HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստվածաբանը, որ հատուկջոկատային դարձավ. պատերազմով անցած Մանուկ Հազրոյանը սպասում է շարք վերադառնալուն

Միջօրեի տապը, կարծես, շղարշի տակ է առել Ներքին Բազմաբերդը։ Քարքարոտ, անծայրածիր թվացող տարածությունում մեղմ, տաք քամի է բարձրանում եւ տարուբերում քարերից եկող հանդարտությունը։ Տիկին Ծովիկը 10 ամսական թոռան՝ Մոնթեի հետ մեզ դիմավորում է տան բակում։ Մոնթեն ծնվել է հոր՝ Մանուկի վիրավորումից 17 օր հետո։ Հոր եւ որդու առաջին հանդիպումը շաբաթներ անց է եղել. վիրավորված հորն անակնկալ էին արել՝ Մոնթեին հիվանդասենյակ տանելով։

Հյուրասենյակում անվասայլակով մեզ ընդառաջ է գալիս 33-ամյա սասունցի Մանուկ Հազրոյանը։ Նրա կենսուրախությունը շուտով լցվում է սենյակ։ Պատերազմի հուժկու ալիքով անցած ժպիտի, աշխուժության քողով էլ պատում է զրույցը։ Ասում է՝ պատերազմը պատմելու բան չէ եւ տեսած դաժանությունն էլ փոխանցելու համար չէ։ Դրանք նրա հիշողությունների մատյանում են, որոնք մերթընդմերթ կենդանանում են, երբ Մանուկը նայում է անսահման թվացող քարքարոտ տարածությանը։ Եվ գուցե ինչ-որ պահի գաղտնի մաքրում է թաց աչքերը, ու անցնում խաղողի նոր վազի կողքով, որ հայրն է տնկել։

Հատուկջոկատային Մանուկ Հազրոյանը երկու որդի ունի՝ 7-ամյա Դավիթն ու 10 ամսական Մոնթեն։

Հարցնում եմ, թե արդյոք ինքն է ընտրել Մոնթեի անունը:

«Անունը ես եմ որոշել։ Մոնթեն, իմ կուռքը չասեմ, բայց անգին արժեք է ինձ համար: Էդ մարդուն անձամբ չեմ ճանաչել, բայց միշտ հետեւել եմ, հետաքրքրվել եմ իր կենսագրությամբ։ Ամենադրական կերպարն է ինձ համար,- ասում է Մանուկ Հազրոյանը։ Հետո մենք լռում ենք, Մանուկն ինչ-որ կետի է նայում, ապա շարունակում կիսատ թողած խոսքը,- էսօր շատ մարդիկ ինձ ասում են հերոս։ Ես էդ բառից ներվայնանում եմ: Էդ բառը տանել չեմ կարողանում, որովհետեւ իմ արածը հերոսություն չէ, դա իմ պարտքն ա եղել, ես իմ պարտքը կատարել եմ, էդ հերոս բառը տանել չեմ կարողանում, չեմ ուզում հերոսի շեմը ցածրանա: Մենք հերոսներ ունենք, որ իրոք հերոս են, մենք հերոս չենք: Ամեն մեկին որ հերոս ասենք, հերոսն էլ, չհերոսն էլ սկսում են չտարբերվել: Ես իմ երեխաներին դաստիարակում եմ Մոնթեով, Գարեգին Նժդեհով, Զորավար Անդրանիկով, Աղբյուր Սերոբով: Էսօր ով գնաց առաջնագիծ, երկու պատրոն կրակեց, եկավ իր մասին կինո նկարեց։ Պատերազմից էլ չեմ սիրում խոսել, միշտ ուզել են ինչ-որ հոդվածներ գրել, բայց ինչ տեսել եմ, չեմ սիրում պատմել, էն ինչ տեսել եմ, թող մնա իմ մեջ»։

Մանուկը դպրոցն ավարտելուց հետո որոշել էր պատմաբան դառնալ։ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ էր դիմել, սակայն այդ տարի մրցակցությունը բարձր էր՝ 2 միավորը չբավարարեց. անցողիկ շեմը 54-ն էր, իսկ իր միավորները 52-ն էին։ Արդյունքում Մանուկը երկրորդ հայտով ընդունվել է աստվածաբանության ֆակուլտետը։ Երկրորդ կուրսի ձմռանն ինքնակամ դիմում է գրել՝ պարտադիր ժամկետային զինծառայության անցնելու համար։ Ծառայությունից վերադառնալուց հետո շարունակել է ուսումը՝ ստանալով եկեղեցագետի մասնագիտություն։ Համալսարանն ավարտելուց հետո մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի եւ այնտեղից վերադառնալուց հետո որոշել է անցնել պայմանագրային զինծառայության։ Այդ ժամանակ դեսանտագրոհային գումարտակը նոր էր բացվել, քննությունները հանձնելուց հետո ծառայության էր անցել։

Մանուկը 3 տարվա ծառայող էր, երբ պատերազմն սկսվեց։ 2020 թ․ սեպտեմբերի 11-ից մինչեւ 25-ը մասնակցում էր «Կովկաս 2020» զորավարժություններին: Մինչեւ պատերազմն էլ սովորում էր Ջրվեժում գտնվող ենթասպաների դպրոցում:

Սեպտեմբերի 27-ին տանն էր, երբ զորամասից զանգել էին՝ ասելով, որ տագնապ է: Մանուկն արագ հասել էր զորամաս, որտեղից մեկնել էին դեպի Մեղրի: Հետո տեղափոխվել էին Սանասար (Ղուբաթլու), ապա՝ Ջրական: Ջրականում, ասում է, երբ իրենք գնացել էին, թշնամին արդեն 20 կմ առաջ էր գնացել: Իրենց գումարտակի տղաները թշնամու առաջխաղացումը կասեցրել են Արաքսավան գյուղի մատույցներում: Այդտեղ մնացել են մոտ երկու շաբաթ: Մանուկը նկատում է. «Գալիս էին, գրոհում էին, ջարդում, հետ էինք ուղարկում»:

«Հատուկջոկատայինների խնդիրը պատերազմի ժամանակ ուրիշ է՝ կարող է էստեղ ես, երեք վայրկյան հետո ասեն՝ պիտի գնաս էնտեղ: Ու էդպես միշտ վազքի մեջ ես: ԱԹՍ-ները պտտվում էին, շատ էին խոչընդոտում մեր շարժին, շատ ժամանակ մեքենա չէինք նստում, որովհետեւ գիտեինք, որ լիքն ա վերևում: Ու օր ա եղել, որ 20-30 կմ, 70 կիլո քաշը վրադ, քայլել ենք դեպի մեր խնդիրը կատարելու վայրը, բայց հասել ենք, կատարել ենք: Ես դրանք դժվարություն չեմ համարում»,- նշում է զրուցակիցս:

Ասում է՝ պատերազմին առաջին անգամ էր մասնակցում, եւ այն շատ պարզ բան է՝ կռվողը կկռվի, չկռվողը չի կռվի: Արկերը թափվում էին, սակայն դրանց տակ էլ լինում էր կռվել: Նկատում է, որ մարդ պատերազմում պետք է հոգեպես պատրաստ լինի, ինչն ամենակարեւորն է: Նշում է, որ պատերազմին մասնակցողը պիտի հասկանա, որ վիրավորվել կա, դաժան տեսարաններ կան, որոնց պետք է պատարստ լինի:

-Բայց ինչքան էլ պատրաստ լինես, մարդկային զգացմունքներ են, թուլացնում են, չէ՞,- նկատում եմ ես:

-Մենք իրավունք չունենք տրվել էդ տիպի զգացողությանը, մենք զինվորական ենք: Ի՞նչ զինվորական, եթե արյուն տեսնի, սիրտը թուլանա՝ ոչ մարտին մասնակցի, ու մի բան էլ՝ պանիկա տարածի, կողքինին էլ վարակի: Էսօր մեր բանակի թիվ մեկ խնդիրներից մեկը ռազմական հոգեբանի մասնագիտությանը լուրջ ուշադրութուն դարձնելն է: Մարդը հոգեբանորեն պիտի պատրաստ լինի, եթե հոգով ուզում ես կռվել, ֆիզիկականդ ուզած-չուզած ենթարկվելու է քեզ, որովհետեւ ամեն ինչ կառավարվում է ուղեղից: Եթե հոգով կռվող չես, ավելի լավ է մի գնա, վատություն ես անելու կռվողին: Քայլում ենք, մեկ էլ 100 հոգի գոռալով, ճվալով գալիս են՝ ա՜խ, վա՜խ, մամա ջա՜ն, ասում ենք՝ ի՞նչ ա եղել, ասում են՝ մենք ավտոմատով սնարյադի դեմը կռիվ ենք տալիս: Դա ի՞նչ ասելու բան ա, եթե հոգով կռվող ես, ավտոմատ էլ չունենաս, մի քար կվերցնես, կթաքնվես, քարով աչքերը կթափես, եթե քո հողն ու ջուրն ես ուզում պահել, էդքան էական չէ զենքի տեսակը, ուզում ես կռվել, մարդու ուղեղն ունակ է տրամադրել նրան, որ վատ իրավիճակում ելք գտնի: Եթե գնում ես էդտեղ, պիտի պատրաստ լինես մահանալու, եթե պատրաստ չես, ավելի շատ լավություն կանես, որ չգնաս, նվնվոցով չխանգարես,- պատասխանում է հատուկջոկատայինը:

Պատերազմի ընթացքում Մանուկը երկու անգամ վիրավորվել է: Առաջին վիրավորումը ստացել է հոկտեմբերի 8-ին Արաքսավանի մատույցները պաշտպանելիս: Վիրավորվել էր ճակատից, բայց չէր զգացել: Արկի պայթյունի ալիքից մի քանի մետր հետ էր շպրտվել, գլուխը պտտվում էր, բայց չէր մտածել, թե վիրավորվել է: Խմբի հրամանատարի հետ խոսելիս ասել էր, որ գլուխը ցավում է, ասել էր՝ ճակատիդ չորացած արյուն կա, գլխից վիրավորվել ես: Մի փոքր բեկոր մխրճվել էր ճակատին, որը քաշել-հանել էին: Ավելի ուշ ասում է, որ նման վիրավորումներն այնքան թեթեւ են, որ չեն էլ հաշվում:

Երկրորդ վիրավորումը ծանր էր: Հոկտեմբերի 19-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղի մոտ էին՝ հատուկ խնդրով էին գնացել, այդ անգամ՝ մեքենայով: Երբ մեքենան մտել էր ծառի տակ՝ քողարկվելու, թշնամին խփել էր: Ասում է՝ կա՛մ տանկից էին խփել, կա՛մ ԱԹՍ էր, հստակ չի կարող ասել: Նկատում է, որ գրեթե բոլոր զինատեսակներից արձակված արկի ձայնը՝ շվվոցը, գիտեր, բայց այդ մեկն առաջին անգամ էր լսում: Մեքենայի թափքում 6 հոգի էին նստած, երկուսն իջել էին: Երբ շվվոցը լսել էր, իրենց գցել էր թափքի հատակին: Ընկերներից 4-ը զոհվեցին, իսկ երկուսին՝ իրեն ու ընկերոջը, արագ հասցրել էին հիվանդանոց:

Մանուկը մինչեւ իրեն Գորիս հասցնելն ամեն ինչ հիշում է, դրանից հետո կոմայի մեջ է եղել: Ավելի ուշ նրան ասել էին, որ ամբողջ ճանապարհին արնահոսել է եւ բավականին շատ արյուն է կորցրել: Վիրավորման մասին պատմելուց ամառային վերնազգեստի թեւն է բարձրացնում՝ ցույց տալով բազկին բեկորից առաջացած խաչը: Ասում է՝ «սենց բաներ էլ են լինում»: 22 վիրահատություն է տարել, սեպտեմբերին ձեռքն են վիրահատելու:

Մանուկը բազմաբեկորային վիրավորում է ստացել: Վնասվել են ոտքը, թոքը, ձեռքը, ականջների թաղանթներն են պայթել, որոնցից մեկը վիրահատելուց հետո է վերականգնվել, մյուսը՝ առանց միջամտության: Մի ոտքի մեջ երկաթներ են դրված, մյուս ոտքը ծնկոսկր չունի: «Ձախ ոտքս էսքան ա ծալվում, ծնկոսկր չունեմ, բայց ասում են՝ էդպես էլ կքայլեմ: Սաղ իմ ոսկորներն են, ուզում են ուղարկեն դուրս, բայց ես չեմ ուզում, որ իմպլանտ դնեն, բացի էդ՝ չեմ ուզում բեռ լինել պետության վրա: Փառք Աստծո, եկել եմ, իմ լավ ընտանիքում եմ, ինձ ոչ մի բան պետք չի: Մարդիկ կռիվ են տալիս պետության հետ, ես էդ մարդկանց ուզում եմ մի հարց տալ՝ մինչեւ էսօր ի՞նչ եք արել էս հող ու ջրի համար»,- ասում է նա:

Քիչ անց շարունակում է միտքը, ասում է՝ բոլորն էլ պատերազմ են գնում իրենց երեխաների, ծնողների, հայրենիքի համար, եւ պետք չէ առիթից օգտվել. եթե գնացել ես ռազմի դաշտ, ապա պետք չէ բարձաձայնել, թե ինչ ես արել քո հող ու ջրի համար: «Քո կյանքով ապրի, կարեւորը՝ մաքուր ես քո խղճի առաջ, որովհետեւ հողը հիշողություն ունի: Ով երկու հատ կրակեց, որ իր պարտականությունն ա, վավերագրական ֆիլմ են հանում․․․ Չի կարելի: Մի քիչ զուսպ պահեք ձեզ»,- նշում է հատուկջոկատայինը: Նրա խոսքով՝ սերունդը շատ է փոխվել, փառքի ձգտող սերունդ է, իսկ դա լավ տեղ չի տանի: Ազգային գաղափարախոսությունը վերանում է, ժողովրդի հազիվ 10 տոկոսի մեջ կարող ես գտնել այն:

Մանուկն արդեն առաջարկ է ստացել զինծառայության վերադառնալու համար: Սպասում է, որ առողջական վիճակը լավանա, հետո կվերադառնա: Ասում է՝ պատերազմով անցած մարդն աչքաբաց, բանիմաց է դառնում, պայքարող եւ ավելի ուժեղ: «Կոտրվելն իմը չի: Չի կարելի կոտրվել»,- նկատում է նա:

Մանուկի հետ խոսում ենք այս պատերազմում մեր կրած պարտությունից: Ասում է՝ դրա պատճառը խորքային է՝ դարերով հայ ժողովուրդը լուրջ չի վերաբերվել իր հող ու ջրին, եւ այսօր 300 հազար քկմ-ից 10 տոկոսն է մնացել: Պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասին Մանուկն ասում է՝ պատերազմը չի ավարտվել, եւ հիմա ամբողջ սահմանի երկայնքով խրամատներ են պետք: «Մեզ խրամատներ են պետք, մեր երկրի ռելիեֆը դիրքային պաշտպանություն է թույլ տալիս, դու վրանով չես կարող դիրք պահել: Սաղ դառել են քաղաքագետ, պատերազմ ա լինում՝ ռազմական փորձագետ, ամեն ինչից խոսում են: Հա, իմ ֆիզիկական վիճակը թույլ չի տալիս, բայց եթե ուզում ես լավ երկիր ունենալ, վերցրու քլունգ, բահ, հավաքվեք իրար գլուխ, գնացեք խրամատներ փորեք: Մեզ մի լինիա խրամատ չի պետք, մեզ էշելեններով է պետք՝ առաջին, երկրորդ…»,- ասում է Մանուկը:

-Եկեղեցագետը, որ զինվորական դարձավ․ եթե էսպիսի պատմություն լսեիք, ի՞նչ կմտածեիք,- դիմում եմ նրան:

-Եղավ էլի,- ժպտում է,- պատերազմի ժամանակ էդ հարցն ինձ տվել եմ, բայց պատասխանը չեմ ստանում՝ թշնամուն սպանելուն Աստված ո՞նց ա նայում: Հա, թշնամի ա, բայց մարդ են: Պատերազմ ա, ասում եմ՝ արդարարանալու տեղ ունեմ, ինքը մտել ա իմ հողն ու ջուրը, պաշտպանում եմ իմ էրեխուն, եթե ես չսպանեմ, ինձ են սպանելու, բայց չգիտեմ՝ էդ հարցին ո՞նց է նայելու Աստված։ Մտածում եմ, որ հելանք վերեւները, կիմանանք:

Սա ասելուն պես ժպտում է, ու դժվար է հասկանալ, թե պատերազմի հիշողությունները կրող եւ դրանց մասին չպատմող զինվորականն ինչ ապրումներ ունի: Մեր զրույցից հետո Մանուկը գրկում է Մոնթեին, որն սկսում է ժպտալ հորը: Վերջինս ասում է՝ ինչ տեսել է ծնողներից, փորձում է մի բան էլ ավելացնել եւ փոխանցել որդիներին. «Պիտի ամեն ինչի պատրաստ լինես: Մի լավ խոսք կա. ասում են՝ ավելի լավ է քո այգում լինես զինվոր, քան մարտի դաշտում այգեպան»։

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Տեսանյութը՝ Հակոբ Պողոսյանի, Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter