
3773 զոհ, 243 անհետ կորած․ Փաշինյանը հայտնեց պատերազմի զոհերի և անհետ կորածների թիվը
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում հայկական կողմն ունեցել է 3773 զոհ, 243 անհետ կորած: Այս մասին խորհրդարանում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով կառավարության 2021-2026 թվականների հնգամյա ծրագիրը:
Փաշինյանն ընդգծեց` այն ներկայացնում է արտառոց պայմաններում և թվարկեց պատերազմի ծանր հետևանքները, գերեվարված զինվորների մի մասի դեռևս վերադարձած չլինելը, հազարավոր տեղահանվածների խնդիրը, Արցախում ու Հայաստանում ստեղծված բարդ սոցիալական, տնտեսական վիճակը, Հայաստանի ու Արցախի շուրջ ահագնացող անվտանգության մարտահրավերները:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հայտնել էր զոհերի, անհետ կորածների ու գերիների թիվը, նրա խոսքով` զոհերի թիվը 3705 է, անհետ կորած կամ գտնվելու վայրն անհայտ` 268, հաստատված գերիների թիվը` 60 հոգի, վարկած կար 110 հոգու գերեվարված լինելու վերաբերյալ:
«Այս քննարկումը պետք է լինի ոչ միայն խնդիրների ու մարտահրավերների արձանագրման, այլև պատճառների ու ծագումնաբանության, նաև լուծման ուղիներ պետք է նախանշի կարճաժամկետ, միջնաժամկետ ու ռազմավարական հեռանկարի առումով»,-ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց` Հայաստանը ճակատագրական ու շրջադարձային հանգրվանի մի կետի վրա է, որտեղից շարունակությունը վճռորոշ է լինելու պետության ու պետականության համար, ապա հավելեց` իշխող ուժը տրամադրված է այնպիսի քննարկման, որտեղ բացակայում է հայհոյանքն ու վիրավորանքը:
Վարչապետն անդրադարձավ ԼՂ հիմնահարցին` նշելով, որ բանակցային գործընթացի մեկնարկից ի վեր Ադրբեջանը հստակ ձևակերպել է իր անելիքը:
«Ըստ ադրբեջանական խոսույթի` Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է, նրանք մշտապես ձևակեպել են ԼՂ ու հարակից շրջաններն իրենց հսկողության տակ վերցնելը և պարզաբանել, որ եթե չստացվի բանակցություններով, կանեն ռազմական ճանապարհով: Նման որոշակիություն չի եղել հայկական խոսույթում»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի` հայկական կողմի օրակարգում ձևակերպվել ԼՂ անկախության միջազգային ճանաչման խնդիրը, որը շատերի կողմից որակվել է որպես դավաճանություն, մյուս քննարկվող տարբերակը եղել է տարածքներ կարգավիճակի դիմաց բանաձևը, որը ևս շատերի կողմից ընդունելի չի եղել:
«Կար տարածքների փոխանակման կոնցեպտը, որի իմաստը Հայաստանի որոշ տարածքներ Ադրբեջանին զիջելու դիմաց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելն է: Այս բանաձևը ևս բնորոշվել է որպես դավաճանություն: Եթե Ադրբեջանի ասելիքը նույնն էր թե՛ բանակցություներում, թե՛ ներքին քննարկումերում, թե՛ միջազգային հանրության հետ հաղորդակության ընթացքում, և կար հանրային կոնսենսուս, իսկ մեր պարագայում ասելիքներն ու դիսկուրսները տարբեր էին»,-ասաց նա:
Ըստ Փաշինյանի` հայկական կողմն ամենակարևոր հարցի պատասխանն է` ինչ ենք անելու եթե բանակցային սեղանի շուրջ չհաջողվի ընդունելի լուծման հասնել: Նա նշեց` չի խոսում տարբեր իշխանությունների արած կամ չարածների մասին, այլ այն մասին, որ որպես հանրություն չենք ունեցել ԼՂ հարցի կարգավորման հարցի ռազմավարություն:
«Հարցը դուրս է մղվել հանրային-քաղաքկան օրակարգից` կրելով մեր մոտեցումների հակասականության ամբողջ ազդեցությունը»,-ասաց նա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել