքան էլ խփեք ես խոսելու եմ, էն ո՞վ եկավ թաքուն մեջքիս խփեց»,- ասաց նա: Սասուն Միքայելյանը կրկին գոռգոռում էր:
«Իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիքա էլ շմայսություն անես, չի լինելու էդ մշակույթը, հեղափոխությունը եղել է նաև էդ մշակույթի դեմ, մեջքիս խփում եք, արա»,- ասաց նա:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նիստն ընդհատվում է, սակայն վիճաբանությունը դեռ շարունակվում էր: Տեսակապն անջատվել էր, սակայն ձայները դեռ լսելի էին: Արարատ Միրզոյանը հրահանգեց, որ անվտանգության աշխատակցիները ներս մտնեն ու հարթեն իրավիճակը:
Նիստը հետաձգվեց մինչ 14:00-ն:
Տեղեկացնենք, որ նիստին ներկա էին նաև Կառավարության անդամները, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` ԱԺ պատգամավորը պարտավոր է ԱԺ շենքում պահպանել էթիկայի կանոնները, չընդհատել ելույթ ունեցող պատգամավորին, տեղից չգոռգոռալ, չվիրավորել ու սպառնալիքներ հնչեցնել: Նման խախտումների դեպքում ԱԺ նախագահը կարող է կարգապահական միջոցներ կիրառել նման պատգամավորի նկատմամբ:
Հիշեցնենք, երբ այս տարվա հունվարին խորհրդարանում քննարկվում էր Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանն իր ելույթում ասել էր, թե գողական բառի հետ էլի 3 տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի դրա դեմ ևս պայքարել: Այս խոսքերից հետո քաշքշուկ էր սկսվել խորհրդարանում: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քաշքշուկին մասնակցած ԲՀԿ-ական չորս պատգամավորի նկատմամբ կարգապահական միջոց կիրառեց` վերջիններիս մինչև օրվա ավարտ հեռացնելով նիստերի դահլիճից:
Մեկնաբանել