HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապիտալի լավագույն ներդրումը կրթության մեջ է

Հարցազրույց Բաքվի Կրթական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Բահար Հաջիզադեի հետ

Ի՞նչ չափանիշներով է կառուցված Ադրբեջանի կրթական ներկա համակարգը, ի՞նչ հաջողություններ եւ չլուծված խնդիրներ կան:

2009 թ. Ադրբեջանում ընդունվեց «Կրթության մասին» շրջանակային օրենք: Այն բավական երկար էր քննարկվում' վեց տարի: Բայց բարձրագույն, միջին եւ մասնագիտական կրթության մասին կոնկրետ օրենքներ դեռեւս չեն ընդունվել: Նախատեսվում էր, որ «Բարձրագույն կրթության մասին» օրենքը կընդունվի Միլի մեջլիսի գարնանային նստաշրջանի ընթացքում, բայց մինչ օրս նման բան տեղի չի ունեցել: Այդուհանդերձ, ընդունված շրջանակային օրենքը, ընդհանուր առմամբ, ուրվագծում է կրթության հիմնական կառուցվածքը: Ըստ դրա' միջնակարգ հանրակրթական դպրոցում նախատեսված է չորսամյա նախնական կրթություն: Հաջորդ հինգ տարիների ընթացքում' 5-9-րդ դասարաններում, աշակերտները ստանում են միջնակարգ կրթություն, իսկ 10-11-րդ դասարաններում' ամբողջական միջնակարգ կրթություն:

Սովորաբար, կրթության այդ փուլերն իրականացվում են մեկ դպրոցում, ինչպես խորհրդային տարիներին էր: Ադրբեջանում չկա այդպիսի բաժանում, ինչպես արտասահմանում է, որտեղ կրթության վերջին փուլը (high school) առանձնացված է, թեեւ Բաքվում արդեն կա այդպիսի մի դպրոց (առայժմ միակը), որտեղ սովորում են միայն 9-11-րդ դասարանները: Կան նաեւ 12-ամյա դպրոցներ: Սրանք հարմար են արտասահմանյան համալսարաններ ընդունվելու համար, քանի որ, ասենք, Մեծ Բրիտանիայում միջնակարգ կրթությունը տեւում է 12 տարի: Սա համարում եմ մեկ քայլ առաջ:

Ինչ վերաբերում է բարձրագույն կրթությանը, ապա դեռեւս 1990-ականների սկզբին Ադրբեջանը բավական արագ անցավ կրթության նոր' երկփուլ համակարգի. բակալավրիատ եւ մագիստրատուրա, համապատասխանաբար' չորս եւ երկու տարի տեւողությամբ: Այսինքն' բուհերում որդեգրվեց կրթության ամերիկյան մոդելը: Եվրոպայում գործում է 3+2 համակարգը: Մտցվել է նաեւ գիտության թեկնածուի կոչման (PhD) համակարգը:

Լատինատառ գրության եւ եռաստիճան կրթության (բակալավրիատ, մագիստրատուրա եւ PhD) անցումը դրական գործոն է: Իմիջիայլոց, Ադրբեջանում ավելի շուտ անցան այս համակարգին, քան Հայաստանում եւ Վրաստանում: Դրական է նաեւ բուհական ընդունելության քննությունները տեստային համակարգով անցկացնելը, որի նպատակը, ըստ էության, կոռուպցիայի վերացումն էր: Ավելի ուշ տեստային համակարգ մտցվեց նաեւ մագիստրատուրայի ընդունելության քննություններում: Վերջին շրջանի գլխավոր փոփոխությունը միասնական ավարտական քննությունների ներդրումն է հանրակրթական դպրոցներում: Այս քննությունները հանձնելիս բուհը չի ընտրվում: Քննությունները հանձնելուց եւ որոշակի միավորներ հավաքելուց հետո միայն սովորողը կարող է փաստաթղթերը հանձնել բուհ: Այս համակարգը վերցվել է Թուրքիայից, բայց այժմ Թուրքիայում հրաժարվել են դրանից եւ անցում են կատարում ամերիկյան համակարգին: Այս դեպքում քննություններ հանձնում են միայն դպրոցն ավարտելիս: Համալսարան ընդունվելիս քննություններ չեն հանձնում:

Բավական կարեւոր է Ադրբեջանում մասնավոր սեկտորի առաջացումը: Դեռեւս 1990-ականների սկզբին հայտնվեցին առաջին մասնավոր համալսարանները' «Գարբ», «Խազար»: Բացի այդ, ներմուծվեցին բազմաթիվ նոր մասնագիտություններ' միջազգային իրավունք, մարքեթինգ, մենեջմենթ եւ այլն: Բացվել են նաեւ մասնավոր դպրոցներ, եւ դրանք քիչ չեն:

Ճիշտ է, բավական հետ է մնում արհեստագիտական-տեխնիկական ոլորտը: Չնայած ընդունվել է ուսուցման այս ոլորտի զարգացմանն ուղղված պետական ծրագիր, հատկացվել են որոշակի միջոցներ, այդ համակարգը լիովին մշակված չէ: Շատ հնարավոր է, որ հետագայում ոլորտում կատարվեն դրական փոփոխություններ:

Չի կարելի մոռանալ նաեւ Բոլոնիայի համակարգի մասին, որը ներդրվել է Ադրբեջանում: Նրա առավելությունը եռաստիճան կրթությունն է, գնահատման նոր համակարգի ներմուծումը, ինչպես նաեւ դիպլոմի հետ տրվող լրացումը, որում արտացոլվում են ոչ միայն գնահատականները, այլեւ յուրաքանչյուր ուսանողի կրթության մանրամասն պատկերը:

Ի՞նչ մակարդակ ունի Ադրբեջանի դպրոցական կրթությունը, հիմնականում ինչի՞ են պատրաստում երեխաներին մեր դպրոցներում:

Մեր երկրում դպրոցական կրթությունը անցումային փուլում է, որը շատ ձգձգվեց: Դեռեւս պահպանվում է խորհրդային կրթության համակարգը: Այն հիմնականում կառուցվում է գիտելիքի որոշակի ընդհանուր պաշար սերտելու վրա: Ընդ որում' անտեսվում է դպրոցականների ստեղծագործական ունակությունների զարգացումը, աշակերտներին չեն պատրաստում կյանք մտնելուն: Հիմա կրթական տարբեր համակարգերը խառնվում են իրար: Օրինակ' կոնկրետ մի դպրոցում իրականացնում են կրթության ուրիշ համակարգի պիլոտային նախագիծ, որը նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, եւ նախագծի ավարտից հետո աշակերտները վերադառնում են ուսման հին համակարգին: Երկրում ընդհանուր բարեփոխում չի կատարվում: Չկա կրթության հստակ հայրենական համակարգ, թեեւ կարծես գոյություն ունեն նոր ծրագրեր եւ դասագրքեր:

Ինչ վերաբերում է ուսուցիչների ընդհանուր պատրաստվածությանը, դպրոցներում դասավանդման մակարդակին, ապա այդ ամենը հեռու է բավարար լինելուց: Դպրոցական համակարգը, որը նախատեսված է գիտելիքի ընդհանուր պաշար ձեռք բերելու համար, չի բավարարում ներկա պահանջները:

Այս հարցում առանձնանում են թուրքական լիցեյները: Դրանք պատրաստում են շրջանավարտներ տեղական եւ արտասահմանյան բուհեր ընդունվելու համար: Ընդ որում' ուսման մակարդակը մեր դպրոցներից էապես բարձր է: Այստեղ հաշվի են առնվում եւ անհատի ստեղծագործական զարգացումը, եւ նրան հետագա կյանքին պատրաստելու անհրաժեշտությունը:

Արվո՞ւմ են, արդյոք, քայլեր, որպեսզի Ադրբեջանի դիպլոմները գնահատվեն նաեւ արտասահմանում, ունե՞ն մեր մասնագետները պահանջարկ ուրիշ երկրներում, ո՞ր ոլորտներն են նրանք ներկայացնում:

Ուսանողի դիպլոմը, որը բակալավրի կոչում է ստացել երկրի հավաստագրված բուհերում, արտասահմանում ճանաչվում է մագիստրատուրա ընդունվելու համար: Բայց բակալավրի դիպլոմով արտասահմանում աշխատանքի տեղավորվելը գործնականում անհնար է: Նույն վիճակը նաեւ մագիստրոսի դիպլոմի դեպքում է: Մեր դիպլոմներով արտասահմանում անհրաժեշտ է լինում անցնել լրացուցիչ ուսուցման փուլ: Ճիշտ է, բժշկի կամ նավթագործի մեր դիպլոմներն ընդունվում են արաբական երկրներում: Սակայն ցանկացած արեւմտյան երկրում անհրաժեշտ է ստանալ հատուկ մասնագիտական պատրաստություն: Եվրոպան պարզ ասում է, որ աշխատանքի կարող է ընդունել այն ադրբեջանցի ուսանողներին, որոնք ավարտել են արտասահմանյան բուհեր:

Ի՞նչ ուղիներով են հիմնականում (պետական կամ մասնավոր) ադրբեջանցի ուսանողները մեկնում ուսման օտար երկիր: Նրանց ո՞ր մասն է արդյունքում վերադառնում եւ աշխատանք գտնում հայրենիքում:

Արտասահման սովորելու մեկնել հնարավոր է եւ պետական, եւ մասնավոր ուղիներով: Պետական ուղիներից է Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունը: Այս դեպքում ուսման անհրաժեշտ պայմաններից մեկը վերադառնալն է: Կան նաեւ ուրիշ պետական ծրագրեր, որոնք վճարվում են պետության կողմից, բայց հստակ պահանջներ չեն առաջադրում ուսումն ավարտելուց հետո երկիր վերադառնալու մասին: Արտասահմանում կրթություն ստանալուց հետո հայրենիք վերադառնալու վերաբերյալ ոչ մի վիճակագրություն չկա: Մի քանի տարի առաջ համարվում էր, որ Ադրբեջանը այն երկրներից է, որտեղ բարձր է արտասահմանում կրթություն ստանալուց հետո վերադարձողների տոկոսը: Այժմ, կարծում եմ, իրադրությունը փոքր-ինչ փոխվել է:

Կան եւ դպրոցներում, եւ բուհերում սովորելու ծրագրեր: Հաճախ ծնողներն իրենք են իրենց երեխաներին ուղարկում արտասահմանյան դպրոցներում սովորելու: Գլխավորապես' Անգլիա եւ Շվեյցարիա: Կան նաեւ հատուկ ծրագրեր, որոնցով մեկնած երեխաներն ապրում են տեղացիների ընտանիքներում եւ մեկ տարվա ընթացքում սովորում, օրինակ, ամերիկյան դպրոցում:

Ինչ վերաբերում է արտասահմանյան բուհեր ընդունվելու ծրագրերին, ապա դրանք բավական շատ են: Օրինակ' Գերմանիայում սովորելու ծրագրեր է իրականացնում DAAD կազմակերպությունը: Լավ հնարավորություններ է ընձեռում Կենտրոնական եվրոպական համալսարանը (Բուդապեշտ), կան Բրիտանական խորհրդի, Եվրահանձնաժողովի, Ասիական զարգացման բանկի եւ այլ կազմակերպությունների ծրագրերը: Վերջին շրջանում հնարավորություններ են ի հայտ եկել սովորելու Կորեայում եւ Մալայզիայում:

Արտասահմանյան բուհերի շրջանավարտերը վերադառնալուց հետո հազվադեպ են գնում տեղական բուհերում աշխատելու, քանի որ աշխատավարձը բավական ցածր է: Հիմնականում տեղավորվում են արտասահմանյան ընկերություններում, իսկ բուհերում միայն լրացուցիչ փող են վաստակում:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter