HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ըստ Փաշինյանի` անհրաժեշտ է Ադրբեջանի հետ օր առաջ սկսել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ

Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ է Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին:

ԱԺ նիստում այսպիսի համոզմունք հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս:

«Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայր ձևավորելու հաջորդ կարևոր գործիքը եռակողմ հայտարարության հիման վրա տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման նպատակով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի գործունեությունն ակտիվացնելն է և կոնկրետ արդյունքների արձանագրումը: Կառավարությունն այս աշխատանքային խմբի միջոցով հնարավորություն է տեսնում ճեղքելու Հայաստանի 30 տարի շարունակվող  շրջափակումը»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի` այն ամենևին էլ պարզ գործընթաց չէ և «սրվում է ինչ-որ միջանցքների մասին ադրբեջանական կողմի սադրիչ հայտարարություններով»:

«Բազմիցս ասել եմ` ո՛չ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ո՛չ էլ հունվարի 11-ի հայտարարության մեջ չկա որևէ արտահայտություն, հղում, ձևակերպում, չկա Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման մասին որևէ բան, խոսքը այլ բանի մասին է` ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի ճանապարհ ստանա ՌԴ-ի, Իրանի հետ տրանսպորտային հաղորդակցության համար, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով ճանապարհ ստանա իր արևմտյան շրջանների տրանսպորտային կոմունիկացիաների հաղորդակցության համար»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի` քաղաքացիները քվեարկել են իր օգտին նաև տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորման և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համար: Նա ընդգծեց` սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը Կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու, քանի որ թշնամության խորացումը սպառնալիք է տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար:

«Թշնամության հաղթահարումը կարող է դառնալ տարածաշրջանի արտաքին քաղաքական օրակարգի առանցք»,- մանրամասնեց նա:

Փաշինյանը հորդորեց ուսումնասիրել՝ տարածաշրջանի մյուս պետություններն իրար նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն` պնդելով, որ չկա թշնամական զգացումներ միմյանց նկատմամբ: Նա մատնանշեց Թուրքիային, Վրաստանին, Ադրբեջանին և ԻԻՀ-ն՝ որպես գործընկեր պետություններ, ապա հավելեց` Հայաստանն իր սահմանակից երկրների հետ միայն Վրաստանի ու Իրանի հետ բարեկամական հարաբերություններ ունի:

«Բայց այն փաստը, որ տարածաշրջանում թշնամանքի օբյեկտ ու սուբյեկտ ենք, անխուսափելիորեն ազդեցություն է ունենում տարածաշրջանի բարեկամ երկրների հետ մեր հարաբերությունների վրա: Տարածաշրջանի ապաշրջափակմանն ուղղված մեր արտաքին քաղաքական ջանքերը, նաև մյուս դերակատարների կողմից կառուցողական դիրքորոշման ցուցաբերումը կհանգեցնի տարածաշրջանում խաղաղ և փոխշահավետ գոյակցության մթնոլորտի ձևավորմանը: Վրաստանի ու Ադրբեջանի հետ սահմանազատումն ու սահմանագծումն էական նշանակություն ունեն տարածաշրջանում կայուն միջավայրի ձևավորման համար»,- ասաց նա:

Փաշինյանը պնդեց` ինչպես ապրիլ-մայիս ամիսներին, այնպես էլ հիմա համոզված է, որ Ադրբեջանի հետ անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter