HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՆ-ն կամայականորեն նախաքննական գաղտնիք է որակել զոհված զինծառայողների չնույնականացված դիերի մասին տեղեկատվությունը

Առողջապահության նախարարությունը երկրորդ անգամ հրաժարվել է հայտնել, թե «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՓԲԸ-ի որ բաժնում 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողների քանի չնույնականացված դի կա։ Այդ տեղեկատվությունը նախարարությունից հայցել էինք այս տարվա հուլիսի 26-ին եւ օգոստոսի 4-ին ուղարկված գրավոր հարցումներով։ Որպես պատճառ նշվում է Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործերով ընթացող նախաքննությունը՝ բնորոշելով այդ տեղեկությունը որպես նախաքննական գաղտնիք։

«Հետք»-ը 2021 թվականի հուլիսի 26-ին հարցում էր ուղարկել Առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե քանի չնույնականացված դի կա «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՓԲԸ-ի բաժիններում։ Ընդ որում, տեղեկատվությունը խնդրել էինք տրամադրել ըստ բաժինների ու թվաքանակի։ Առողջապահության նախարարությունը, հուլիսի 30-ին պատասխանելով մեր հարցմանը, տրամադրել էր միայն չնույնականացված փորձանմուշների թիվը՝ 163 և հրաժարվել նշել, թե «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՓԲԸ-ի Երևանի, Աբովյանի, Մեծամորի, Մարտունու և Գորիսի բաժիններից յուրաքանչյուրում քանի չնույնականացված դի կա։ Նախարարությունը հղում էր արել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին (պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ):

Օգոստոսի 4-ին նույն հարցմամբ դարձյալ դիմել էինք Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ պնդելով, որ տրամադրված տեղեկատվությունը սպառիչ ու ամբողջական չէ ու փաստել, որ միայն օրենքի նորմը վկայակոչելը բավարար չէ կարծելու, որ հայցվող տեղեկատվությունը գաղտնիք է պարունակում, հետևաբար ենթակա չէ տրամադրման: Ավելին, եթե չնույնականացված փորձանմուշների թիվը գաղտնիք չէ եւ հրապարակվել է, ի՞նչ տրամաբանությամբ կամ հիմնավորմամբ է գաղտնիք համարվում այն, թե դրանցից քանիսը «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՓԲԸ-ի որ բաժնում է գտնվում:  

Տեղեկատվության սահմանափակումը ոչ միայն պետք է ունենա իրավական հիմք, այլև «որակ», որպեսզի մատչելի լինի շահագրգիռ անձի համար և իր հետևանքներով՝ կանխատեսելի: ՄԻԵԴ-ն իր վճիռներում բազմիցս անդրադարձել է, որ իրավասու մարմինների կողմից տեղեկատվության սահմանափակման համար պետք է հստակ նշվեն հիմքերը, սահմանները և դրանց իրականացման կարգը՝ հաշվի առնելով տվյալ սահմանափակման արդյունքում հետապնդվող իրավաչափ նպատակը, որպեսզի անձը հնարավորություն ունենա պաշտպանելու իր՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը կամայական անօրինական սահմանափակումներից:

Նախարարությունը պատասխանում չի ներկայացրել բավարար հիմնավորում, որը թույլ կտար հստակ պատկերացում կազմել սահմանափակման իրավաչափության և դրա նպատակի իրավաչափության վերաբերյալ: Չկա հստակ հիմնավորում, թե «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՓԲԸ-ի Երևանի, Աբովյանի, Մեծամորի, Մարտունու և Գորիսի բաժիններում պահվող չնույնականացված դիերի ու մասունքների թիվը նշելն ինչո՞վ է վնասելու նախաքննությանը: 

Հայցվող տեղեկատվությունն ապաանձնավորված է, չի պահանջվում նույնականացվող որևէ տվյալ, քրեական գործին վերաբերող տվյալ, հետևաբար անհիմն է նշված տեղեկատվության չտրամադրումը քողարկել նախաքննության գաղտնիքով:

Օգոստոսի 10-ին Առողջապահության նախարարությունը դարձյալ հրաժարվել է տրամադրել այդ տեղեկատվությունը՝ որպես մերժման պատճառ կրկին հղում անելով նախաքննական գաղտնիքին։ 

Նախարարին խնդրել էինք նաև նշել մասունքները մինչ օրս չնույնականացնելու պատճառները։ ԱՆ-ն նշել է, որ չնույնականացման պատճառներից մեկն այն է, որ ոսկրերն ի սկզբանե պիտանի չեն լինում ԴՆԹ անջատման համար: Դրանք այրված են լինում կամ հնարավոր չի լինում ԴՆԹ անջատել՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների, անձրևների ու ձյան տակ երկար մնալու հետևանքով։ Որոշ դեպքերում էլ զոհված զինծառայողների դիակներից և մասունքների ոսկրային հյուսվածքներից անջատված ոչ լիարժեք ԴՆԹ բնութագրերն արյունակցական կապի միջոցով նույնականացման համար պիտանի չեն, քանի որ արյունակցական կապի միջոցով ճշգրիտ նույնականացման համար անհրաժեշտ է ստանալ լիարժեք գենետիկական բնութագիր։ 

Առողջապահության նախարարությունը նշում է, որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՓԲԸ-ն և Քննչական կոմիտեն համագործակցության հուշագիր են ստորագրել Անհետ կորածների միջազգային հանձնաժողովի հետ, որի գրասենյակը գտնվում է Նիդերլանդներում։

Լուսանկարում՝  վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել են Աբովյան քաղաքի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»/primeminister.am, 05.06.2021

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter