
Աղիքային վարակներից մինչև չվարակազերծված ջուր. ի՞նչ ջուր է մատակարարվում սպառողին
Անժելա Սարգսյանն ու իր երկու անչափահաս երեխան 10 տարուց ավելի ծորակից ջուր չեն խմում: Արմավիրի մարզի Խանջյան գյուղի ջուրը խորքային հորից է գալիս, ավելի կոշտ է, չեն կարողանում խմել: Ստիպված Թալինից ցիստեռններով բերված ջուրն են գնում խմելու համար:
Այս տարվա օգոստոսի 12-ի գիշերը Անժելայի երկու երեխայի մոտ նկատվել է սրտխառնոց, թուլություն, փորլուծություն: Նույն ժամանակ իրեն վատ է զգացել նաև Անժելան, ինչին ուշադրություն չի դարձրել: Առավոտյան երեխաներն իրենց լավ են զգացել, փոխարենը վատացել է իր ինքնազգացողությունը: Ստիպված է եղել դիմել Արմավիրի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք:
Ախտորոշվել է աղիքային ինֆեկցիա, ինչը, նախնական վարկածով, Թալինից բերված խմելու ջրից է:
«Թե պատճառն ինչ է՝ հստակ չեմ կարող ասել: Մեծ մասամբ ասում են, որ հնարավոր է խմելաջրից լինի: Ես ու իմ երեխաները միշտ խմել ենք Թալինից ցիստեռններով բերված ջուրը: Ընտանիքի մյուս անդամները ոչ միշտ են Թալինի ջրից խմել, արտեզյան ջուր են խմում: Իրենց մոտ որևէ ախտանշան չկա, բայց մենք մեզ վատ զգացինք»,- ասում է Անժելա Սարգսյանը:
Նա 5 օր ներարկումներ է ստացել՝ վիճակը կայունացնելու համար: Անժելան պատմեց, որ վերջին օրերին ցիստեռնից գնած ջրից ոչ բնորոշ համ է զգացել, սակայն այդ մասին չի բարձրաձայնել:
Սպասում է լաբորատոր հետազոտության պատասխաններին, որ տեղեկանա հիվանդության պատճառի մասին: Այժմ վախենում է Թալինից բերված ջուրը խմել, ծորակի ջուրն էլ չի խմում: Ընտանիքը գործարանային արտադրության շշերով է ջուրը գնում:
Խանջյան համայնքի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Աշոտ Եղիազարյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ գյուղացիների մոտ աղիքային ինֆեկցիայի ախտանշանները օգոստոսի 10-ից են նկատվել: Նախնական տեղեկություն ունի, որ օգոստոսի 9-ին Թալինից բերված ջրից է եղել:
«Ասում են, որ Թալինի այլ աղբյուրից է ջուրը բերվել, որտեղից նախկինում չի բերվել, ինչը մեզ առիթ է տալիս մտածելու, որ հենց այդ աղբյուրի ջրից է եղել»,-ասում է Աշոտ Եղիազարյանը՝ հավելելով, որ գյուղի ծորակից հոսող ջուրը երբևէ մարդկանց մոտ առողջական խնդիրներ չի առաջացրել:
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանն ասաց, որ համաճարակաբանական աշխատանքները և լաբորատոր հետազոտությունները շարունակվում են, արդյունքները դեռ հայտնի չեն:
Բոլորի կասկածները Թալինից բերված ջուրն է, սակայն առողջապահության նախարարության «Հետք»-ին տրամադրած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Խանջյան համայնքի խմելու ջրում արձանագրվել են մանրէաբանական ցուցանիշների շեղումներ: Նշենք, որ այս համայնքում ջրամատակարարման ծառայությունը մատուցում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:
«Արմավիր» ԲԿ-ի բժիշկ-համաճարակաբան Աշխեն Պողոսյանն ասաց, որ օգոստոսի 11-ից մինչև 15-ը Արմավիրի հիվանդանոց է դիմել Խանջյան գյուղի 31 բնակիչ, որից 10-ը՝ հոսպիտալացվել է:
«Հիվանդության թեթև ձևն ունեցողները դուրս են գրվել, չեն հոսպիտալացվել, իսկ միջին ձև ունեցողները մնացել են հիվանդանոցում: Աղիքային ինֆեկցիաների բուժման կուրսը մաքսիմում 6-7 օր է, երկար չեն պառկում»,-ասում է Աշխեն Պողոսյանը՝ հավելելով, որ արդեն 2 օր է՝ նոր հիվանդներ Խանջյան գյուղից չեն ունենում:
Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում):
Ջուրը չի վարակազերծվում տեխնիկական միջոցների բացակայության, գումար չլինելու պատճառով
2019-2021թթ. արձանագրվել է ջրային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների 3 բռնկում. 2019թ. Տավուշի մարզի Նավուր համայնքում՝ 80 դեպք, Լոռու մարզի Կաթնառատ համայնքում՝ 95 դեպք, 2021թ. Սիսիան համայնքում՝ 21 դեպք: Նշված բոլոր դեպքերը հիվանդանոցային դեպքեր են: Չի բացառվում, որ տուժած անձանց թիվն ավելի շատ լինի, որոնք պարզապես հիվանդանոց չեն դիմել:
Առողջապահության նախարարությունը Սիսիան համայնքի խմելաջրում մանրէաբանական շեղումներ է արձանագրել 2019-2021թթ. (առաջին կիսամյակ):
32 բնակավայրից բաղկացած Սիսիան խոշորացված համայնքի 25 բնակավայրում ջրամատակարարման ծառայություններն ու սպասարկումն իրականացվում է համայնքապետարանի կողմից: Համայնքի կողմից սպասարկվող 25 համայնքում էլ, ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ), ջրի վարակազերծման աշխատանքներ չեն իրականացվում: Պատճառը՝ քլորակայանների բացակայությունն է:
Հանրապետության 10 մարզի 501 համայնքում և բնակավայրերում խմելու ջրամատակարարման ծառայություններն իրականացնում են համայնքապետարանները: Հետևաբար ջրի սանիտարահիգիենիկ վիճակի նկատմամբ հսկողությունը ևս համայնքապետարանների վրա է դրված: Մինչդեռ շատ համայնքներ չեն իրականացնում ջրի վարակազերծման աշխատանքներ: Համայնքապետերի մի մասը պատճառաբանում է, որ չունեն նման տեխնիկական հնարավորություններ, մի մասն էլ նշում է ֆինանսական միջոցների բացակայությունը:
2019-2021թ. (հուլիսի 21-ի դրությամբ) Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ջրամատակարարման համակարգերին վերաբերող (ջրի որակ) 114 վարույթ է հարուցվել, որից 53-ով վարչական պատասխանատվության տեսակն ընտրվել է տուգանքը՝ 2 մլն 370 հազար դրամ: Համայնքապետերի նկատմամբ իրականացված վարչական տուգանքի չափը, յուրաքանչյուր վարույթով, կազմել է 40-60 հազար դրամ:
Միայն 2 վարույթ այս տարի հարուցվել է Գեղարքունիքի մարզի Տորֆավան համայնքի խմելու ջրի վերաբերյալ: Մեկով կիրառվել է տուգանք՝ 40,000 դրամի չափով, իսկ մյուս վարույթն ընթացքի մեջ է: Առողջապահության նախարարությունն այս տարվա առաջին կիսամյակում մանրէաբանական ցուցանիշներով ջրի որակի շեղումներ է հայտնաբերել Տորֆավան համայնքում: Համայնքապետ Ահարոն Խաչատրյանի հետ զրուցել չստացվեց. երկու օր է՝ չի պատասխանում հեռախոսազանգերին:
Այս տարվա ընթացքում մանրէաբանական և քիմիական ցուցանիշներով շեղումներ են արձանագրվել նաև Ճամբարակ խոշորացված համայնքում: Դեռևս 2020թ. տեսչությունը Վահան և Թթուջուր բնակավայրերի խմելու ջրի մասով 40,000 դրամ տուգանել է համայնքին: Նույն բնակավայրերի վերաբերյալ այս տարի հարուցվել է նոր վարույթ: Վահան բնակավայրի մասով 2019թ.-ին ևս վարույթ էր հարուցվել, որը կարճվել էր:
Ճամբարակի համայնքապետի օգնական Սիրաք Ռաֆայելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Թթուջուր բնակավայրն ունի ժամանակակից քլորակայան, իսկ Վահանում քլորացման աշխատանքներն իրականացնում են «պարկային» եղանակով: Այս տարի ջուրը երկու անգամ ստուգման են ենթարկել. երկու դեպքում էլ համապատասխանել է նորմերին:
ՏԿԵՆ-ի՝ «Հետք»-ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքի Գորայք բնակավայրում ջրի վարակազերծման աշխատանքներ վերջին անգամ իրականացվել է 2018թ.-ին: Համայնքի Ծղուկ բնակավայրում նախատեսվում է այս տարի շահագործման հանձնել նոր ջրագիծն ու քլորակայանը, իսկ Սառնակունքն ընդհանրապես համապատասխան սարքավորում չունի: Համայնքի Սպանդարյան բնակավայրում ջրամատակարարման ծառայությունները մատուցում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, որի աշխատանքներից էլ դժգոհ է համայնքի ղեկավարը:
Նշենք, որ Գորայքի խմելու ջրում Առողջապահության նախարարությունը 2020-2021 թթ.-ին մանրէաբանական ցուցանիշներով շեղումներ է արձանագրել: Համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյանն ասաց, որ այդ շեղումների մասին տեղեկություն չունի: Ինչ վերաբերում է Սպանդարյան բնակավայրին, ապա ըստ Ա. Աղաջանյանի, այնտեղ ջրի վարակազերծման պատշաճ աշխատանքներ չեն կատարվում:
««Վեոլիան» թերություններով է աշխատում, Սպանդարյանում քլորացման աշխատանքներ չեն իրականացվում»,- ասում է Աշոտ Աղաջանյանը՝ հավելելով, որ Գորայք, Ծղուկ և Սառնակունք բնակավայրերում նոր քլորակայան ունենալու աշխատանքներ են տարվում: «Վեոլիա Ջուր» ընկերությունից ևս չկարողացանք պարզաբանում ստանալ: Լրատվության բաժնից այդպես էլ մեր հեռախոսազանգերին պատասխանող չեղավ:
Սյունիքի մարզի 73 համայնքում և բնակավայրում ընդհանրապես ջրի քլորացման աշխատանքներ չեն իրականացվում: Այլ կերպ ասած՝ խմելու ջուրը չի վարակազերծվում: Նշված համայնքներից 66-ում քլորացման աշխատանքներ չեն իրականացվում՝ քլորակայանի բացակայության պատճառով:
Համապատասխան սարքավորումների բացակայության պատճառով չի քլորացվում նաև Շիրակի մարզի 30 համայնքի և բնակավայրի խմելու ջուրը:
Լոռու մարզի Ազնվաձոր, Քարաբերդ, Ֆիոլետովո և ևս 14 համայնքում քլորացման աշխատանքներ չեն իրականացվում՝ ջրավազանի բացակայության պատճառով: Որոշ համայնքներում ջուրն աղբյուրից ինքնահոս եղանակով հասնում է բնակիչներին: Կաճաճկուտ և Ջիլիզա համայնքներում էլ վարակազերծման աշխատանքներ չեն իրականացվում, քանի որ, ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ «տարածքում չկա վարակազերծում իրականացնող կազմակերպություն»:
Կոտայքի մարզի Հանքավան, Աղավնաձոր, Մարմարիկ, Մեղրաձոր, Գեղարդ համայնքներում վարակազերծման աշխատանքներ չեն իրականացվում, քանի որ համայնքապետարանները չունեն ֆինանսական միջոցներ:
Տավուշի մարզում համայնքապետարանների կողմից ջրամատակարարման ծառայություններ մատուցվում են 38 համայնքում և բնակավայրում, որից վարակազերման աշխատանքներ իրականացվում են միայն երկու համայնքում և բնակավայրում՝ Ենոքավանում և Արճիշում: Արճիշ բնակավայրն օգտվում է «Վեոլիա Ջուր» ընկերության ջրատարից և վարակազերծվում է: Մյուս 36 բնակավայրերում աշխատանքներ չեն իրականացվում ֆինանսական միջոցների բացակայության ու մասնագետ չլինելու պատճառով:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արմավիրի մարզի 47 համայնքի ջրամատակարարումն ու սպասարկումն իրականացվում է համայնքապետարանների կողմից: Նախարարության փոխանցմամբ՝ բոլոր համայնքներում ջուրը վարակազերծվում է: Սակայն, մեր ուսումնասիրությունները պարզեցին, որ ոչ բոլոր համայնքներում է այդ աշխատանքը պատշաճ կատարվում:
Օրինակ, մարզի Տալվորիկ համայնքի բնակիչները խմում են արտեզյան հորի ջուր: Բնակիչները ծորակից օրական ջուր են ունենում 2 ժամ: Համայնքապետ Կիրակոս Սաղաթելյանից հետաքրքրվեցինք, թե ինչ գրաֆիկով է իրականացնում ջրի վարակազերծման աշխատանքներ, ինչին ի պատասխան համայնքապետը նշեց, որ հստակ գրաֆիկ չկա:
«Համայնքի միջոցները սուղ են, երբ գումար լինում է, այդ ժամանակ էլ քլորացման աշխատանքներ իրականացվում են»,- նշեց Տալվորիկի համայնքապետը:
Տալվորիկում ջուրը պոմպի միջոցով հավաքվում է ցիստեռնի մեջ, որտեղից էլ խողովակներով բաշխվում է բնակիչներին: Գումար լինելու դեպքում քլորով բարձիկները կախվում են ցիստեռնի մեջ, որով էլ իրականացվում է վարակազերծումը:
Ջրային համակարգի արտաքին տեսքից էլ երևում է, որ համակարգը մաշված է, ինչն էլ ավելի է մեծացնում վարակների տարածման հավանականությունը:
Գրեթե նույն վիճակն է նաև Հուշակերտ, Նոր Արմավիր համայնքներում:
Նշենք, որ Հանրապետությունում 38 համայնք, որոնց խմելու ջրամատակարարումն ու սպասարկումն իրականացվում են համայնքապետարանների կողմից, օրական ջուր են ունենում 2-4 ժամ: Այդ համայնքներում կա՛մ քլորացման աշխատանքներ չեն իրականացվում, կա՛մ իրականացվում են «ինչպես պատահի» սկզբունքով:
Կան համայնքներ, որտեղ մարդիկ օգտվում են գետի ջրից: Մասնավորապես, Լոռու մարզի Բազում համայնքում ջրամատակարարումը բացակայում է: Բնակիչների մի մասն օգտվում է գետի ջրից, մի քանի ընտանիք համատեղ՝ սեփական միջոցներով, սարից խողովակներով ջուր են հասցրել առանձնատներ: Գյուղում չկա ջրավազան և ջրամատակարարման արտաքին և ներքին ցանց:
Նույն մարզի Մղարթ բնակավայրի 1970-ականների ջրամատակարարման արտաքին և ներքին ցանցերն ամբողջությամբ քայքայված են, համայնքի բնակիչների մեծ մասն օգտվում է հարևան Կողես համայնքից ցիստեռնով բերված ջրից, որոշ մասն էլ՝ գյուղամիջյան աղբյուրներից:
Տավուշի մարզի 4 համայնքում՝ Լճկաձոր, Սևքար, Սարիգյուղ, Բերքաբեր էլ բնակիչները ջրից օգտվում են հասարակական ծորակների միջոցով:
Մարզի սահմանամերձ Ոսկեպար, Բարեկամավան, Մովսես համայնքներում, որտեղ ըստ ՏԿԵՆ-ի՝ օրական ջուր են ունենում 1 ժամ, Ոսկեվանում՝ 2 օրը մեկ անգամ 1.5 ժամ, նույնպես ջուրը չի վարակազերծվում է:
20-23 ժամ ջրի խողովակների մեջ մնացած չհոսող ու չվարակազերծված ջուրը կարող է լուրջ սպառնալիք դառնալ բնակիչների առողջության համար, ինչին ո՛չ համայնքապետարանները, ո՛չ մարզային իշխանությունները պատշաճ ուշադրություն չեն դարձնում:
Գլխավոր լուսանկարում՝ Անժելա Սարգսյանը
Մեկնաբանել