HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանի պնդմամբ՝ Իրինա Յոլյանի արարքում չի կարող հանցակազմ լինել

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց փոխքաղաքապետի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։ Յոլյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, այն մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Միջնորդությունն այս պահին քննվում է։

Հիշեցնենք, որ Իրինա Յոլյանը ձերբակալվել է երեկ՝ օգոստոսի 18-ին, համայնքապետարանի շենքից: Նրան, ինչպես նաև Գորիսի մյուս փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին տեղափոխել են Երևան, որտեղ՝ Քննչական կոմիտեում փոխքաղաքապետերին մեղադրանքներ են առաջադրվել ու նրանց կալանավորելու միջնորդություններ ներկայացվել դատարան։

Յոլյանը մեղադրվում է համայնքապետարանի բյուջեից առանձնապես խոշոր չափի յուրացում և վատնում կատարելու մեջ։

Ըստ քրեական գործի՝ փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը և «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի անդամները քաղաքացիների՝ սոցիալական աջակցություն ստանալու վերաբերյալ համայնքապետարան ներկայացված 115 դիմում չեն ենթարկել պատշաճ ուսումնասիրության և ստուգման, այլ առաջնորդվելով Գորիսի համայնքապետի հորդորով՝ սոցիալական աջակցություն ստանալու ցանկություն հայտնած անձանց դիմումներն ամեն կերպ բավարարելու և գումար վճարելու շահադիտական դրդումներով, կամայական ձևով և խմբային շահերից ելնելով՝ 2021թ. հունիսի 9-ին կազմել են սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու մասին արձանագրություն, որով դիմումներին տրվել է դրական եզրակացություն, մինչդեռ 61 բնակչի կողմից ներկայացված դիմումներն ակնհայտ ենթակա չեն եղել բավարարման:

Ըստ  Իրինա Յոլյանի մեղադրանքի՝ վերջինս կայացրել է հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած՝ Գորիս համայնքի նշված 115 բնակչի դրամական աջակցություն տրամադրելու մասին որոշում, համաձայն որի՝ համայնքի բյուջեից ելքագրված 6 մլն 130 հազար դրամից 3 մլն 630 հազար դրամի չափով դրամական աջակցություն է ցուցաբերվել 61 բնակչի, ովքեր, ըստ «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը սահմանելու մասին» որոշման հավելվածի, չեն հանդիսացել դրամական աջակցություն ցուցաբերելու շահառուներ, այսինքն՝ գտնվել են սոցիալապես ոչ անապահով վիճակում կամ ունեցել են հարկային պարտավորություններ համայնքի բյուջեի նկատմամբ, որոնք ակնհայտ բացառող հանգամանքներ են եղել նշված անձանց դրամական աջակցություն տրամադրելուն:

Էրիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Յոլյանը մեղադրանքի շուրջ ցուցմունք չի տվել։ Պաշտպան Ալեքսանյանն ասում է, որ եթե անգամ պայմանականորեն ընդունենք, որ կարգ է խախտվել և սոցիալական աջակցություն է տրամադրվել անձանց, որոնք կարիքավոր չեն եղել, ապա այդ արարքի համար նախատեսվում է նաև կարգապահական պատասխանատվություն։ Ալեքսանյանը հարց է բարձրացնում, թե վարույթն իրականացնող մարմինն ինչպե՞ս է սահմանազատել զանցանքը հանցագործությունից և եկել եզրահանգման, որ Յոլյանին վերագրվող արարքը ոչ թե կարգապահական զանցանք, այլ հանցագործություն է։

«Ի վերջո պետք է հասկանալ, որ այդ վատնումը չի կատավել հօգուտ Յոլյանի։ Բյուջեից գումարը տրամադրվել է քաղաքացիներին՝ դիմումների հիման վրա, որով օգնություն են խնդրել»,- բացատրեց Ալեքսայանը։

Վերջինս նշեց, որ «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի դրական եզրակացության առկայության պայմաններում Յոլյանը չուներ պարտականություն՝ այն ստուգելու, ուստի կայացրել է դիմում ներկայացրած քաղաքացիներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին որոշում։ Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ Յոլյանը լիազորություն չունե՞ր հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում սոցիալական օգնությունը չտրամադրելու մասին որոշում կայացնելու, պաշտպանը պատասխանեց, որ փոխքաղաքապետը նման լիազորություն չի ունեցել։ Ըստ Ալեքսանյանի՝ այսպիսի փաստերի առկայության պայմաններում Յոլյանի արարքում հանցակազմ լինել չէր կարող։

Դիտարկմանը, որ Քննչական կոմիտեն դեպքի վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ նշել է, որ Յոլյանն ու Մենուա Հովսեփյանը նախնական համաձայնություն են ձեռք բերել համայնքապետարանի «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի անդամների հետ, որ գումարները քաղաքացիներին տրամադրվել են՝ ընտրություններին առավելագույն քվե ստանալու նպատակով, Ալեքսանյանը պատասխանեց, որ գործում որևէփաստական տվյալ չկա, որ օգնությունը քաղաքացիներին տրամադրվել է՝ ընտրություններին մասնակցելու կամ այս կամ այն ուժի օգտին քվեակելու համար։

Նշենք, որ Քննչական կոմիտեն ներկայացրել է նաև Մենուա Հովսեփյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն, դրա քննությունը ևս դեռևս ավարտված չէ։

Լուսանկարը՝ Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter