
Արթուր Վանեցյանը Փաշինյանին հորդորեց կանգ առնել եւ երկիրը չտանել դեպի վտանգավոր ծուղակ
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության ծրագրի քննարկմանն իր ելույթում ասաց` մինչ քննարկում են կառավարության հնգամյա ծրագիրը, որն ուղեկցվում է «մարտերով», զուգահեռ իրականությունում երկրի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է:
«Մեր թշնամի երկիրը փակել է մի միջպետական ճանապարհ ու մինչև էս պահը տեղյակ չենք՝ Սյունիքը կտրվա՞ծ է մնացած մարզերից, թե ոչ: Պաշտպանության նախարարն ասում էր, եթե անգամ մեր ինքնիշխան տարածքից մեկ սանտիմետր խախտեն, կիրառվելու է ուժ, թշնամին դուրս է շպրտվելու։ Պարոն նախարար, խնդրում եմ Ձեր մեկնաբանությունը` միջպետական ճանապարհը մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե ոչ»,-ասաց նա:
ԱԱԾ նախկին տնօրենը դիմեց նաև իր երբեմնի ղեկավարին` վարչապետ Փաշինյանին և հարցրեց, թե որ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան ավտոճանապարհի կարգավիճակը: Ըստ Վանեցյանի` իշխանական պատգամավորներն իրենց ելույթներով անուղղակի մեղադրանք հնչեցրին նաև Վազգեն Սարգսյանի հասցեին` ասելով, թե դավաճան են պաշտպանության այն բոլոր նախարարները, որոնց պաշտոնավարման շրջանում բանակից փողով կամ զանգով ազատվել են:
Վանեցյանը պնդեց` անձամբ ճանաչում է մարդկանց, ովքեր բանակից ազատվել են Վազգեն Սարգսյանի պաշտոնավարման շրջանում:
Ապա նա անդրադարձավ կառավարության ծրագրին` ասելով, որ, իհարկե, այնտեղ լավ գաղափարներ կան, սակայն այլ հարց է՝ արդյոք հնարավո՞ր է դրանք իրականացնել: Վանեցյանը նման եզրահանգման է հանգել՝ տեսնելով երկրում առկա մթնոլորտը, հասարակական տրամադրությունները: Նա պնդեց` իշխանությունները նման են փորձառություն չունեցող երեխաների, որոնց որքան էլ հորդորում են հոսանքի հետ չխաղալ, միևնույն է՝ երկաթե ձողով մտնում են վարդակի մեջ:
«Ասում ես` չի կարելի չբանակցել, այդքան անլուրջ վերաբերվել, չեն լսում: Ասում ես՝ չի կարելի խաղալ գերտերությունների հակասությունների վրա, շանտաժով կամ գռեհիկ կերպով վերաբերվել բարեկամ երկրներին»,-ասաց նա եւ հավելեց, որ իշխանությունները վախ չունեն, քանի որ չեն հասկանում, բայց անվախ են մինչև առաջին հարվածը:
Ըստ Վանեցյանի` վախի բացակայությունը եւ չհասկանալու արդյունքն է այն, ինչ տեղի է ունենում խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների նկատմամբ: Նա հիշեցրեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական ներկայացնելու իր տեքստը` կրկին հնչեցնելով «Կա'նգ առ» արտահայտությունը և հորդորելով երկիրը չտանել դեպի վտանգավոր ծուղակ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել