HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ տեղի ունեցած բողոքի ակցիաների գործը դատարանում է

Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցի ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիաների առթիվ քրեական գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Ամբաստանյալի աթոռին տասնյակից ավելի անձ է, մեկն՝ անչափահաս։ «Դատալեքս»-ում առկա տեղեկատվության համաձայն՝ Գևորգ Խաչատրյանին, Մհեր Զաքարյանին, Սեյրան Զաքարյանին, Սոսիկ Սարգսյանին, Խաչատուր Գևորգյանին, Ռոլանդ Գևորգյանին, Նարեկ Արզումանյանին, Գագիկ Մինասյանին, Լևոն Հակոբյանին, Արայիկ Թումանյանին, Տիգրան Գալստյանին, Մելս Հայրապետյանին, Մհեր Հայրապետյանին, Ժորա Պապյանին, Հենրիկ Հովհաննիսյանին, Սամվել Բոլյանին, Գրիշա Համբարձումյանին, Մհեր Անդրեասյանին, Վահե Թևանյանին, Հրատ Մարությանին, Էդուարդ Վարդանյանին, Սուրեն Ղազարյանին և Արման Սամվելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2021 թվականի ապրիլի 21-ին՝ ՀՀ վարչապետի կողմից Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներ կատարած այցի ընթացքում կատարել են խուլիգանություն՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով։ Վերը նշված անձանց մեղադրանքը Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով է։

Մեղադրյալներ Նարեկ Գրիգորյանին, Արման Մկրտչյանին, Արման Գաբրիելյանին, Նվեր Բարխուդարյանին 258-րդ հոդվածի ավելի խիստ՝ 3-րդ մասի է 1, 2 կետերով է մեղադրանք առաջադրվել։ Ըստ մեղադրանքի՝ նրանց 2021 թվականի ապրիլի 21-ին՝ ՀՀ վարչապետի կողմից Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներ կատարած այցի ընթացքում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, խմբի կազմում բռնության գործադրմամբ կատարել են խուլիգանություն, որը զուգորդվել է հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով: «Դատալեքս»-ում առկա տեղեկատվության համաձայն՝ գործը մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին։ Բոլոր մեղադրյալների նկամամբ այս պահին խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Նշենք, որ գործով ամբաստանվողների մեջ են Մեղրու նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի եղբայրը՝ Մհեր Զաքարյանը։ Գործով ներգրավված անչափահասը վերջինիս որդին է։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին և 21-ին եղել է Սյունիքի մարզում, որտեղ այցելել է Շուռնուխ, Ագարակ, Մեղրի ու Կապան։ Այցի ընթացքում քաղաքացիներն ընդվզել և դժգոհություն են հայտնել, բողոքի ակցիաներ կազմակերպել, վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ հնչեցրել, ճանապարհ փակել։

Բողոքի ակցիաների ընթացքում քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել, որից հետո քրեական գործ է հարուցվել։ Մի խումբ անձինք, որոնց թվում՝ վերը նշված մեղադրյալները,  բերման են ենթարկվել Քննչական կոմիտե, նրանց մի մասին կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, սակայն դատարաները մերժել են միջնորդությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter