HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«ՊՊԾ-ն իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը». ԱԺ պարզաբանումը՝ ուղիղ եթերն անջատելու մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է անջատել ԱԺ ուղիղ եթերի հեռարձակումը՝ Պետական պահպանության ծառայության աշխատակիցների աշխատանքը չտեսալուսանկարահանելու համար:

Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանը պատասխանել են ԱԺ աշխատակազմից:

Օգոստոսի 11-ին ԱԺ նիստերի դահլիճում միջադեպ էր գրանցվել, ինչի հետևանքով ՊՊԾ բազմաթիվ աշխատակիցները նիստերի դահլիճ էին եկել: Նույն պահին անվտանգության աշխատակիցների մի մասն էլ լրագրողների օթյակում էր՝ խոչընդոտելով վերջիններիս մասնագիտական գործունեությունը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին գրավոր հարցմամբ էինք դիմել՝ խնդրելով հղում կատարել այն օրենքին, որի համաձայն՝ իրավունք ունի հրահանգել ընդհատել ԱԺ ուղիղ եթերի հեռարձակումը: Ինչպես նաև հստակեցնել, թե ՊՊԾ աշխատակիցները որ օրենքի համաձայն իրավունք ունեն խոչընդոտել լրագրողների օրինական մասնագիտական գործունեությանը:

ԱԺ աշխատակազմից ստացված պատասխան նամակում հղում են կատարել հուլիսի 30-ին ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի ստորագրած որոշմանը, որի համաձայն՝ պահպանվող օբյեկտի տարածքում արգելվում է ձայնագրել, տեսա կամ լուսակարահանել ՊՊԾ աշխատակիցներին՝ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս:

«Տվյալ դեպքում ԱԺ նիստի ուղիղ եթերի հեռարձակումն ընդհատվել է, քանի որ ՊՊԾ աշխատակիցները մուտք են գործել նիստերի դահլիճ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար: ՊՊԾ-ն, ապահովելով անվտանգությունը պահպանվող օբյեկտում, իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը, այլ ոչ թե խոչընդոտում լրագրողների մասնագիտական գործունեության իրականացմանը»,- ասված է հարցման պատասխանում:

Հիշեցնենք, որ միջադեպի ժամանակ Ալեն Սիմոնյանը հրահանգել էր անջատել ուղիղ եթերի հեռարձակումը, ինչից հետո հեռարձակումն ընդհատվել էր:

Մենք հետաքրքրվել էինք նաև, թե ինչու էր այդ միջադեպից հետո լրագրողների օթյակը փակվել, և չի ստացվում արդյոք, որ ցանկացած նման միջադեպի դեպքում Ալեն Սիմոնյանը կարող է հրահանգել անջատել ուղիղ եթերը, ինչպես նաև՝ արգելել լրագրողներին տեսանկարահանում իրականացնել:

ԱԺ-ից պատասխանել են, որ լրագրողներն օթյակից դուրս են հրավիրվել անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշակի ժամանակահատվածով, ապա թույլ է տրվել մուտք գործել օթյակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter