
Փաշինյանը ԱԺ նիստերի դահլիճի ծեծկռտուքից հետո քաջալերեց ՊՊԾ աշխատակիցներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ է պետական պահպանության ծառայության աշխատակիցների` ԱԺ նիստերի դահլիճում իրականացրած աշխատանքից:
Այս մասին ԱԺ նիստում ասաց Փաշինյանը՝ արձագանքելով պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչպիսին է վերջինիս վերաբերմունքը նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի նկատմամբ: Հիշեցնենք, որ ծեծկռտուքի ժամանակ Արծվիկ Մինասյանը ևս մարմնական վնասվածք էր ստացել, նաև վերնաշապիկը պատռվել էր:
«Ես հետևել եմ ՊՊԾ գործողություններին ԱԺ նիստերի դահլիճում և ուզում եմ քաջալերել նրանց շարունակել պահպանել ԱԺ բնականոն գործունեությունը` ԱԺ նախագահի հրահանգներին համապատասխան: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՊՊԾ-ին` օրենքով սահմանված ծառայողական պարտականությունները հստակ կատարելու համար»,- ասաց Փաշինյանը:
Արծվիկ Մինասյանը նաև ասաց, որ հանրային լայն շրջանակներում Փաշինյանի գործունեությանը լայն գնահատականներ են տրվում, օրինակ, որ գաղտնի բանակցություններ է վարել, երկիրը ներքաշել պատերազմի մեջ և որոշ որակումներ տալիս, ինչպես՝ հողատու, դավաճան, և այլն:
Փաշինյանը պնդեց` երբեք գաղտնի բանակցություններ չի վարել:
«Երբ այդ մեղադրանքները հնչել են, այս ամբիոնին կանգնել եմ, թող ոչ մեկ անձնավորված չընդունի, ասել եմ` դավաճանը դուք եք, կապիտուլյանտը դուք եք: Եւ ասել եմ` ժողովուրդ ջան եկել ենք ձեր դատի առաջ կանգնելու, և ժողովուրդը իր քվեարկությամբ որոշել է` դավաճանն ով է, հողատուն ով է, կապիտուլյանտն ով է, ու յուրաքանչյուրին դրել է իր տեղը»,- ասաց Փաշինյանը:
Մեկնաբանել