Թալիբները հայտարարել են Ռուսաստանի և Չինաստանի հետ լավ հարաբերությունների մասին
«Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը կարծում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են շարժմանը։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։
Բրիտանական Sky News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Շահինին հարցրել են, թե արդյոք թալիբները ֆինանսական աջակցություն են ստանում Պակիստանից, Չինաստանից և Ռուսաստանից։ Շարժման ներկայացուցիչը բացասական պատասխան է տվել՝ ընդգծելով, որ իրենք լավ հարաբերություններ ունեն այդ երկրների հետ։
«Մենք (խմբ. այդ երկրներից) ստանում ենք քաղաքական աջակցություն։ Մենք այցելել ենք Չինաստան և Ռուսաստան… «Թալիբան»-ը Աֆղանստանի քաղաքական և ռազմական ուժն է։ Դա իրականություն է, և նրանք դրան աջակցում են»,- նշել է Շահինը՝ պատասխանելով ճշգրտող այն հարցին, թե արդյոք թալիբներն աջակցություն են ստանում ՌԴ-ից, ՉԺՀ-ից և Պակիստանից։
Ընդ որում, նա նշել է, որ թալիբները, որպես այդպիսին, չունեն դաշնակիցներ։
Իրավիճակն Աֆղանստանում լարվել է հատկապես վերջին շաբաթներին, երբ թալիբները սկսել էին հարձակվել խոշոր քաղաքների վրա։ Կիրակի օրը ԶԼՄ-ները և մի քանի աղբյուր հայտնել էին, որ շարժումը սկսել է վերահսկել Աֆղանստանի սահմանային բոլոր անցակետերը։ Նույն օրն ավելի ուշ գրոհայինները հայտարարել էին, որ մտել են Քաբուլ և վերցրել նախագահական պալատի վերահսկողությունը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել էր, որ լքել է երկիրը, որպեսզի խուսափի արյունահեղությունից։ Օգոստոսի 15-ի լույս 16-ի գիշերը շարժման քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել էր, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է։
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել