HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի համայնքապետ. «Իշխանությունները Կապանը տարան ավագանու արտահերթ ընտրությունների, ուզում են ինձնից ազատվել»

Այս ամսվա սկզբին Կապանի ավագանու 15 անդաներից 8-ը հրաժարական են ներկայացրել: Ընդ որում՝ սկզբից վեցն էին ներկայացրել, օրեր անց՝ եւս երկուսը: Սա նշանակում է, որ առաջիկայում լինելու են ավագանու արտահերթ ընտրություններ, որոնք առաջին անգամ Կապանում անցկացվելու են համամասնական ընտրակարգով, ինչը ներկայում կիրառվում է Երեւանի, Գյումրու ու Վանաձորի համանքային ընտրություններում: Այսինքն՝ կապանցիները ընտրելու են տարբեր ուժերի, որոնք ընտրական շեմը հաղթահարելուց հետո ներկայացված են լինելու ավագանու կազմում, իսկ հետո ավագանու անդամները ընտրելու է համայնքի ղեկավարին:

Կապանի գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ ավագանու անդամների՝ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելն անսպասելի էր: Ըստ նրա՝ մինչ այդ տարաձայնություններ կամ խմորումներ չեն եղել ավագանու անդամների հետ, հակառակը՝ բոլորը ջերմ հարաբերություններ ունեին:

Համայնքապետը տեղյակ է ավագանու 8 անդամի հրաժարականի պատճառների մասին, սակայն դրանց չի ցանկանում անդրադառնալ՝ նշելով, թե ճիշտ է համարում, որ հենց նրանք հայտնեն իրենց հրաժարականի իրական պատճառների մասին:

Հարցին, թե ներկայում ինչ մթնոլորտ է Կապանի համայնքապետարանում, Գեւորգ Փարսյանը պատասխանում է՝ աշխատանքային նորմալ մթնոլորտ:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք 8 հոգու հրաժարականները դիտարկում է որպես սաբոտաժ իր նկատմամբ, Կապանի համայնքապետը պատասխանում է. «Սա պայմանավորում եմ նրանով, որ իշխանությունները Կապանը տարան ավագանու արտահերթ ընտրությունների եւ նման ձեւով ուզում են ինձնից ազատվել»:

Իր անձի նկատմամբ տրամադրվածությունը Փարսյանը կապում է պատերազմական եւ հետպատերազմական իրավիճակի հետ, մասնավորապես՝ նրա հետ, որ պատերազմից հետո ինքը հրապարակայնորեն հակաիշխանական դիրքորոշում է ունեցել:

-Ի՞նչ հարցերի շուրջ են եղել տարաձայնությունները իշխանությունների հետ, որ վերջիններս սկսեցին տրամադրվել Ձեր դեմ:

-Պատերազմից հետո տեղի ունեցան քաղաքական գործընթացներ, կար քաղաքական լուրջ ճգնաժամ։ Կապանում հանդես եկա խոսքով, որ քաղաքական ճգնաժամը լուծելու համար անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։

-Այսինքն՝ Ձեր խոսքը Ձեր դեմ ուղղվե՞ց:

-Կարելի է նաեւ այդպես ասել:

-Սյունիքի համայնքապետների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, Ձեր դեմ քրգործ չեղավ, ի՞նչ եք կարծում:

-Փորձեր եղան, քրեական գործ հարուցելու նյութերը մերժվեցին, հիմք չկար:

-Իսկ քաղաքապետարանում ստուգումներ անցկացվեցի՞ն:

-Վերջին ստուգումները ՊՎԾ-ի կողմից կատարված ստուգումներն էին:

Եվ այսպես, Կապանն առաջիկայում պատրաստվելու է ավագանու արտահերթ ընտրությունների: Օգոստոսի 11-ին համայնքապետարանը արձանագրություն է կազմել ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին, որն ուղարկվել է մարզպետարան: Փարսյանի փոխանցմամբ՝ օրենքով սահմանված կարգով որոշում պետք է կայացվի արտահերթ ընտրությունների վերաբերյալ:

Քվեարկության օրը դեռ հայտնի չէ: Համայնքի գործող ղեկավարը նշում է, որ ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների համար 3 օր է առանձնացրել՝ հոկտեբերի 17, նոյեմբերի 14 եւ դեկտեմբերի 5:

Գեւորգ Փարսյանը գալիք ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը: Բայց եթե 2018-ի հոկտեմբերին, ինքնառաջադրվելով եւ լինելով անկուսակցական, նա հաղթեց գործող իշխանության թեկնածու, ՔՊ-ական, ներկայում Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանին, ապա այս անգամ պետք է մասնակցի որեւէ քաղաքական ուժի կազմում: Թե որ ուժը կսատարի իրեն, Փարսյանը նշում է՝ լրացուցիչ կհայտարարի այդ մասին: Իսկ թե արդյոք ասպարեզում կան մրցակիցներ, ասում է, թե խոսակցությունների մակարդակով գիտի, որ շոշափվում է Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի անունը:

Վերընտրվելու հնարավորությունների մասին հարցին Կապանի ներկա ղեկավարն ասում է, որ գնահատական տվողը քաղաքացիներն են:

Գեւորգ Փարսյանն ասում է, որ կիսատ շատ գործեր կան գրեթե բոլոր ոլորտներում ՝ քաղաքաշինության, կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում, վերընտրվելու դեպքում շարունակելու է զբաղվել համայնքի՝ պարտադիր լուծում պահանջող խնդիրներով:

Կապանի ղեկավարի հետ զրուցել ենք նաեւ այս ամիս թշնամու կողմից Գորիս-Կապան ճանապարհը փակելու միջադեպի մասին:

-Պարոն Փարսյան, օգոստոսի 25-ին ադրբեջանցիները փակել էին Գորիս-Կապան ճանապարհի երկու հատված: Ինչի՞ արդյունքում բացվեց ճանապարհը, ի՞նչ քննարկվեց, ի՞նչ փոխհամաձայնություն ձեռք բերվեց:

-Երկու օր բանակցություններ ընթացան, որոնց մասնակցում էին ռուս սահմանապահների հրամանատարական կազմը եւ մեր ԱԱԾ-ի ներկայացուցիչները։ Վերջնարդյունքում եկան համաձյանության, եւ ճանապարհը բացվեց մի վերապահումով․ տեղադրվեցին բետոնե արգելապատնեշներ ռուս սահմանապահների հսկողության ներքո՝ երթեւեկությունը դանդաղեցնելու համար։ Երկու հատվածում բետոնե արգելապատնեշ է դրվել՝ Որոտանում եւ Նոր Առաջաձորում։ Այդտեղ տեղակայվելու են ռուս սահմանապահները, որոնք ճանապարհի այդ հատվածներում իրենց վերակարգերը, անձնակազմի թիվը մեծացնելու են, որ ամբողջովին ապահովեն անվտանգ երթեւեկությունը։

-Հիմա, Ձեր կարծիքով, անվտա՞նգ է երթեւեկելն այդտեղով:

-Ռուս սահմանապահները երեկվա դրությամբ ինձ երաշխավորեցին, որ այդ հատվածներում երթեւեկելն անվտանգ է։

-Իսկ օդանավակայանի մոտ ի՞նչ վիճակ է:

-Այդտեղ վիճակն անփոփոխ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter