
Արաքս գյուղում զրկվում են նաև խմելու ջրից
Արմավիրի մարզի Արաքս համայնքը (Էջմիածնի տարածք) հիմնադրման օրվանից բնակիչներին խմելու ջրով ապահովել է միայն ինքնաշատրվանող խորքային հորերի միջոցով: Այստեղ տեխնիկական ջուրն օգտագործում են և՛ խմելու, և՛ ոռոգման նպատակով: Սակայն հորերում ջրի մակարդակն այնքան է նվազել, որ նույնիսկ դրանից զրկվելու վտանգի առջև են կանգնած: Գյուղացիները հող ու ավազով փակում են ցամաքած համայնքային առուները:
Արաքսը հիմնադրվել է 1923թ-ին: Գյուղը սահմանամերձ է. Թուրքիայի հետ ունի 9 կմ ընդհանուր սահման և երկու պետությունների միջև ուղիղ գծով հեռավորությունը մոտ 500 մետր է:
Գյուղում հաշվառված է 1747 բնակիչ, սակայն փաստացի ապրում է 1450-ը: Մոտ 300 մարդ մեկնել է արտերկիր: Համայնքում կրկնակի նվազել է աշակերտների թիվը: Գյուղացիները մտավախություն ունեն, որ եթե ջրի հարցը չլուծվի, գյուղում մարդ չի մնա:
2018թ-ին, երբ Բնապահպանության նախարարության մասնագետները կոնսերվացրել են գյուղի տարածքում չօգտագործող խորքային հորերը, դրական դինամիկա է նկատվել, ջրի մակարդակը բարձրացել է: Սակայն, գյուղացիների ուրախությունը երկար չի տևել. այս տարի արդեն ջրի մակարդակը կրկին նվազել է:
Համայնքում 24 համայնքային հոր կա, որոնք էլ օգտագործվում են խմելու և ոռոգման նպատակով: Բոլոր հորերն ինքնաշատրվանող էին, սակայն այս տարի դրանց 90%-ի ջրի մակարդակը նվազել է 1.5-2 մետրով:
Հիմնականում խորհրդային տարիներին բնակիչների բակում փորված մեկ խորքային հորը 1-2 թաղամաս ապահովում է խմելու ջրով: Արաքս համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ համայնքը համեմատաբար ցածր դիրք ունի: Եթե հարևան համայնքներում պոմպերի օգնությանը դիմել էին դեռևս տարիներ առաջ, Արաքսը նման դժվարություն չուներ՝ հենց իր դիրքի շնորհիվ: Սակայն, ջրերի մակարդակը նվազել է, ինչը համայնքապետն ահազանգ է համարում:
Բացի այն, որ այս տարի խորքային հորերի վրա են պոմպեր տեղադրվում, բնակիչներն էլ իրենց հերթին տան ծորակի մոտ են պոմպ տեղադրում, որ կարողանան ջուրը տուն հասցնել: Վարդան Գրիգորյանը նշում է՝ այս վիճակի հիմնական պատճառն Արարատի մարզի ձկնաբուծարաններն են:
«Հասկանում ենք, ձկնաբուծությունը ևս գյուղատնտեսության մի ճյուղ է: Սակայն, մեր աղբյուրները դրանց պատճառով ցամաքել են արդեն: Վերահսկողություն պետք է իրականացվի, գյուղերն արդեն անապատանում են»,- ասում է համայնքապետը:
Գրիգորյանը նշեց, որ համայնքում ևս ունեին մանր ձկնաբուծարաններ, որոնց ջուրը օգտագործվում էր 40 հա հողերի ոռոգման նպատակով: Ջրի պակասի պատճառով դրանք փակվեցին, 40 հա հողը մնաց առանց ջուր, ինչը գյուղացիներին ստիպեց չմշակել այդ տարածքները:
Փշալարերից այն կողմ՝ սահմանային գոտում, 600 հա հողատարածք ունեն: Այդ հողերի զգալի մասը չի մշակվում հենց ջրի պատճառով: Հողերն Արաքս գետից մի քանի տասնյակ մետր են հեռու, բայց ջուր չեն կարողանում վերցնել: Այդ տարածքում ջրի բացակայության պատճառով միայն այս տարի 30 հա առվույտ է չորացել:
Գյուղի տարածքով է անցնում Սևջուր գետը (Մեծամոր): Գետում ջուր կա, սակայն այն ևս չի օգտագործվում, և հոսում է դեպի Արաքս գետը:
Վարդան Գրիգորյանն ասաց, որ համագյուղացիները պատրաստակամություն են հայտնել գետի վրա պոմպակայաններ կառուցել և ջուրն իրենց միջոցներով հասցնել հողատարածքներ: ՋՕԸ-երը դեմ են եղել՝ պահանջելով պոմպակայանները կառուցել և հանձնել իրենց շահագործմանը: Գյուղացիները չեն համաձայնվել:
Մեկ ամիս առաջ գրել էինք, որ Արաքս համայնքում «Էջմիածին» ՋՕԸ-ի կողմից սպասարկվող խորքային հորն այս տարի ջուր չի տալիս հողօգտագործողներին: ՋՕԸ-ի տնօրեն Արամ Սարգսյանն ասում է, որ տեխնիկապես ամեն ինչ կարգին է, անսարքություն չկա, սակայն, խորքային հորում ջուր չլինելու պատճառով պոմպակայանը չի աշխատում:
«Մեր համայնքը, որ ցածր դիրք ունի ու արդեն ջրի լուրջ հարցի առաջ է կանգնել, մի քանի տարի հետո մեր հարևան համայնքները նույնիսկ պոմպերով չեն կարողանա ջուր վերցնել: Այդ գյուղերը կանապատանան, հերթը կհասնի մեզ, մենք էլ կանապատանանք ու վերջը չգիտեմ՝ ինչ է լինելու»,- հավելեց համայնքի ղեկավարը։
85-ամյա Արիս Շարոյանը պատմեց՝ մինչև 2000 թվականը ոռոգման ջուրը լիարժեք ստացել են Ակնալճից (Այղր լիճ): Սակայն, որքան ձկնաբուծարանների թիվն ավելացել է, այնքան ոռոգման ջուրը՝ նվազել: Այժմ գրեթե ամբողջությամբ խորքային հորերի հույսին են մնացել:
«Ձկնաբուծարանները բերում են Արարատյան դաշտավայրի վախճանին: Իշխանությունները պետք է ընտրություն կատարեն՝ կամ ձկնաբուծարան ունենան կամ գյուղեր, որտեղ մարդիկ կապրեն և հող կմշակեն: Երկուսի համադրումն այս պայմաններում հնարավոր չէ»,- ասում է Արիս Շարոյանը:
Շարոյան ընտանիքը սահմանային գոտում ևս հողատարածք ունի, սակայն 2005թ-ից այս կողմ ջուր չլինելու պատճառով չի մշակում 2 հա հողը:
«Հողը չեմ մշակում, բայց հարկը տալիս եմ: Չեմ ուզում այդ հողից հրաժարվեմ, հույս ունենալով, որ մի կառավարություն, մի իշխանավոր այդ հարցը կլուծի, իմ հետագա սերունդն այդ հողից կօգտվի, գյուղը չի լքի»,- հավելում է Արաքսի 85-ամյա բնակիչը:
Արիս Շարոյանն ասում է, որ գյուղում այլևս հեռանկար չի տեսնում: Իշխանությունները պետք է շտապ քայլեր ձեռնարկեն, որ գոնե խմելու ջրից մարդիկ չզրկվեն:
Նա պատմեց, որ այլ համայնքում ամուսնացած թոռը, երբ հյուր է գալիս, իր հետ խմելու ջուր է բերում, քանի որ համը տարբերվում է: Արաքսցիները նույնիսկ տեխնիկական ջրին են համաձայն, միայն, թե դրանից էլ չկտրվեն:
Նշենք, որ Արմավիրի մարզում ոռոգման ջրի սակավության, բացակայության, ինչպես նաև ոռոգման ցանց չլինելու պատճառով չի մշակվում գյուղատնտեսական նշանակության և տնամերձ շուրջ 10 700 հա հողատարածք:
Մեկնաբանել