HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կառավարությունն առաջարկում է հանքարդյունաբերողների վճարած ռոյալթիներից հատկացնել ազդակիր համայնքներին

Հայաստանի կառավարությունն առաջարկում է հանքարդյունաբերողների կողմից վճարվող ռոյալթիի մի մասը պետական բյուջեից փոխանցել ազդակիր համայնքներին: Նպատակը՝ նպաստել այդ համայնքներում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրագործմանըԱյսօր էլ հանքարդյունաբերողները տարբեր սոցիալ-տնտեսական ծրագրեր են իրականացնում հանքերին մոտ համայնքներում, սակայն դա կրում է միայն կամավոր բնույթ: Կառավարությունը ցանկանում է դրան օրենսդրական տեսք տալ:

Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 12-ի նիստին, այդ մասին նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Ռոյալթին բնօգտագործման վճարի տեսակ է, որը վճարվում է պետական բյուջե՝ հիմնականում մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով: Ռոյալթիի բազա է համարվում հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված խտանյութի, խտանյութի փոխարեն կամ առանց խտանյութի ստացման ձուլվածքի կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի իրացման շրջանառությունը: Բազայից էլ կախված է ռոյալթիի դրույքաչափը. հաշվարկվում է «Հարկային օրենսգրքով» ամրագրված բանաձևով:

Նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր ռոյալթի վճարող հանքարդյունահանող ընկերության կողմից հաշվետու տարում պետական բյուջե վճարված ռոյալթիի 2%-ը կազմող գումարից մասհանումներ կատարել համայնքային բյուջեների համար: Այդ գումարը կբաշխվի տվյալ հանքարդյունահանող ընկերության հանքի ազդակիր համայնքի ու ռոյալթի վճարող այլ հանքարդյունահանող ընկերությունների կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքների միջև` 50/50 հարաբերակցությամբ։ Այսինքն՝ 50%-ը կտրամադրվի տվյալ ռոյալթի վճարողի կողմից շահագործվող հանքի կամ հանքերի ազդակիր համայնքներին, իսկ մնացած 50%-ը ընդհանուր վերցրած՝ հանրապետությունում ռոյալթի վճարողների կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքներին: 

«Գումարները պետք է ուղղվեն տնտեսական ծրագրերին: Նման փորձ առկա է բազմաթիվ երկրներում: Հատկապես վերցրել ենք փորձը Սերբիայում, Բուլղարիայում, Ալբանիայում, Ուկրաինայում, Ղրղզստանում: Նախագիծը քննարկվել է քաղաքացիական հասարակության և տարբեր կազմակերպությունների կողմից, արժանացել է հավանության»,- հայտարարեց Գնել Սանոսյանը:

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ նկատեց, որ այս նախագծի ընդունմամբ համայնքների ապակենտրոնացման ուղղությամբ ևս մեկ գործնական քայլ է կատարվելու:

Նախագծի հեղինակները ներկայացրած գրավոր հիմնավորման մեջ մեջբերել են 2016-2017 թվականների տվյալները, ըստ որոնց՝ ռոյալթիների գծով բյուջե է հոսել շուրջ 794 մլն դրամ գումար:

Միևնույն ժամանակ, շեշտվում է, որ թեև ընդերքօգտագործողներ տվյալ համայնքների սոցիալ-տնտեսական ծրագրերի զարգացման մեջ ներառված են, սակայն դա օրենսդրական պահանջ չէ և կրում է միայն կամավոր բնույթ։ «Այդ բարեգործական ծրագրերը շատ հաճախ կրում են խառը և ոչ կանոնակարգված բնույթ։ Օրինակ, ամենամեծ ֆինանսական ռեսուրսներով բարեգործական ներդրումներ կատարած ընդերքօգտագործողները՝ «Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, ներդրումներ են կատարել այնպիսի ծրագրերում, որոնք այդքան էլ արդյունավետորեն կանոնակարգված ձևով չեն նպաստում համայնքի ամբողջական տնտեսական և սոցիալական զարգացմանը»,- նշված է նախագծում:

Միաժամանակ, նախագծով առաջարկվում է համայնքին հնարավորություն տալ բաշխված համայնքային ռոյալթին ուղղել լրացուցիչ բնապահպանական ծախսերին և այլ կապիտալ ծախսերին, ինչպես նաև սահմանել համայնքներին բաշխված համայնքային ռոյալթիի ծախսերի մասով հաշվետվության լրացուցիչ առանձին հրապարակում՝ ապահովելու համար բաշխված ռոյալթիների օգտագործման թափանցիկությունը։

Ըստ «Հարկային օրենսգրքի» Հայաստանում ռոյալթի վճարողներ են համարվում՝

1) Մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող և մետաղի խտանյութ կամ ձուլվածք կամ հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող կազմակերպությունները.

2) Մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող և այդ հանքավայրերից արդյունահանված մետաղական օգտակար հանածոներից առանց խտանյութի ստացման ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող կազմակերպությունները.

3) Ընդերքօգտագործման թափոններից և (կամ) հանքաքարից մետաղի խտանյութ և (կամ) ձուլվածք կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող կազմակերպությունները՝ անկախ մետաղական օգտակար հանածոյի հանքավայր շահագործող հանդիսանալուց։

Այլ խոսքով՝ ափոփոխությունները վերաբերելու են նշված տնտեսվարող սուբյեկտներին: 

Առաջարկվող փոփոխություններն ընդունվեցին այսօրվա նիստին: Կառավարությունը  հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ 

Այս նախագիծը դեռևս պետք է ներկայացվի Ազգային ժողովի դատին: 

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ կառավարությունն ու Ազգային ժողովը հանքարդյունաբերությանը վերաբերող ևս մեկ օրենսդրական փոփոխություն կատարեցին: Ընդունվեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է արտահանման լիցենզիոն տուրք սահմանել պղնձի և մոլիբդենի խտանյութերի ապրանքային դասակարգիչների նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter