HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Առավոտից նստել եմ հեռուստացույցի դիմաց, որ տեսնեմ՝ երբ են ասում՝ ճանապարհը բաց ա»․ Որոտանի բնակիչ

Սյունիքի մարզի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան բնակավայրերն այսօր հացի մատակարարման խնդիր են ունեցել։ Որոտանի բնակիչներին հաց է մատակարարվել ռուս սահմանապահների միջոցով։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

«Որոտան կարողացել ենք որոշակի քանակությամբ հաց մատակարարել, բայց Շուռնուխ և Բարձրավան հացի մեքենա չի կարողացել մտնել։ Սննդի որոշակի քանակ կա, հետոյի համար պետք է մտածել»,- ասաց փոխքաղաքապետը։

Ըստ Յոլյանի՝ բնակիչներն ասում են, որ Որոտանի հատվածում ադրբեջանցի զինծառայողների կուտակումներ կան, անընդհատ շարժ է նկատվում, թե ինչ նպատակով՝ հայտնի չէ։

«Որոտանի հատվածում մոտենում են գյուղապետի եղբոր տանը, որը հիմա իրենց տիրապետության տակ է»,- ասաց նա։

Թե ի՞նչ է քննարկվում՝ Գորիսի փոխքաղաքապետը տեղյակ չէ։

«Որոտանի ճամփաները փակ, մենք՝ շրջափակման մեջ, ո'չ Գորիս ենք կարում գնանք, ո'չ Գորիսից կարում ենք գանք, նույնիսկ այսօր հաց չեն բերել խանութ։ Ռուս խաղաղապահների միջոցով մի քիչ հաց են ուղարկել, գյուղի կեսին չի էլ հերիքել։ Մի երկու զենք կար ստեղ, հավաքեցին, տարան, էլ չմտածեցին, որ թուրքը հենա ստեղա 2 կմ-ի վրա՝ Էյվազլիում լցված, կուտակված ա, գյուղում ոչ մեկը ո'չ զենք ունի, ո'չ պաշտպանվելու միջոց, կարող ա գիշերը հարձակվեն, ի՞նչ կարաս անես։ Ճանապարհին մի 2 ռուս, մի 2 հայ սահմանապահ կա, մնացածը ադրբեջանցիներ են»,- մեզ հետ զրույցում հայտնեց Որոտանի բնակիչ Գրետա Մովսիսյանը։

Որոտանի բնակչի խոսքով՝ ղեկավարությունը ոչինչ չի ասում․ «Հեռուստացույցը միացրած, առավոտից նստել եմ հեռուստացույցի դիմաց, որ տեսնեմ՝ երբ են ասում՝ ճանապարհը բաց ա, ո՞վ ա ասում՝ ճանապարհը բաց ա, ոչ մեկը, խի ո՞վ ա բացելու, Էյվազլիում արդեն տուն են սարքում։ Բնակիչները տները նստած անհամբեր սպասում են ինչ-որ պատասխանի, կամ կասեն դուրս եկեք, կամ կասեն՝ ճամփան բացում ենք»։

Գյուղի մեկ այլ բնակիչ՝ Անահիտ Բունիաթյանն էլ հայտնեց, որ գյուղից դուրս եկողներ առայժմ չկան․ «Ճանապարհ էլ չունենք, հնարավորություն էլ չունենք, անհանգիստ վիճակ ա։ Այս անգամ վտանգն ավելի մեծ է, գյուղում խուճապային տրամադրություն է։ Անորոշ վիճակ է, ոչ մեկ չունի պատասխան մեզ տալու։ Ճանապարհին հատուկենտ ռուսական մեքենաներ են գնում-գալիս»,- նշեց համայնքի բնակիչը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter