HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Երևանի «Աբուհայաթ» ջրանցքի մի մասն այլևս պատմական չէ․ տեղում բարձրահարկ շենք կկառուցվի

Երևան քաղաքում նոր բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար պատմամշակութային արժեք համարվող «Աբուհայաթ» ջրանցքը կառավարության որոշմամբ հանվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ որոշումն ընդունվել է 2021 թ.-ի հուլիսի 26-ին: Այդ որոշումը միակն է, որ հուլիսի 26-ին ընդունել է գործադիրը (գրավոր ընթացակարգով)։ 

«Աբուհայաթ» ջրանցքի մի մասն անցնում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով։ Այն սկիզբ է առնում Քանաքեռի հիդրոէլեկտրակայանից՝ Հրազդան գետի ձախ ափից։ Մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում կառուցված ջրանցքը մի քանի անգամ վերակառուցվել է։ 1887 թ., 1923թ․, 1940-1950 թթ.-ին ջրանցքը վերակառուցվել է, որպեսզի ջուր հասցվի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Վարդավառի լիճ։ Ջրանցքի վերաբերյալ տվյալներ կան Գ․ Մուշեղյանի՝ «Ջրամատակարարման հարցերը Էրեբունիում և Թեյշեբանիում» աշխատությունում։ 

Ջրանցքի մի հատվածն անցնում է Ազատության պողոտայի և Պարույր Սևակ փողոցի հատման մասով, որտեղ գտնվում է Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը։ 

Տարիներ առաջ ինստիտուտի տարածքում գտնված ջրավազանն օտարվել է, մի շարք սեփականատերեր փոխել, որից հետո տարածքի վերջին ձեռքբերողը՝ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն, որոշել է ջրավազանի տեղում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել։ Օրերս կառուցապատմանը դեմ արտահայտվող գիտաշխատողները կառավարության դիմաց բողոքի ակցի էին անցկացրել։

«Աբուհայաթ» ջրանցքը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկից հանելու որոշմանը նախորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներդրումային ծրագրերի քննարկումը։ «Առաջին ներդրումային ծրագիրը, որը ներկայացվել է քննարկման, վերաբերում էր Երևանի Ազատության պողոտայի սկզբնամասում նոր բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցմանը: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 10 մլն դոլար, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել 220 աշխատատեղ: Ծրագրի իրականացման հետ կապված խնդիրն առնչվում է կառուցապատվող տարածքում պատմամշակութային ջրանցքի առկայությանը»,- ասված է հուլիսի 21-ին տեղի ունեցած խորհրդակցության վերաբերյալ մամուլի հաղորդագրությունում։

Վարչապետը լսել է խորհրդակցության մասնակիցների պարզաբանումները և հանձնարարել ներդրողին՝ ներկայացնել պատմամշակութային ջրանցքի պահպանության հետ կապված բոլոր պահանաջներն ու չափորոշիչները, ինչպես նաև՝ կառավարության նախկին որոշումներից մեկում կատարել փոփոխություններ, որոնք միտված կլինեն քաղաքաշինական ծրագրերի դյուրացմանը:  «Տնտեսվարողը պետք է ստանա հարցի պատասխանը, թե ինչն է պետք պահպանել և ինչպես»,- ասել է վարչապետը: 

Այս ամենին արդեն հաջորդել է կառավարության որոշումը, որում ջրանցքի մի մասը հուշարձանների ցանկից հանելու համար որպես հիմնավորում նշվել է, որ հուշարձանի ուղեգծի Ազատության պողոտայից Կարապետ Ուլնեցի փողոցի հատվածը վերակառուցումների հետևանքով կորցրել է պատմամշակութային արժեքը և օրենսդրությամբ սահմանված դրույթներով պետական պահպանության ենթակա մաս չի կազմում։ Այսինքն, անշարժ հուշարձանի մի մասը պետությունը պետք է պահպանի, մյուս մասը՝ ոչ։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հուլիսի 21-ին կայացած խորհրդակցությունում վարչապետի տված հանձնարարականի կատարման ընթացքի մասին տվյալներ է հայտնել։ Ըստ այդմ, ԿԳՄՍ նախարարությունը մշակել է ջրանցքի հետագա պահպանման կամ կոնսերվացման նախագիծ-առաջադրանք և դա փոխանցել Երևանի քաղաքապետարանին։

Մեկնաբանություններ (1)

Արմեն
Իշխանության` ՀՀ կառավարության և անարժեք մասնագետների կողմից շարունակվում են պատմամշակութային ժառանգության պղծումն ու արժեհամակարգի քայքայումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter