HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քրեակատարողական հիմնարկներում թմրանյութեր են շրջանառվում. «Սևան» ՔԿՀ-ն «առաջատար» է

Թմրանյութերը կամ հոգեմետ նյութերը ներքնազգեստի մեջ, սնունդի՝ տոլմայի, մուրաբայի, շաքարավազի, սիգարետի, ատամի մածուկի, դեղորայքի տուփերի մեջ պահելու, կուլ տալու կամ հետանցքում պահելու միջոցով քրեակատարողական հիմնարկների տարածքներ անցկացնելու փորձերը սովորական են դարձել: Թեև Կառավարության որոշմամբ 2019թ. անվտանգությունն ուժեղացնելու նպատակով բոլոր 12 քրեակատարողական հիմնարկի համար 252 մլն դրամի նորագույն սարքավորումներ ձեռք բերվեցին, այնուամենայնիվ, դեռ հաջողվում է արգելված նյութերն անցկացնել ՔԿՀ-ների տարածք: Վերջին 2,5 տարվա ընթացքում Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկից (ՔԿՀ) մոտ 1 կգ 730 գրամ թմրանյութ կամ հոգեմետ նյութեր են հայտնաբերվել: Ամենաշատ թմրանյութեր և հոգեմետ նյութեր հայտնաբերվել են «Սևան» ՔԿՀ-ում՝ մոտ 471 գրամ:

Քրեակատարողական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ եթե 2019թ. ընթացքում 11 քրեակատարողական հիմնարկից (չի հայտնաբերվել միայն «Աբովյան» ՔԿՀ-ից) հայտնաբերվել էր ընդհանուր 560 գրամ թմրանյութ կամ հոգեմետ նյութ, ապա այս տարվա 6 ամսվա ընթացքում 7 ՔԿՀ-ից արդեն իսկ հայտնաբերվել են 495 գրամ թմրանյութ և հոգեմետ նյութեր: 2021թ. առաջին կիսամյակում թմրանյութ կամ հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել միայն «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Արթիկ» ՔԿՀ-ներում:

2019թ. ամենաշատ քանակի հոգեմետ նյութեր և թմրանյութ հայտնաբերվել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում՝ մոտ 127 գրամ, 2020-ին՝ «Սևան» ՔԿՀ-ում՝ 316 գրամ, իսկ 2021թ.-ի առաջին կիսամյակում «Հրազդան» ՔԿՀ-ում՝ 161 գրամ:

Made with Flourish

Ազատազրկման վայրերում հայտնաբերված ամենատարածված թմրանյութը մարիխուանան է: 2019-2021թթ. առաջին կիսամյակի ընթացքում հայտնաբերվել է 900 գրամից ավելի մարիխուանա: Այդ թմրանյութը գերակայել է «Սևան», «Արմավիր», «Հրազդան», «Կոշ», «Վանաձոր», «Գորիս» ՔԿՀ-ներում: Ինչպես թմրանյութերի և հոգեմետ նյութերի ընդհանուր քաշով, այնպես էլ մարիխուանայի առյուծի բաժինը «Սևան» ՔԿՀ-ինն է՝ 425 գրամ:

Այս տարի՝ վերջին 2.5 տարվա կտրվածքով, առաջին անգամ թմրանյութ՝ մարիխուանա է հայտնաբերվել նաև կանանց և անչափահասների համար նախատեսված «Աբովյան» ՔԿՀ-ում:

«Արթիկ» ՔԿՀ-ում գերակշռում է հաշիշի յուղը, «Դատապարտյալների հիվանդանոց»-ում՝ ափիոնը, «Նուբարաշենում»՝ մեթադոնը:

Թմրանյութերի շրջանառության համար մեղադրվում են և՛ դատապարտյալները, և՛ ՔԿՀ աշխատակիցները

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետին առաջադրված մեղադրանքի հիմքով քրեական գործի քննությունը: Վերջինս մեղադրվում է նույն քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող երկու դատապարտյալի կողմից առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու հանցանքների կատարմանը օժանդակելու համար: Այս քրեական գործով անուններ նշելուց զերծ ենք մնում՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը:

Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ ՔԿՀ աշխատակիցը պայմանավորվածության համաձայն` 2020թ. ապրիլի 19-ին` երեկոյան, գյուղերից մեկում հանդիպել է դատապարտյալների անունից հանդես եկած անձին, որից ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով մեկի համար՝ 4,305 գրամ քաշով «Մեթամֆետամին», 10, 39 գրամ «Մարիխուանա» տեսակի և 0,42 գրամ հաստատուն քաշով «Հաշիշի յուղ» և մյուս դատապարտյալի համար՝ 64,04 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա», 2,23 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև 0,00002 գրամ քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց` դատապարտյալներին փոխանցելու համար:

Ի կատար ածելով դատապարտյալներին` թմրամիջոց ձեռք բերելուն օժանդակելու իր խոստումը, 2020թ. ապրիլի 20-ին` առավոտյան վերցնելով նշված թմրամիջոցները` դրանց մի մասը պահել է իր կոշիկներում, տաբատի գոտկատեղում, իսկ մյուս մասը` հորը պատկանող «Մերսեդես Բենց C180» մակնիշի ավտոմեքենայում: Այդպես գնացել է աշխատանքի` այդ կերպ թմրամիջոցներն ապօրինի փոխադրելով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցներն օպերատիվ բաժնի համար նախատեսված աշխատասենյակում անձնական զննության են ենթարկել աշխատակցին, որի ընթացքում նրա կոշիկներից և տաբատի գոտկատեղից հայտնաբերել ու վերցրել են տարբեր փաթեթներում գտնվող վերոնշյալ թմրամիջոցները, ինչի արդյունքում վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել թմրամիջոցները փոխանցել դատապարտյալին:

Նշենք, որ մեղադրանք է առաջադրվել և՛ «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակցին, և՛ երկու դատապարտյալին:

2021թ. առաջին կիսամյակում հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող 9 կալանավորված անձից 1-ին և 5 դատապարտյալից 3-ին մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ առանց իրացնելու նպատակի շրջանառելու համար:

Նշենք, որ 2019թ.-ին հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող 21 կալանավորված անձից 16-ին, իսկ 13 դատապարտյալից 10-ին ևս թմրանյութերի շրջանառության, իրացման մեղադրանքներ են առաջադրվել:

Նույն մեղադրանքը 2020թ. առաջադրվել է հանցագործության կատարման մեջ մեղադրվող 22 կալանավորված անձից 9-ին և 20 դատապարտյալից 12-ին:

2019-2020թթ. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանցագործությունների կատարման մեջ մեղադրվել է 15 դատապարտյալ, բոլորն էլ՝ թմրանյութերի կամ հոգեներգործուն նյութերի հոդվածներով:

Քրեական գործեր են հարուցվել նաև քրեակատարողական ծառայողների նկատմամբ: 2019-2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ՔԿՀ-ների ծառայողների մասնակցությամբ հարուցվել է 7 քրեական գործ, որից 4-ը՝ թմրանյութերի շրջանառությանը և դրա օժանդակությանը վերաբերող հոդվածներով (Քրեական օրենսգրքի 266, 268 հոդվածներ):

Հարուցված քրեական բոլոր գործերով անցնում են «Արմավիր» ՔԿՀ ծառայողները:

Թմրամիջոցների շրջանառություն՝ հսկողության պայմաններում

Կառավարությունը 2019թ. հոկտեմբերի 10-ի որոշումով ՔԿՀ-ների անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով քրեակատարողական ծառայությանը հատկացրել էր 252 մլն դրամ: Ըստ այդ որոշման՝ 12 քրեակատարողական հիմնարկից յուրաքանչյուրի համար պետք է ձեռք բերվեին մեկական ռենտգեն սարքեր՝ հատը 16 մլն դրամով, ինչպես նաև 12 հատ մետաղի դետեկտոր՝ հատը 5 մլն դրամով:

Քրեակատարողական ծառայությունից «Հետք»-ին հայտնել են, որ 2019թ. բոլոր ՔԿՀ-ներում տեղադրվել ու մինչ օրս շահագործվում են նորագույն սերնդի անվտանգության «Rapiscan ORION 920CX» ռենտգեն սարքեր և «SECUPLUS» ապրանքանիշի անցումային մետաղի դետեկտորներ: Համալիրի մեջ ներառված է նաև ձեռքի մետաղորսիչ դյուրակիր սարքը: ՔԿ ծառայության շտաբի պետ Ռուբեն Դարբինյանի փոխանցմամբ՝ նշված սարքերի ներդրմամբ էականորեն բարելավվել է արգելված իրերի, այդ թվում` թմրանյութերի ներթափանցման կանխման աշխատանքները:

2020թ. փետրվարին քրեակատարողական հիմնարկների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներն անցել են վերապատրաստում՝ ծանոթանալով շահագործման առանձնահատկություններին ու սարքերի հնարավորություններին:

Այս ամենով հանդերձ՝ թմրանյութերը կամ հոգեմետ նյութերը հասնում են դատապարտյալներին կամ կալանավորված անձանց: Մասնավորապես, 2021թ. ապրիլի 1-ին՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկություն են իրականացրել տեսակցությունների համար նախատեսված սենյակում, ինչի արդյունքում բազմոցի տակից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, 0.21 գրամ քաշով կոշտ զանգված:

Հունվարի 19-ին «Դատապարտյալների հիվանդանոց»-ում չնախատեսված խուզարկություն են իրականացրել թերապևտիկ բաժանմունքի հիվանդասենյակներից մեկում, ինչպես նաև անձնական զննության են ենթարկել տվյալ հիվանդասենյակում պահվող կալանավորված անձին: Խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի գոտկատեղում քողարկված պարկից հայտնաբերել են թմրամիջոց հանդիսացող ափիոնին նմանվող 4 գրամ քաշով զանգված: Իսկ  «Գորիս» քրեակատարողական հիմնարկում 2020թ. դեկտեմբերի 21-ին հիմնարկի դատապարտյալի խցում գտնվող սուրճի տուփում հայտնաբերվել էր փաթեթ, որում առկա է եղել դատաքիմիական փորձաքննության եզրակացությամբ հաստատված 0.97 գրամ քաշով մեթադոն տեսակի թմրամիջոց։

Նշենք, որ ինչպես տեսակցությունների սենյակ, այնպես էլ հիվանդասենյակ, խուց հասնելու համար անձը, ապրանքները ենթարկվում են զննության, այդ թվում՝ վերը նշված ժամանակակից սարքերի գործադրմամբ: Ստացվում է՝ կամ ՔԿՀ-ների աշխատակիցներն են թերացել իրենց աշխատանքում կամ սարքերը «լավ» չեն աշխատել:

Քիչ չեն նաև դեպքերը, երբ թմրանյութերը դատապարտյալներին կամ կալանավորված անձանց հասնում են ներնետված փաթեթների միջոցով: Այստեղ էլ պահանջվում է աշխատակիցների աչալրջությունը, քանի որ սարքերի վերահսկողությունից դուրս են: Օրինակ` «Հրազդան»-ը, շատ մոտ է գտնվում բնակելի հատվածին: Նույնիսկ հարևան շենքից հանգիստ հնարավոր է ՔԿՀ-ի տարածք գցել արգելված իրար:

Դեռևս 2019թ., երբ «Հետք»-ը հոդվածների շարք էր սկսել քրեակատարողական հիմնարկների մասին, «Հրազդան» ՔԿՀ-ի ղեկավար կազմը նույն մտահոգություններ էր հայտնում: Մասնավորապես՝ հիմնարկի շենքը շատ մոտ է բնակելի շենքերին և ինչպես ՔԿՀ-ի ղեկավարներն էին ասում՝ խիստ խոցելի է անվտանգության տեսանկյունից: Պատմում էին, որ եղել են դեպքեր, երբ դատապարտյալները վճարել են, և դիմացի շենքերի բնակարանների պատուհանների մոտ վերջիններիս համար մերկապար են պարել: Շատ դեպքերում դատապարտյալները պատուհանից սկսում են շփվել դիմացի շենքի բնակիչների հետ:

Թմրանյութերի փոխանցման փորձ, օրինակ, կանխվել էր, 2021թ. մայիսի 4-ին: «Հրազդան» ՔԿՀ-ի ծառայողները շրջայցի ժամանակ հիմնարկի տարածքում նկատել են կասկածելի շարժ։ Անմիջապես կատարել են տարածքի զննում և հայտնաբերել ներնետված փաթեթ՝ պարուրված կպչուն ժապավենով, որին ամրացված է եղել նաև 30 մետրանոց պարան, ինչի միջոցով դատապարտյալները փորձել են փաթեթը ներքաշել իրենց խուց, սակայն գործողությունը մնացել է անավարտ։

Արմանն (ազգանունը չենք նշում վերջինս խնդրանքով՝ նույնականացում չիրականացնելու համար) աշխատել է քրեակատարողական հիմնարկներից մեկում: Նա անցյալ տարի է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել: Վերջինիս խոսքերով` պաշտոնապես ներկայացվող թմրանյութերի քանակը իրական շրջանառության միայն մի մասն է: Նրա փոխանցմամբ՝ ՔԿՀ-ներում շատ ավելի մեծ ծավալի թմրանյութի շրջանառություն է իրականացվում, որը կամ վրիպում է աշխատակիցների ուշադրությունից և երբեմն օբյեկտիվորեն հնարավոր չէ հայտնաբերել, կամ աշխատակիցները գումարի դիմաց աչք են փակում այդ հանգամանքի վրա:

Գլխավոր լուսանկարը՝ ՔԿ ծառայության պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter