
Ծեծկռտուք խորհրդարանում (տեսանյութ)
Խորհրդարանում այսօր ևս, ինչպես երեկ, ծեծկռտուք եղավ իշխանության և ընդդիմության միջև: Ամեն ինչ սկսվեց, երբ ՔՊ-ական Հայկ Սարգսյանն իր ելույթում խոսեց բանակից ազատված անձանց մասին: Նա իր ելույթում պնդեց, որ պաշտպանության այն բոլոր նախարարները, որոնց օրոք բանակից փողով կամ զանգով ազատվել են, դավաճան են: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տեղից արձագանքեց` դավաճանը դուք եք, բանակը քանդել եք, ինչից հետո Սարգսյանն «արա»-ով դիմեց Օհանյանին։ Դրան հետևեց Օհանյանի կողմից շիշ նետելը Հայկ Սարգսյանի ուղղությամբ: Սկսվեց ծեծկռտուք պատգամավորների միջև, անվտանգության աշխատակիցները մտան նիստերի դահլիճ:
Ինչպես երեկ, այնպես էլ այսօր անվտանգության աշխատակիցները լրագրողներին բռնի ուժով հեռացրին լրագրողների համար նախատեսված օթյակից, փորձում էին արգելել նաև տեսանկարահանել ՔՊ-ական պատգամավորների հայհոյանքները, որոնք նրանք հնչեցնում էին միջանցքներում: Ինչպես փոխանցեցին ընդդիմադիր պատգամավորները, նիստերի դահլիճում հայհոյանքներով և քաշքշուկներով աչքի են ընկել Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, Նարեկ Գրիգորյանը, Խաչատուր Սուքիասյանը: Հրաչյա Հակոբյանը սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցնում նաև միջանցքներում, անվտանգության աշխատակիցներն ուժով հեռացրին դահլիճից: Դահլիճի հրմշտոցների, քաշքշոցների ձայները լսելի էին միջանցքներում:
Ընդմիջումից հետո Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց հանրությունից միջադեպի համար, ապա ելույթով հանդես եկավ Հայկ Սարգսյանը և ասաց, որ բոլորն էլ գիտեն, թե բանակից ովքեր են փողով ազատվել, հանրության համար նորություն չէր իր ասածը:
Մի քանի րոպե անց կրկին ծեծկռտուք սկսվեց, այս անգամ Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ: Տեղից արձագանքում էր ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, նա առաջ եկավ դեպի ամբիոն և ոտքով հարվածեց Վահե Հակոբյանին: Նիստն ընդմիջվեց: Ուշագրավն այն էր, որ նիստին ներկա էր վարչապետ Փաշինյանը և ծեծկռտուքի ամբողջ ընթացքին նստած հետևում էր:
Մոնտաժը` Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել