HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Արզաքանցյանն ուզում է շահագործել Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուր տեղամասը

Չնայած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2020թ․ օգոստոսի 7-ի հրամանով դադարեցրել էր «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուր տեղամասի համար՝ ընկերության սեփականատերից Տիգրան Արզաքանցյանն ուզում է շահագործել այն։ Մեր տեղեկություններով՝ Արզաքանցյանը վերջերս փորձել է մասնագետների միջոցով պարզել, թե ինչ է անհրաժեշտ արդյունահանման համար, և որքան այն կարժենա։

Բացի դրանից, «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ն դիմել է Վարչական դատարան և պահանջում է անվավեր ճանաչել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների արդեն նախկին նախարար Սուրեն Պապիկյանի՝ ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու հրամանը։

Դատավոր Սամվել Հովակիմյանը երկու անգամ վերադարձրել է ընկերության հայցը, միայն երրորդ անգամ այն վարույթ է ընդունել ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պահանջել է դատարանին ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու հրամանն արձակելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները:

Նախարար Պապիկյանի հրամանում արձանագրվել է, որ ընկերությունը, մինչ ընդերքօգտագործման դադարեցման օրը, արդյունահանում չի իրականացրել։ Մինչդեռ «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ին 150 հազար տոննա օգտակար հանածոյի պաշարների մարման համար 2012թ․ 25 տարի ժամկետով էր տրվել ընդերքօգտագործման իրավունքը։

Ընկերությանը զգուշացում էր տրվել, այնուհետև վարչական վարույթ էր հարուցվել՝ զգուշացման մեջ նշված խախտումները չվերացնելու պատճառով։

Ընկերությունը 2010-ին դիմել է համայնքին՝ լեռնահատկացման ակտով տրամադրված տարածքի սահմաններում հողահատկացում կատարելու համար, որտեղ, մասնավորապես՝ եղել է 3,5 հա օտարված հողի՝ ընկերության վերադարձման հարց՝ գերակա շահ ճանաչելու միջոցով, որն այդպես էլ լուծում չէր ստացել։

Խնդրահարույց 3,5 հա հողատարածքը, ըստ Մեղրաձորի համայնքապետի պատասխանի, սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Արայիկ Մկրտչյանին։ Ընկերությունը չէր կնքել հողօգտագործման պայմանագիր նաև համայնքի հետ։

Ընկերությունը դիրքորոշում է հայտնել, որ 2013, 2014 և 2015թթ․ դիմել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն՝ պայմանագրի հավելվածում եղած անճշտությունները և գործող օրենսդրությանը հակասող կետերը փոխելու համար։

Վերոնշյալ հանգամանքներից բացի, ուժը կորցրել էր նաև արդյունահանման աշխատանքների նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը։

Ընկերությունը նաև չի վերագնահատել պաշարները և չի ներկայացրել լիազոր մարմնին․ ներկայացրել է միայն 2019թ․-ին, մինչդեռ պարտավոր էր դա անել յուրաքանչյուր 5 տարին մեկ՝ դեռևս 2015թ․-ին։

Տիգրան Արզաքանցյանն իր մասնակցությունը «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ի բաժնեմասում ապահովում է լյուքսեմբուրգյան օֆշորում գրանցված AMGM ՍՊ ընկերության միջոցով, որտեղ Արզաքանցյանը 29 տոկոս բաժնեմասի սեփականատեր է։ AMGM ընկերության բաժնեմասում իր մասնակցության փաստն արձանագրվել է Արզաքանցյանի հայտարարագրում, որը ներկայացրել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին պատգամավորի թեկնածությունն առաջադրելու ժամանակ։

«Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ում խոշոր բաժնեմասը պատկանում է Սոթքի ոսկու հանքավայրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի հիմնական սեփականատիրոջը՝ ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին՝ 49%:

«Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ–ում երրորդ բաժնետերը գործարար, «Կոնվերսբանկ» ՓԲԸ ընկերության հիմնադիր, բաժնետեր և խորհրդի նախկին նախագահ Սմբատ Նասիբյանն է` 20%: Նա ևս, Արզաքանցյանի հետ, AMGM ընկերության բաժնետեր է և այդպիսով ապահովում է իր մասնակցությունը հանքավայրի շահագործման հավակնություններ ունեցող ընկերության բաժնեմասում։

«Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ն, ինչպես երևում է Պետական եկամուտների կոմիտեի որոշումից, 10,6 մլն դրամի չկատարված հարկային պարտավորություն է ունեցել, որի վերաբերյալ էլ կայացվել է գանձման որոշումը։

Վերաքննիչ դատարանում արդեն տեղի է ունեցել նախնական դատական նիստ։ Սեպտեմբերի 6-ին գործով դատաքննություն է նշանակվել։

Դատարանում «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքը իրավասություն չունի գործով պարզաբանումներ տալու, իսկ տնօրենը քաղաքում չէ, և որ վերադառնալուն պես կարող ենք կապ հաստատել տնօրենի հետ։

Լուսանկարը՝ Տ․ Արզաքանցյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter