HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Խծաբերդի և Հին Թաղերի գործով մեղադրյալ, փոխգնդապետ Արսեն Ղազարյանին կալանավորելու միջնորդությունը երկրորդ անգամ մերժվեց

Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը հանձնելու, 62 շիրակցիների գերի ընկնելու գործով մեղադրյալ, փոխգնդապետ Արսեն Ղազարյանը չի կալանավորվի։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, այսօր մերժել է փոխգնդապետին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ղազարյանի պաշտպաններից Սյուզաննա Խչեյանը։

Հիշեցնենք, որ Խծաբերդն ու Հին Թաղերը հանձնելու, այս տարածքներում 62 անձանց գերի ընկնելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Ղազարյանին մի քանի հոդվածով մեղադրանք է առաջադրված, որոնց թվում՝ զենք գործադրելուց հրաժարվելը, հրաման չկատարելը, մարտական դիրքը թողնելը։

Վերջինս մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա պաշտպաններ Վահան Հովհաննիսյանն ու Սյուզաննա Խչեյանը համոզված են, որ Ղազարյանին մեղադրանք առաջադրելով՝ իշխանությունները պարզապես փորձում են պարտության և վերը նշված գյուղերը հանձնելու մեղքը բարդել Ղազարյանի վրա։

Երեկ Ղազարյանն ու պաշտպանները հանդիպում են ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում որոշ մանրամասներ են պատմել։ Մասնավորապես՝ ըստ պաշտպանական կողմի՝ պատերազմից հետո՝ դեկտեմբեր ամսին Արսեն Ղազարյանն իր ենթակա շուրջ 100 անձից կազմված զորամիավորմամբ մեկնել է Հադրութի շրջանի Հին Թաղերի ու և Խծաբերդի դիրքեր, որտեղ անձնակազմը տեղակայվել է Ղազարյանի վերադասի հրամանի հիման վրա։ Տեղաբաշխումը, Ղազարյանի պնդմամբ, եղել է այնպիսին, որ ենթակա ստորաբաժանումների հետ, որոնց մեջ են եղել գերի ընկած անձինք, կապը կտրվել է, իսկ թե ինչ հանգամանքներում են 62 անձինք գերի ընկել, Ղազարյանին հայտնի չէ։

Ղազարյանին կալանավորելու հարցը երկրորդ անգամ էր քննվում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Մեկ անգամ նրան կալանավորելու միջնորդությունը մերժվել է, սակայն հետագայում այդ որոշումը Վերաքննիչ դատարանը բեկանել է ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Վերաքննիչ դատարանի որոշման դեմ պաշտպանները Վճռաբեկ բողոք են ներկայացրել, որը վարույթ չի ընդունվել։ Նման պայմաններում առաջին ատյանի դատարանում Ղազարյանի կալանավորման միջնորդությունը նորից ենթակա էր քննության։

Նշենք, որ ի սկզբանե նիստը նշանակված է եղել այսօր, սակայն երեկ՝ լրագրողների հետ հանդիպումից հետո, պաշտպանական թիմին դատարանից հայտնել են, որ նիստի օրը տեղափոխվում է։ Կալանավորման միջնորդության քննությունը կայացել է երեկ, իսկ Ղազարյանին չկալանավորելու վերաբերյալ որոշումը դատարանը հրապարակել է այսօր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter