
Արգիշտի Քյարամյանը եւ Լին Թրեյսին քննարկել են համագործակցությունը փոխադարձ իրավական օգնության շրջանակներում
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր՝ օգոստոսի 23-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ`hանդիպմանը մասնակցում էին նաև ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, Միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը, Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, ՀԿԳ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը, ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ստորաբաժանման ղեկավար Ալեքսիս Հաֆտվանին, նույն ստորաբաժանման ավագ իրավախորհրդատու Ադի Հոլովեյը և քաղաքական խորհրդատու Կրիստինա Հանսելը:
Հանդիպման ընթացքում, ըստ մամուլի հաղորդագրության, քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև արդեն ստեղծված արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը մանրամասն ներկայացրել է այն ոլորտները, որտեղ փոխհամագործակցությունը բավական արդյունավետ զարգացումներ ունի՝ արժևորելով երկարամյա համագործակցության ընթացքում կիբեռհանցագործության, թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ընտանեկան բռնությունների ոլորտներին վերաբերող մի շարք համատեղ ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքները:
Կոմիտեի նախագահը, համաձայն հաղորդվող տեղեկության, վստահեցրել է նաև, որ քրեական գործերով ցուցաբերվող միջազգային իրավական օգնությունն այսուհետ ևս կկրի շարունակական բնույթ, ինչն էլ ավելի կնպաստի հանցավորության դեմ պայքարում տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։
Դեսպան Լին Թրեյսին շնորհավորել է Արգիշտի Քյարամյանին՝ պաշտոնի նշանակվելու առթիվ:
ՔԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը կարևորել են նաև փոխադարձ իրավական օգնության շրջանակներում քննիչների համար մասնագիտական դասընթացներ կազմակերպելու և անցկացնելու գործընթացը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակել և ընդլայնել համագործակցությունը, էլ ավելի զարգացնել ձևավորված ավանդույթները: «ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է ՔԿ նախագահ Քյարամյանի ղեկավարության ներքո շարունակել կառույցի հետ իր ամուր գործընկերությունը»,- ասված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել