HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Իմ կայացրած որոշումը չի համապատասխանել նախարարի իրավական սպասումներին»․ Արման Հովհաննիսյան

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր սկսեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը։ Թեև դատավորը երեկ ընկերներին  հորդորել էր չկտրվել իրենց ծանրաբեռնված առօրյայից և նիստին չներկայանալ՝  դահլիճը լեփ-լեցուն էր․ նիստին հետևելու էին եկել փաստաբաններ ու դատավորներ։

Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել այն բանից հետո, երբ հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Վրաստանին հանձնելու վերաբերյալ Արդարադատության նախարարի միջնորդությունը մերժել է։

Նախարարն այդ ժամանակ եղել է Ռուստամ Բադասյանը։ Այժմ Արդարադատության նախարարը Կարեն Անդրեսայանն է,վերջինս, սակայն, նիստին չէր ներկայացել, չներկայանալու պատճառների մասին Արդարադատության նախարարության ներկայացուցիչները տեղեկություն չունեին։

ԲԴԽ նիստի ընթացքում Արդարադատության նախարարի ներկայացուցիչ Դավիթ Գասպարյանը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացնելիս նշեց, որ Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի դատարանի 2008 թվականի դատավճռով՝ Արտեմ Կազարյանը հեռավար կարգով մեղավոր է ճանաչվել հանցագործության կատարման մեջ։ Նրա դատավճռում նշված արարքը համապատասխանում է Հայաստանի Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետին, այսինքն՝ խուլիգանական դրդումներով սպանության փորձը։ Կազարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

2021 թվականի մարտ ամսին Հայաստանում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել և ձերբակալել են Կազարյանին։ Արդարադատության նախարարը միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Արտյոմ Կազարյանին արտահանձնելու վերաբերյալ։ Գործը մակագրվել է դատավոր Արման Հովհաննիսյանին, և վերջինս միջնորդությունը մերժել է՝ Կազարյանին պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ։ Մասնավորապես՝ Հովհաննիսյանը նշել է, որ հեռավար կարգով  կայացված դատավճիռը Հայաստանում  չի կարող համարվել օրինական կարգով ուժի մեջ մտած դատավճիռ, եկել եզրահանգման, որ վաղեմության ժամկետներն անցել են և հանձնման մասին միջնորդությունը պետք է մերժվի։ Արման Հովհաննիսյանի որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը բավարարվել է, այսինքն՝ Վերաքննիչ դատարանը բավարարել է քաղաքացուն հանձնելու վերաբերյալ միջնորդությունը։ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել։

Արդարադատության նախարարությունն այժմ պնդում է, որ դատավոր Հովհաննիսյանը միտումնավոր խախում է թույլ տվել։

Արման Հովհաննիսյանը համաձայն չէ միջնորդության հիմքերի ու հիմնավորումների հետ, քանի որ համարում է, որ իրավական բարդ խնդիր ունեցող հարցի շուրջ իր կողմից ներկայացված պատճառաբանությունները, ներպետական, միջազգային օրենսդրական վերլուծությունների արդյունքում կայացված որոշումը չի կարող հանդիսանալ կարգապահական պատասխանատվության հիմք։ Վերջինս ասաց, որ նախարարության ներկայացուցիչներին հարցեր ունի, բայց մինչ այդ միջնորդություն ունի՝ իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթն այս փուլում՝ առանց ըստ էության քննության, կարճելու վերաբերյալ։

Դատավորն ասաց, որ ինքը որևէ կերպ կաշկանդված չէ, կցանկանա, որ հարցի ըստ էության քննարկում տեղի ունենա, իրեն հետաքրքրում է քննարկվող իրավական հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի դիրքորոշումը, սակայն ցանկանում է միջնորդել, որպեսզի Բարձրագույն դատական խորհուրդը նախ և առաջ  քննարկի միջնորդության հարուցման օրինականության հարցը։ Եթե խորհուրդը գտնի, որ  հարուցման որոշումն անօրիական է, ապա իմաստազուրկ կդառնա գործի ըստ էության քննարկումը, քանի որ վարույթը ենթարկա կլինի կարճման, իսկ եթե, այնուամենայիվ, խորհուրդը համարի, որ վարույթի հարուցումն օրինական է, ապա կանցնի միջնորդության ըստ էության քննարկմանը։

Դատավոր Մեսրոպ Մակյանը դիտարկեց,  որ Բարձրագույն դատական խորհուրդը Հովհաննիսյանի նշած միջնորդության վերաբերյալ առանձին որոշում կայացնել չի կարող․ ԲԴԽ-ում կառուցակարգերն այնպիսին են, որ գործի վերաբերյալ ըստ էության կայացվող որոշմամբ կարող է անդրադարձ կատարվել միջնորդության հարուցման օրինականության հարցին։

Արման Հովհաննիսյանը, սակայն, նշեց, որ իր կողմից ներկայացվող միջնորդության համար հիմք է ԲԴԽ-ի մեկ այլ գործով կայացված որոշումը, որով նույնպես գործի ըստ էության քննարկում չի իրականացվել, և գործի վարույթը կարճվել է։

Արման Հովհաննիսյանը նշեց, որ իր նկատմամբ  կարգապահական վարույթի հարուցումն ապօրինի է, տեղի է ունեցել օրինականության, դատական գործունեությանը չմիջամտելու, դատարանի անկախությունը և կամայականության արգելքի սկզբունքների խախտմամբ, քանի որ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմնի՝ Արդարադատության նախարարի միջնորդությունը մերժելու մասին իր կայացրած որոշումը, այսինքն՝ վարույթ հարուցելու իրավասու մարմինը՝ տվյալ դեպքում՝ Արդարադատության նախարարը շահագրգիռ կողմ է հանդիսացել։

«Այլ խոսքով՝ իմ կայացրած որոշումը չի համապատասխանել նախարարի իրավական սպասումներին, որպիսի պայմաններում նրա կողմից կարգապահական վարույթի հարուցումը անաչառ դիտորդի կողմից կարող է ընկալվել կողմնակալ, իսկ ամենակարևորը՝ դատարանի  գործունեությանը միջամտելու առնչությամբ ողջամիտ կասկածներ հարուցել»,- ասաց Արման Հովհաննիսյանը։

Դատավորի խոսքով՝ իր կայացրած որոշումից հետո նախարարի կողմից իր նկատմամբ վարույթի հարուցումը չի համապատասխանում իրավական տրամաբանությանը, նման իրավիճակում կարգապահական վարույթի հարուցումը կարող է հանգեցնել այնպիսի արատավոր պրակտիկայի, որ դատավորները կաշկանդված լինեն Արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը մերժելու հարցում։

Հովհաննիսյանը բացատրեց, որ եթե Արդարադատության  նախարարությունը միջնորդություն է ներկայացնում, ուրեմն համոզված է դրա հիմքերի, հիմնավորումների, պատճառաբանության մեջ։

«Եթե  նախարարը միջնորդում է անձին կալանավորել՝ հանձնելու նպատակով, ուրեմն վստահ է, որ կալանավորումը հիմնավոր է, հակառակ դեպքում նման միջնորդություն չէր բերի դատարան»,- ասաց Հովհաննիսյանն ու նշեց, որ ստացվում է, որ նախարարի միջնորդության մերժումը հղի է նրա կողմից տվյալ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցմամբ։

Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ նման իրավիճակներում նախարարին կարգապահական վարույթ հարուցելու որոշման լիազորություն տալը նույն է, ինչ Դատախազությանը լիազորություն տալը, որպեսզի կարգապահական վարույթ հարուցի արդարացման դատավճիռ կայացրած դատավորների նկատմամբ։

Դատավորը դիտարկեց, որ օրենդիրը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությամբ  օժտել է նաև այլ մարմիններին՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ըստ որում՝ այս երկու մարմինները կոլեգյալ են կայացնում վարույթ հարուցելու վերաբերյալ  որոշումները՝ ի տարբերություն Արդարադատության նախարարի, որը  միանձնյա է որոշում։

Հովհաննիսյանն ասաց, որ թեև օրենսդրորեն Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու ուղղակի արգելք սահմանված չէ՝ հարցին պետք է մոտենալ համակողմանի։ Դատավորի համար առավել ընդունելի կլիներ, եթե Արդարադատության նախարարը հաղորդում ներկայացներ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով, իսկ այն հանգանանքը, որ ինքը՝ Հովհաննիսյանը, հանդիսանում է այդ հանձնաժողովի անդամ, ըստ նրա,  խոչընդոտ չէր հանդիսանա,  քանի որ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամները բազմամյա փորձ ունեցող և պրոֆեսիոնալ անձինք են, բացի այդ՝ ինքն ինքնաբացարկ կհայտներ և չէր մասնակցի իր նկատմամբ վարույթ հարուցելու հարցի քննարկմանը։

 «Իմ նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է շահագրգիռ մարմնի կողմից, որպիսի պայմաններում դրա հարուցումն  առնվազն անօրիանական է դառնում»,- ասաց Արման Հովհանիսյանն ու միջնորդեց կարճել գործը։

Դատավորը  մեջբերեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներից մեկը, որով նշվում է, որ  «անկախ և անաչառ տրիբունալի  կողմից քննությունն ապահովելու շրջանակը չի սահմանափակվում դատարաններով, այլ դրանով  պատասխանատվություն է դրվում նաև գործադիր, օրենսդիր իշխանության և պետական իշխանության այլ մարմինների վրա՝ անկախ դրանց աստիճանից՝ հարգելու դատարանի վճիռներն ու որոշումները,  դրանցով առաջնորդվելու, նույնիսկ եթե նրանք համաձայն չեն այդ վճիռների ու որոշումների հետ»։

Եվրոպական դատարանի խորհրդատվական  խորհրդի հայտնած մեկ այլ դիրքորոշման համաձայն էլ դատավորների դեմ անհատական բողոքներ թույլ տալը չի նշանակում անհատապես վարույթներ հարուցելու կամ սկսելու իրավունք, փոխարենը ֆիլտրման մեխանիզմով պետք է գնահատվի գործի հանգամանքները՝ խուսափելու  համար այն իրավիճակներից, երբ դատավորները քաշքշուկների մեջ են ներքաշվում դատավարության  հիասթափված մասնակիցների կողմից և հնարավորին վաղ փուլում կարճվի  անկհայտ անհիմն, անլուրջ  կամ անհեթեթ բողոքի հիման վրա հարուցված վարույթը։

Հովհաննիսյանի միջնորդությանը ծանոթանալու համար ԲԴԽ-ն որոշեց հետաձգել այսօրվա դատական նիստը, հաջորդը նշանակվեց սեպեմբերի 2-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter