HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պետք է լինեն պատերազմի արձագանքներ, լռության արձագանքներ, այլ ոչ թե աղմուկ, լաչառաբանություն»

Համավարակը, հետո պատերազմը մեզ առավ իր պատյանի մեջ։ Մենք սկսեցինք ավելի շատ նայել դեպի ներս, հարցեր տալ՝ գուցե այդպես էլ չգտնելով պատասխաններ։ Ու թվում է՝ անցյալը՝ հիշողություններով, դարձավ ավելի կենդանի ու շարժվող։

Օգոստոսի 24-ից Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի «Վերաբերմունք» խորագրով ցուցահանդեսը: Այն կտեւի մինչեւ սեպտեմբերի 3-ը: Հեղինակին ոգեշնչել է գերմաներեն «einstellung» կամ «վերաբերմունք» բառը: Այն ակնադիտական արվեստում համարվում է տարողունակ հասկացություն:

Զավեն Խաչիկյանն ասում է՝ համավարակ-պատերազմի օրերին այդ բառն ավելի ընդգծվեց իր մեջ եւ ավելի ընդգրկուն ու գաղափարական նշանակություն ձեռք բերեց:

Երեւանի բազմաբնակարանային շենքից լուսանկարչական սարքի օբյեկտիվը հենց այն պատուհանը դարձավ, որով նա սկսեց դիտել դուրսը: Լուսանկարչական կյանքում Խաչիկյանը գունավոր նկարներ քիչ է արել, եւ այդ առումով իր համար նոր խնդիր է համարում գունավոր լուսանկարներ անելը: Ասում է՝ «աշխարհը մեր փոխվելով է փոխվում»:

Լուսանկարչական առումով այն նորություն է, որը գեղարվեստական լուծումներ է առաջ քաշում: Ներսից դուրս նայելով՝ նա սկսում է մերժել ամենօրյա թվացող գործողությունները՝ դրանք փակելով գունավոր թղթերով, սթիքերներով: Վարագույրը շատ նկարներում, կարծես, գործող անձ է դառնում հեղինակի եւ դրսի աշխարհի համար: Խաչիկյանը նշում է, որ երբ տան վարագույրները փակում ես, կարծես, ներփակվում ես՝ սկսելով նայել դեպի ներս: Եվ երբ դրանք բացում ես, դրսում տեսնելու բան չես գտնում:

«Լուսանկարչության առաքելությունն ուրիշ տեղ է: Դրա համար եմ ասում, որ տեսական խնդիր եմ լուծել, եւ պատուհանին բան փակցնելով՝ փակում ես ինչ-որ բան, ջնջում ես, մերժում ես կենցաղն այդ օրերի: Եվ ուտել-չուտելու խնդիրը չէր, դրա համար վերլուծելու ժամանակ է պետք, որի վերջնական պատասխանը դեռ չունեմ»,- նշում է Զավեն Խաչիկյանը:

Լուսանկարների կոմպոզիցիան, գույները ինտուիտիվ են եղել: Գույնն այստեղ խտացնում, որոշակի է դարձնում լուսանկարչի ասելիքը: Լուսանկարներում գունավոր թղթերը պատկերները տրոհում, քաոտիկ են դարձնում: Այդ խառնաշփոթում փոքրիկ հուշարար պատուհան է բացվում քո առջեւ՝ բակում խաղացող երեխաներ, ճախրող թռչուններ, որոնց ձայնը դառնում է խուլ՝ ապակուն դիպչող:

Լուսանկարներից մի քանիսին հեղինակը փակցրել է «Apple»-ի դրոշմապիտակները: Դրանք, կարծես, արտահայտում են համացանցային կախվածությունն այդ օրերին, երբ վիրտուալ աշխարհը պրոյեկտվում էր իրականությանը: Եվ միևնույն ժամանակ մարդը կրկին վերադառնում է իրեն՝ սկսելով նայել իր ներսը: Այդ ժամանակ է, որ արթնանում են հիշողությունները:

Զավեն Խաչիկյանն ասում է՝ նկարելուց հետո հետադարձ հայացքն է, որ, կարծես, հրացանի կրակոցի նման քեզ հետ է շպրտում դեպի անցյալ, թե ինչ արեցիր եւ որտեղ հասար: Պատերազմի օրերին գալով՝ հարցադրումներն ավելի որոշակի են դառնում, պատասխաններ գտնելը՝ ավելի ցավոտ:

«Գալով պատերազմի օրերին՝ ուզում ես հասկանալ, թե ուր հասանք, երկիրը, հողը ոտքերի տակից գնում է: Նորից հետ ես նայում, հին նկարներն են՝ շարժումներ, հեղափոխություններ, ընկերների լուսանկարներ... Այս ամեն ինչը մի պահ անիմաստ է դառնում, եւ եթե անիմաստ է, ապա ուզում ես իմաստ փնտրել: Իսկ էդ դեպքում էսքան զոհերն ո՞ւմ համար ենք տվել, ի՞նչ վերնագրի տակ ենք դնելու»,- ասում է լուսանկարիչը:

«Վերաբերմունքը» նա համարում է իմպրովիզ, որի գաղափարական հիմքում բոլորիս՝ ապրելու իմաստ փնտրելն է: Կառուցվածքային առումով էլ ցուցահանդեսը գաղափարական ամուր հյուսվածք ունի: Այն բաղկացած է երեք մասից: Առաջինում կենցաղի մերժումն է, դրսի աշխարհի հետ բախումը, վերադարձը դեպի հիշողություններ: Ցուցահանդեսի երկրորդ մասն էլ նա համարում է հիշողությունների պատ, որտեղ ներկայացված են գեղանկարիչներ Հենրի Էլիբեկյանի, Էդուարդ Խարազյանի, Մուշեղ Մխիթարյանի, Վարդան Թովմասյանի, Վահան Թոփչյանի, պատանի նկարչուհիներ Կարին Բատիկյանի, Անիմարի Խաչիկյանի աշխատանքները, իսկ երրորդ մասում ներկայացված են լուսանկարիչներ Անդրանիկ Քոչարի, Արա Գյուլերի, Ռուբեն Մանգասարյանի, Վահան Քոչարի, Հակոբ Բերբերյանի, Հակոբ Պողոսյանի աշխատանքները:

Առաջինում Զավեն Խաչիկյանի՝ համավարակի եւ պատերազմի օրերին ակնադիտարկումներն են ներսի ու դրսի բախումների շուրջ, հետո լուսանկարիչը վերադառնում է հիշողությունների պատին, այնուհետ՝ ընկերներների լուսանկարներին: Լուսանկարների շարքն ավարտվում է Հակոբ Պողոսյանի «Դեպի բարձունք» վերնագրված լուսանկարով, որտեղ 1990-ականների պատերազմի ժամանակ ազատամարտիկներն են: Այս առումով «Վերաբերմունքը», կարծես, խմորվում է՝ ներսի ու դրսի հոսանքներով միախառնված, բարդ ու գուցե պարզունակ թվացող հարցերով, ստեղծում բարդ պատկեր, որտեղ այդ օղակից դուրս գալու բանալին տրվում է հենց վերջին լուսանկարով՝ դեպի բարձունք: Եվ այս ամենի միջով լռությունը ձգվում է անտեսանելի թելի պես:

Զավեն Խաչիկյանին հարցնում եմ, թե ինչից է, որ պատերազմից հետո անընդհատ սկսել ենք շատախոսել՝ խախտելով լռությունը: Ասում է՝ հասկացողը լռում է, երբ գիտակցում է կատարվածը: «Մենք չենք որոշակիացել, չենք լրջացել: Այսօր շատախոսություն է գնում հեռուստատեսությամբ, համերգներով, դրանք պետք է իմաստավորված լինեն, պետք է լինեն պատերազմի արձագանքներ, լռության արձագանքներ, այլ ոչ թե աղմուկ, լաչառաբանություն: Եվ այո, մենք շարունակում ենք սխալվել»:

Պատերազմի հետեւանքով առաջացած իրավիճակում գիտակից մարդկանց համար դժվարացել է ապրելը, իսկ անգիտակիցները շարունակում են նույն կենցաղավարությունը՝ ծառ կտրելով, հաց գողանալով, փախցնելով: Խաչիկյանի խոսքով՝ հենց գիտակից մարդիկ պետք է ղեկավարեն երկիրը, հակառակ դեպքում վերջաբանը տխուր կլինի: Իսկ դրա համար անհրաժեշտ է քայլեր անել՝ դեպի դպրոց, բուհ գնալով ու չասելով, թե արդեն ամեն բան գիտենք:

Ասում է՝ երկիրը պետք է մասնակցի երկրի շինարարությանը, ու միայն պառլամենտական ընտրություններով չէ: Հետո հռետորաբանական հարցադրում է անում, թե արդյոք կարողացանք ազգովի դիմակայել պատերազմին:

«Մենք դավաճան ենք փնտրում, մի քանիսին հերոսացնում ենք, բայց սրանք թույլ ռեֆլեքսիաներ են: Մենք պետք է կարողանանք մեր վերաբերմունքը փոխել հայրենիքի նկատմամբ, եւ պետք է գան այն առաջնորդները, ովքեր ոչ թե մեր թեւերից բռած Եվրոպա են քարշ տալիս կամ թուրքական սահման բացում, այլ թե ոնց ենք վերաբերվում մեր հողին, լեզվին, հայ տեսակին: Սա է լինելու խնդիրը»,- նշում է լուսանկարիչը:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter