HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Առաջարկվում է պատերազմի ընթացքում զինծառայության կարգի դեմ հանցանք կատարած անձանց համաներել

Արդարադատության նախարարությունը «Համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծ է հանրային քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Առաջարկվող օրենքի նախագծով՝ համաներումը կտարածվի մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված այն անձանց վրա, որոնք 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում մասնակցել են արցախյան 44-օրյա պատերազմին։

Արդարադատության նախարարությունն առաջարկում է համաներում կիրառել նաև 44-օրյա պատերազմին մասնակցած այն զինծառայող անձանց նկատմամբ, որոնք կասկածվում, մեղադրվում կամ դատապարտվել են ռազմական դրության ժամանակահատվածում՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թ․ մարտի 24-ը ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար։

Այս օրինագծում նաև դրույթ է առանձնացվել, ըստ որի՝ համաներումը կկիրառվի նաև մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։

Միաժամանակ, հարկ է նշել, որ նախագիծը սահմանել է նաև այն պայմանները, որոնց առկայության դեպքում համաներում չի կիրառվի:

Նախագծում ասվում է, որ ՀՀ կառավարությունը համաներում հայտարարելով՝  գնահատում է ռազմական գործողությունների ընթացքում զինված ուժերի կողքին կանգնելու քաղաքացիական պարտքի կատարման վեհ գործին նվիրումը, ինչին ի պատասխան ցուցաբերում է մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ:

Հավելենք, որ այս օրինագիծը հանրային քննարկման է ներկայացվել այսօր՝ օգոստոսի 23-ին։ Այն օրինական ուժ ստանալու համար դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա նաև ընդունվի Ազգային ժողովի կողմից և ուժի մեջ կմտնի միայն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter