HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Ալաշկերտը» կխաղա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլում Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» Երևանում 0։0 հաշվով ոչ-ոքի խաղաց շոտլանդական «Ռեյնջերսի» հետ և քանի որ առաջին խաղում պարտվել էր 0։1 հաշվով, Եվրոպա լիգայում դուրս մնաց պայքարից, սակայն հայտնվեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Ճիշտ է, այս մրցաշարը առաջին անգամ է անցկացվելու, բայց այնուամենայնիվ, սա պատմության մեջ առաջին անգամ է, որ Հայաստանը ներկայացնող ֆուտբոլային ակումբը հանդես կգա եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում, տվյալ դեպքում՝ Կոնֆերենցիաների լիգայի։

Գլազգոյի «Ռեյնջերսի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» կարգով ավելի բարձր՝ Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր կնվաճեր, սակայն հաջողությունը չժպտաց երևանյան թիմին։ 

Այս տարի եվրագավաթներում «Ալաշկերտը» պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ առավելության էր հասել Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադս» թիմի նկատմամբ։ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոնի մրցակիցը մոլդովական «Շերֆին» էր, որի դեմ երկու խաղերում էլ «Ալաշկերտը» պարտվեց և հայտնվեց Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կարողացավ հաղթահարել ղազախական «Կայրաթի» արգելքը։ Սրանով «Ալաշկերտը» կրկնեց նախորդ երկու տարիներին «Արարատ-Արմենիայի» գրանցած արդյունքը՝ հասնելով Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլ, սակայն ինչպես նախորդ տարիներին, «Ալաշկերտին» ևս չհաջողվեց դուրս գալ խմբային փուլ։

Բայց քանի որ ՈՒԵՖԱ-ն այս տարվանից նախաձեռնել է ակումբային նոր մրցաշար, հետևաբար Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆից դուրս մնալուց հետո «Ալաշկերտը» կխաղա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, որը, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկությունը, կմեկնարկի սեպտեմբերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter