
Վահան Բադասյանի գործն ուղարկվել է դատարան
Ազատամարտիկ Վահան Բադասյանի գործը երեկ ուղարկվել է դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Այս պահին դեռևս հայտնի չէ, թե գործն ում է մակագրվել։
Հիշեցնենք, որ Բադասյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Բադասյանը հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցից հետո բերման էր ենթարկվել։ Հարցազրույցի ընթացքում Բադասյանն ասել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաև թշնամու: Լրագրողի հարցին, թե հեռացնելու ի՞նչ ճանապարհներ կան, Բադասյանը պատասխանել է, թե ճանապարհները տարբեր են՝ ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։
«Այսինքն՝ դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք... այո, նաև զենքի միջոցով... այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»,- հայտարարել է Վահան Բադասյանը, նշել, որ ինքը պատրաստ է դա անել, և նույն օրը ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթակվել։
ԱԱԾ-ում դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Բադասյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է, սակայն օրեր անց Դատախազությունը վերացրել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Բադասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, դեռ այն ժամանակ, երբ կալանավորված էր, փաստաբանը նրա դիրքորոշումն է փոխանցել այն մասին, որ Բադասյանը համարում է, որ ոչ միայն հանցանք չի գործել, այլ նաև՝ իր հարցազրույցում ասվածը չի կարող որակվել որպես հանցանք, որը նախատեսված է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով։
Մեկնաբանել