HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ճանապարհում ես ու մտքիդ մեջ ասում՝ զոհվել չկա, տղերք, եւ աղոթում, որ բոլորը հետ գան»

Սեպտեմբերի 27-ի առավոտյան բժիշկ Գայանե Սահակովան հիվանդանոցում շրջայցից առաջ իմացել էր Արցախում սկսված պատերազմի մասին: Արագ նստել էր տաքսի, ճանապարհին զանգահարել գործընկերուհուն՝ խնդրել փոխարինել իրեն, իսկ ինքը գնացել էր Երեւանի կենտրոն՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղ հավաքվել էին ռազմաճակատ մեկնել պատրաստվող կամավորականները: Գայանե Սահակովան անդամակցում է Դաշնակցության «Կամավորական շարժում» ՀԿ-ին:

Երեւանյան այգիներից մեկում հանդիպում ենք Գայանե Սահակովային: Ժպիտի, արտաքուստ կենսուրախության քողի տակ շերտ-շերտ թաքնված են 44-օրյա պատերազմի ողբերգությունը տեսած մարդու հիշողությունները: Եվ հաճախ որոշ դրվագներ պատմելիս նրա ձայնը նկատելիորեն դողում է, հոգոց է հանում, սրբում աչքերը, երբեմն նայում հեռու կետերի: Պատերազմն ակոսել է նրա կյանքը՝ թողնելով այլեւս չջնջվող հետքեր:

Երբ նստում ենք նստարանին, ձայնագրիչը միացնելուց քիչ անց երիտասարդ բժշկուհու հայացքը միանգամից փոխվում է՝ տխրության ամպեր են կուտակվում: Ասում է՝ զգացողությունը բառերով չես արտահայտի: «Թվում է, թե լաց եղար, արցունքները, ձայնիդ դողը, ընտրված բառերը մոտավորապես կփոխանցեն էն ապրումը, ինչ ունեցել ես էնտեղ: Իսկ իրականում դա միայն քոնն է, ու երբ խոսում ես դրա մասին, գուցե քեզ ապրումակցում են, բայց չեն հասկանում: Ամեն մեկը պատկերացնում է իր երեւակայության հնարավորության սահմաններում, սակայն չեն հասկանում: Եվ մեղադրելու չէ: Դա պետք է ապրել, այնտեղ պետք է լինել»,- ասում է բժշկուհին, քիչ անց շարունակում, որ երբ անընդհատ պատմում ես, հույզերդ դարձյալ վերադառնում են:

-Առօրյա կյանքում բոլորս ձգտում ենք նույնիսկ ցույց չտալ, որ եղել ենք էնտեղ, տեսել ենք դա: Դա մեր պարտքն է, եւ մեր հուզական աշխարհը մերն է։ Ու ամեն ինչ անում ես օրվա ընթացքում, որ այնքան զբաղված լինես, որ անգամ ժամանակ չունենաս վերհիշել,- նշում է Գայանեն:

-Բայց գիշերը զարթուցիչի պես արթնացնում է այդ հիշողությունները,- արձագանքում եմ ես:

-Հա, գիշերը զարթուցիչի պես արթնացնում է… Կարող ես ինքնաթիռի ձայն լսել, ու էդ նույն ապրումն ունենաս, ինչ էնտեղ ես ունեցել: Կարող է փողոցում մի վիրավորի տեսնես քայլելիս ու մտածես, որ 44-օրյա պատերազմից է, որ ինքն, ամենայն հավանականությամբ, այն զինվորներից մեկն է, որին տեսել ես կամ գուցե չես տեսել,- ասում է բժշկուհին:

Փոքր դադարից հետո շարունակում է, որ ինչքան էլ վիրահատություններ արած լինեն, բժշկական օգնություն ցուցաբերած լինեն, շատ մասնագետներ մեկ է՝ այն զգացողությունն ունեն, որ ավելին կարելի էր անել:

Ռազմաճակատ մեկնելու առաջին օրվա հիշողությունները թերեւս միակ դրականն են, որի մասին խոսում է: Ասում է՝ այնպիսի ոգեւորություն ու պատրաստակամություն կար տղաների աչքերում: Նրանցից շատերն ամբողջ կյանքում, կարծես, սպասում էին հենց այդ պատերազմին՝ հանուն հայրենիքի։ Տղաներ էլ կային, որ դրսից էին եկել եւ նույնիսկ չէին հասցրել տնեցիներին տեղեկացնել պատերազմ գնալու մասին։

Գայանեն ասում է՝ երբ վերջնականապես իմացել էր, որ «Կամավորական շարժում» ՀԿ-ի գումարտակի հետ է գնալու, զանգահարել էր տուն՝ հայտնելով, որ Արցախ է մեկնում գումարտակի հետ, ապա խնդրել տաք հագուստ բերել իր համար։ Մայրն ասել էր, թե գոնե թող հարցներ մինչեւ գնալու որոշում կայացնելը, իսկ Գայանեն պատասխանել էր, թե միեւնույնն է՝ գնալու էր։ Մայրը համաձայնել էր։ Բժշկուհին ասում է՝ ծնողները գիտեին, որ պատերազմի դեպքում ինքը կամավորագրվելու էր, եւ մեծ հաշվով անակնկալի չեկան այդ լուրից։ Հայրը նույնպես ցանկացել էր կամավորագրվել, բայց տարիքի պատճառով նրան չէին տարել։ Գայանեն ասում է, որ գնալու օրն այդքան չէր հուզվել, միայն հորը գրկելուց էր եղել հուզմունքը, ինչը ծնողները չէին նկատել: Նշում է, որ հուզմունքը մի պահ էր, եւ այդ օրն ինքն իրեն խոստացել էր, որ այլեւս չի լացելու: Լացը, ըստ նրա, թուլացնում է նման իրավիճակներում:

Ամսի 27-ին Ստեփանակերտ էին գնացել: Ասում է՝ նախկին մարդաշատ ու մաքուր քաղաքից ոչինչ չկար: Ստեփանակերտն անմարդաբնակ քաղաքի տպավորություն էր թողել, եւ մտնողները հասկանում էին, որ այնտեղ պատերազմ է: Նույն օրն էլ «Ուրալ» բեռնատարներով ճանապարհ էին ընկել դեպի Մատաղիս: Մինչեւ տեղ հասնելը բժիշկ Նորիկը Գայանեին ասել էր, որ հոգեպես եւ դեղորայքով պետք է պատրաստ լինի, քանի որ գուցե հենց այդ պահին խփեն դիմացով անցնող մեքենային:

«Ես պատկերացնելով եմ գնացել, իմացել եմ՝ ուր եմ գնում, բայց էդ պահին, երբ բժիշկ Նորիկը դա ասաց, սթափվելու ուրիշ մակարդակի մեջ էի, ասում էի՝ բայց ինչի՞ իրենցը, կարող է հենց մեր մեքենային խփեն: Իմ պարագայում դժվարը նա էր, որ մեր տղաներն էին բոլորը, բայց երբ քո ընկերներն են, որոնց հետ ճանապարհ ես անցել, հաց ես կիսել, որոնց երազանքներին ծանոթ ես, ուրիշ է, նրանք շատ կարճ ժամանակում դարձան եղբայրներ, նրանցից շատերն ինձ «իմ աղջիկ» էին ասում: Եվ հասկանում ես, որ ամենամոտիկին կարող է բաժին հասնել մի բեկոր, որից չես կարող փրկել»,- սա ասելուց Գայանեի ձայնը խզվում է, ապա լռում է: Ծանր հիշողությունները կապարի պես հալվել, լցվել են ժամանակի մեջ ու կարծրացրել ներկան:

Սեպտեմբերի 28-ի առավոտյան Գայանեենց գումարտակն արդեն Մատաղիսում էր: Տեղի զորամասը ռմբակոծված էր, պատուհանները՝ փշրված, ցիրուցան եղած իրերով: Բարձրացել էին զորամաս ու նայել տղաների դարակները՝ մտածելով, թե հանկարծ անձնական իրեր, փաստաթղթեր թողած չլինեն: «Մաքսիմալ կոկիկ իրեր էին դասավորված՝ հիգենիայի պարագաները, կարելու թելուասեղները: Ու էդ տղաները 18-19 տարեկան էին: Մտածում էի՝ արդյոք դուք կգա՞ք ձեր իրերի հետեւից, թե՞ ձեր իրերը կհասնեն ձեր ծնողներին»,- Գայանեի ձայնը նվաղում է, հուզմունքը, կարծես, խեղդող լինի:

Կարճ ժամանակ անց տեղափոխվել էին Մատաղիսի ջրամբարի մոտ, որի ուղղությամբ անհաշիվ արկեր էին ընկնում:

«Զորամասում ճաշարան կար, որտեղ ուտելուց հետո լվանում էինք ափսեները՝ կոկիկ տեղը դնելով: Մեծ կաթսաներով էինք լվանում: Ջրամբարի ջուրը բանի պետք չէր, եւ մեր տղաներից մեկը ցիստնեռներից գտավ: Իրեն տերմինատոր Գագո եմ ասում, ինքը մեծ ուժի տեր մեր Գագիկն է, մի երկար ռետինե խողովակ գտավ ու ջուր ապահովեց: Հիմա ես եմ, Գագիկը, Հովիկն ու ընկեր Մուշեղյանը, ափսեներ ենք լվանում, մի 100 մետր այն կողմ խփում են, ռմբակոծում: Հովիկն ասում է՝ ես չեմ ուզում աման լվանալուց մեռնել, հետո չասեն, թե զոհվել ա աման լվանալուց, եկել եմ մի բան անեմ էս երկրի համար: Հումորն անընդհատ էր»,- հիշում է զրուցակիցս:

Առհասարակ հումորն անընդհատ էր ռազմի դաշտում, եւ դա, ըստ Գայանեի, կարծես, ինքնապաշտպանական ռեակցիա էր:

«Ինձ համար մի այլ բան էր տղաներին ճանապարհելը: Տղերք, զոհվել չկա կռվի ժամին. անընդհատ մտքումդ է: Ճանապարհում ես ու անընդհատ մտքիդ մեջ ասում՝ զոհվել չկա, տղերք, եւ աղոթում ես, որ բոլորը հետ գան…»,- Գայանեի ձայնը խզվում է:

Հոկտեմբերի 1-ին նա առաջին բուժօգնությունն է ցույց տվել Մատաղիսի զինվորներից մեկին, որը բազմաբեկորային վիրավորում էր ստացել մեջքի շրջանում, ոտնաթաթն էր վնասվել: Բժշկուհին հիշում է, որ զորամասի հատակին չորացած արյուն էին տեսել, բայց հնարավոր չէր մաքրել, ջուր չունեին: Դեղորայքի արկղն ուղղակի դրել էին վրան: Զորամասի սենյակներից մեկն էլ պատրաստել էին բուժօգնության համար:

Հոկտեմբերի 2-ին Մատաղիսից ստիպված էին դուրս գալ: Կամավորական գումարտակից արդեն մեկ զոհ եւ 8 վիրավոր ունեին: Գայանեն մի քանի վիրավորների բարձացրել էր Մատաղիսի դաշտային հոսպիտալ ու տեսել, որ վրաններն սկսել էին հավաքել: Հասկացել էր, որ ինչ-որ բան այն չէ: Վերադարձին տեսել էր, որ գումարտակի տղաները շարված են, բժիշկ Նորիկն ասել էր, որ պատրաստվելու են նահանջի, Գայանեն պատասխանել էր, թե ինչ նահանջ, մի քանի վիրավոր ունեն: «Չէի հավատում դրան: Ասում էին՝ Գայ ջան, մի նեղվի, տակտիկական նահանջ է, որ հետո իրենց շրջափակման մեջ գցենք: Այդ օրը մենք էինք, մի անկազմակերպ խումբ մոբից ու սպեցնազի տղաները: Վերջիններս առանց մեզ զգուշացնելու, արդեն իջել էին՝ այլ հանձնարարությամբ գնացել էին: Մոբի տղաները մեր տղաներին զուգահեռ պիտի աշխատեին, բայց երբ տեսել էին, որ մեր տղաները վիրավորվում են, ուղղակի իջել էին՝ զենքերը թողնելով: Եվ փաստացի ստացվեց, որ մեր տղաները թշնամուն ուղղակի դեմ-դիմաց էին մնացել»,- նշում է կամավորագրված բժշկուհին:

Իրերն արագ հավաքելու եւ տարածքից դուրս գալու համար 15 րոպե ունեին: Նահանջը խիտի ապահովեին «պիկապ» մեքենաներով: Գայանեն ասում է, թե չգիտես՝ զենքդ տեղափոխե՞ս, թե՞ զինվորիդ: Մեքենաների վրա տեղ չկար՝ սնունդ, զինամթերք, դեղորայք էին դրել: «Որոշել էի ձախ գրպանս լրիվ դեղորայք լցնել, աջս՝ փամփուշտ։ Չեք պատկերացնում, թե դա ինչ է՝ զրահաբաճկոնդ, զենքդ, իրերդ, փամփուշտներդ՝ այդ ամենն իրար հետ ավելի քան 25 կիլոգրամ է,- նկատում է նա,- մինչեւ փամփուշտները լցնեի, ուշացանք մի քիչ ու դրա հաշվին մի 300-400 մետր առաջ արկ գցեցին: Եթե ուշացած չլինեինք, գուցե այդ արկը մերը լիներ»։

Մատաղիսից տեղափոխվել էին Մաղավուզ, որի դպրոցում պատսպարվել էին: Մարդաշատ էր դպրոցը, եւ դա թշնամու աչքից չէր վրիպել: Սկսել էին արկակոծել, ինչի հետեւանքով վիրավորներ ունեցան: Փշրված ապակիները լցվել էին մոբի տղաների վրա: Բժիշկ էին կանչել: Մութ էր, չէին էլ կարող լույս միացնել: Գայանեն լապտերի լույսով առաջին բուժօգնությունն էր ցուցաբերել: Վիրավորումները տարբեր աստիճանների էին՝ մեկի երակն էր բացվել, մյուսի աչքերն էին լցվել ապակու կտորները, մեկը թեւից էր վիրավորվել:

Կամավորական գումարտակի համար ամենածանր հատվածներից մեկը հոկտեմբերի 6-7-ն էր: Լյուլասազում 26 զոհ ունեցան: Մենք լռում ենք այս մասին խոսելուց: Գայանեն ասում է՝ երբ պատերազմ ես գնում, գիտես, որ զոհեր ես ունենալու, բայց չգիտես, թե ով է լինելու: «Դա այնքան մեջք կոտրող է, չես պատկերացնում, որ տեսնելու ես հեկեկացող տղամարդկանց»,- նշում է նա:

Մաղավուզից հետո գնացել են Մեծ Շեն, որտեղ էլ Գայանեն մնացել է մինչեւ նոյեմբերի 24-ը: Եռակողմ հայտարարության օրը՝ նոյեմբերի 9-ը, բժշկուհու համար ամենածանր օրերից էր: Գայանեն բուժօգնություն էր ցույց տալիս վիրավորներին: Երբ տղաներից մեկը խառնված ներս էր մտել՝ ասելով, որ պատերազմը վերջացել է, կապիտուլյացիա է ստորագրվել, հողերը հանձնվել են, լսածին չի հավատացել:

«Մեծ Շենում մի տեղ վայ-ֆայ էր բռնում, գնացի հեռախոսս բացեցի ու տեսա՝ կապիտուլյացիա է ստորագրել: Եռման ջուրը լցնեին վրաս՝ ավելի լավ էր: Գիշերվա երկուսն էր: Նայում եմ շուրջս, մի մեծ մարդ, գլուխը ձեռքերի մեջ առած, ուսերով ցնցվում է: Ու հասկանում ես, որ էս մարդիկ հոգեպես սպանվեցին,- ասում է Գայանեն՝ շեշտելով, որ հայտարարության օրն ավելի վատն էր, քան տղաների զոհվելու օրը,- իրենց զոհվելն իմաստազրկվեց, էն հանունը, որի համար զոհվեցին, էդ օրը մյուսներն ասեցին՝ տղերք, երնեկ ձեզ»:

Մինչեւ նոյեմբերի 24-ը Գայանեն Մեծ Շենում է եղել: Նոր խրամատների, դիրքերի փոփոխության էին անում տղաները, բացի դրանից՝ դիակների փոխանակման հարց կար, չէր բացառվում նաեւ թշնամու նոր հարձակումը:

Նոյեմբերի 24-ը Գայանեի համար հերթական ծանր օրն էր. Քարվաճառով ճանապարհն անցնում էր այրված տների միջով, եւ այն գիտակցությունը կար, որ այդտեղով էլ չեն անցնելու:

«Ես վերք վիրակապելուց շատ լավ եմ, բայց կան վերքեր, որոնք չես վիրակապի, իրենք արնահոսելու են էնքան ժամանակ, մինչեւ որ… Սա պարեւտություն չէ, սա դավաճանություն է: Սա չես կարող պարտություն անվանել, տղերքը չեն պարտվել, իրենք հնարավորություն չեն ունեցել պարտվելու: Իրենց պարտադրել են պարտություն,- ասում է Գայանեն:- Մենք Եռաբլուր չենք կարողանում գնալ, որովհետեւ անտանելի մեղքի զգացողություն ունենք: Գիտեմ, որ տղերքից շատերն էլ չեն կարողանում, որովհետեւ անտանելի մեղքի զգացողություն ունես, որ իրենց կյանքը ապրում ես դու»:

Ասում է՝ երբեք չի կարող հաշտվել այն մտքի հետ, որ Շուշին մերը չէ, որ այն հողը, որի վրա տղաների արյունն է, թուրքը պղծելու է: Մեջբերում է ընկերներից մեկի խոսքը, որ իրենք ողջ են մնացել, որովհետեւ մեր կռիվը դեռ առջեւում է: «Հասկանում ես, որ փոշիացել է էդ տղերքի արածը, ու հասկանում ես, որ պարտավոր ես չհարմարվել: Հասկանում ես, որ պիտի լինես ամենօրյա պայքարի մեջ, պիտի հավատաս, որ դու գնալու ես Շուշի, Մատաղիս, Քարվաճառ: Եթե ճիշտն ասեմ, եթե որեւէ օր դադարեմ հավատալ դրան, ապա իմ գոյությունը կատարյալ անիմաստություն կլինի»,- ասում է կամավորագրված բժշկուհին:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի, Գ. Սահակովայի անձնական արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter