HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայաստանը խախտել է Ալեքսանդր Արզումանյանի հավաքների ազատության իրավունքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ալեքսանդր Արզումանյանի գործով այսօր Հայաստանի դեմ վճիռ է կայացրել, ըստ որի՝ խախտվել է Ա. Արզումանյանի՝ հավաքների և միավորման ազատության իրավունքը (Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդված): Հայաստանի կառավարությունը պարտավոր է 3 ամսվա ընթացքում Ալեքսանդր Արզումանյանին վճարել 9000 եվրո, որպես բարոյական վնասի հատուցում և 2600 եվրո՝ կատարած դատական ծախսերի համար:

ՄԻԵԴ-ում Ա. Արզումանյանի շահերը պաշտպանել են Վահե Գրիգորյանը, ով այժմ ՍԴ դատավոր է, և փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Նշենք, որ 2018թ.-ին ՄԻԵԴ-ը Արզումանյանի գործով ևս մեկ վճիռ էր կայացրել Հայաստանի դեմ: Այս անգամ խախտում էր արձանագրվել Կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգման արգելք) և 5-րդ (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածների մասով: Բարոյական վնասի համար Հայաստանի կառավարությունը պետք է վճարեր 200 եվրո, դատական ծախսերի մասով՝ 500 եվրո: Այդ գործը վերաբերել է Արզումանյանի կալանավորմանը՝ փողերի լվացման մեղադրանքով:

Ա. Արզումանյանն այժմ Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է:

Ալեքսանդր Արզումանյանը վիճարկում էր 2008թ. փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո՝ փետրվարի 20-ից մարտի 1 -ն ընկած ժամանակահատվածում ցույցերին մասնակցելու իր իրավունքների խոչընդոտման հանգամանքը:

Մասնավորապես այն, որ ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, այդ ժամանակ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ էր արել իր կողմնակիցներին հավաքվել Երևանի Ազատության հրապարակում` բողոքելու ընտրական գործընթացում տեղի ունեցած խախտումների դեմ` հայտարարելով, որ ընտրությունները ազատ ու արդար չեն անցկացվել: 2008 թ. փետրվարի 20-ից սկսած, Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից անցկացվում էին ամենօրյա բողոքի հանրահավաքներ, որոնց հիմնական հանդիպումը Ազատության հրապարակն ու հարակից այգին էին: Այդ ժամանակահատվածում մի քանի հարյուր ցուցարար շուրջօրյա մնում էին հրապարակում տեղադրված վրաններում:

Մարտի 1-ի լուսաբացին ոստիկանները բռնի կերպով դադարեցրել էին բողոքի ակցիան և ցուցարարներին դուրս հանել Ազատության հրապարակից: Ալեքսանդր Արզումանյանը ՄԻԵԴ-ին հայտնել է, որ ոստիկանական գործողության նպատակը բռնի կերպով հավաքի դադարեցումն էր: Այդ նպատակով ոստիկանական մեծ ուժերը ռետինե մահակներով և էլեկտրահարման սարքերով դաժանաբար հարձակվել են ցուցարարների վրա՝ առանց որևէ նախնական նախազգուշացման, նրանց ստիպելով լքել հրապարակը:

Ազատության հրապարակը ցուցարարներից ազատելուց հետո նրանցից ոմանք տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածք, Երևանի քաղաքապետարանի և Մյասնիկյան հուշարձանի մոտ:

Ալեքսանդր Արզումանյանը նույնպես ներկա է եղել այդ տարածքում: Հանրահավաքները շարունակվել են այդ հատվածում, ներառելով նաև հարակից փողոցները, այդ թվում՝ Գրիգոր Լուսավորիչ, Մաշտոց, Լեո և Պարոնյան: Մարտի 2-ի վաղ առավոտյան լարվածությունն աստիճանաբար սրվել էր և բախումներ սկսվել որոշ ցուցարարների և իրավապահների միջև:  Դրա հետևանքով տասը մարդ, այդ թվում՝ ութ քաղաքացիական անձ, մահացել են, բազմաթիվ մարդիկ վիրավորվել են, վնասվել է հանրային և մասնավոր սեփականությունը: Դրանից հետո երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն: Հարուցվել են քրեական գործեր:

2008թ. մարտի 10-ին Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից` պետական ​​իշխանության յուրացման կասկածանքով: Երկու օր անց՝ մարտի 12-ին, Արզումանյանին պետական ​​իշխանության յուրացման մեղադրանք էր առաջադրվել, և նա կալանավորվել էր:

2008թ. դեկտեմբերի 1-ին դատախազը հաստատել էր մեղադրական եզրակացությունը Ալեքսանդր Արզումանյանի և ընդդիմության վեց այլ առաջնորդների դեմ (հայտնի է որպես «Յոթի գործ») և ուղարկել դատարան:

2009թ. հունիսի 22-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների դատարանը Ա. Արզումանյանին մեղավոր էր ճանաչել` զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, նրան դատապարտելով հինգ տարվա ազատազրկման: Արզումանյանի նկատմամբ համաներում էր կիրառվել և ազատ արձակվել:  

Դատավճիռը բողոքարկվել էր Վերաքննիչ, այնուհետև Վճռաբեկ դատարան: Վերաքննիչ դատարանը մերժել էր բողոքը, իսկ Վճռաբեկ դատարանը չէր ընդունել բողոքը: Դրանից հետո Արզումանյանը դիմել էւ ՄԻԵԴ:

Ալեքսանդր Արզումանյանը ՄԻԵԴ-ի գանգատում նշել է, որ իր նկատմամբ իրականացված հետապնդումը և դատապարտումը ուղիղ առնչություն ունեն Կոնվենցիայի 10-րդ (Արտահայտվելու ազատության իրավունք) և 11–րդ (Հավաքների և միավորման ազատության իրավունք) հոդվածների հետ, որոնք էլ խախտվել են:

Կառավարությունը ՄԻԵԴ-ում պնդել է, որ Արզումանյանը չի ունեցել տուժողի կարգավիճակ, քանի որ նա չի ներկայացրել որևէ փաստ կամ ապացույց` ի պաշտպանություն իր պնդման, որ իր նկատմամբ հետապնդումը կամ դատապարտումը անմիջականորեն կամ անուղղակիորեն կապված են եղել իր արտահայտման կամ խաղաղ հավաքների ազատության իրավունքի հետ:

Ա. Արզումանյանն էլ պնդել է, որ միջամտություն է եղել իր՝ արտահայտվելու ազատության և հավաքների մասնակցության իրավունքներին, քանի որ ենթարկվել է քրեական պատասխանատվության և դատապարտվել է զանգվածային ցույցերին իր դերի և մասնակցության համար: Ըստ նրա՝ Երևանի Ազատության հրապարակում 2008թ. փետրվարի 20-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում անցկացվող հանրահավաքները լիովին խաղաղ են եղել և մասնակիցները որևէ բռնի մտադրություն չեն ունեցել: Կառավարությունը չի կարողացել որևէ ապացույցով հաստատել հակառակ պնդումը: Իսկ իր նկատմամբ քրեական հետապնդումը և դատապարտումը պայմանավորված էին ընդդիմությանը ցուցաբերած աջակցությամբ, որը ներառում էր ընդդիմության թեկնածուի նախընտրական քարոզչական շտաբի ղեկավարելը, հանրահավաքներին ակտիվ մասնակցելը և ելույթներ ունենալը: Հետապնդման իրական նպատակը եղել է պատժելն ու չեզոքացնելը, որպես հայտնի ընդդիմադիր գործչի:

Կառավարությունը այս մասով դարձյալ պնդել է, որ որևէ միջամտություն չի եղել Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով երաշխավորված Ա. Արզումանյանի իրավունքներին: Իսկ Ազատության հրապարակում 2008թ. փետրվարի 20-ից 29-ը տեղի ունեցած հավաքները խաղաղ չէին և ունեին բռնի մտադրություններ: Ա. Արզումանյանն էլ մեղավոր է ճանաչվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:

ՄԻԵԴ-ը գտել է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը կապված է 11-րդ հոդվածի հետ, ըստ որի՝ Արզումանյանը դատապարտվել է խաղաղ հավաքներ անցկացնելու համար, հետևաբար դիմումատուի բողոքները պետք է քննվեն միայն 11-րդ հոդվածի համաձայն: Մյուս կողմից, անկախ իր ինքնուրույն դերից և կիրառման հատուկ ոլորտից, 11-րդ հոդվածը, տվյալ դեպքում, պետք է դիտարկվի նաև 10 -րդ հոդվածի լույսի ներքո:

ՄԻԵԴ-ը, կրկնելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումը, նշել է, որ միջամտությունը չպետք է նշանակի ուղղակի արգելք՝ օրինական կամ դե ֆակտո, այլ կարող է բաղկացած լինել իշխանությունների ձեռնարկած տարբեր այլ միջոցառումներից: Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «սահմանափակումներ» տերմինը պետք է մեկնաբանվի, քանի որ ներառում է ինչպես միջոցառումներից առաջ, այնպես էլ դրա ընթացքում ձեռնարկված միջոցառումները, ինչպիսիք են՝ նախնական արգելքը, հանրահավաքի ցրումը կամ մասնակիցների ձերբակալությունը, ինչպես նաև դրանից հետո ձեռնարկված պատժամիջոցները, ներառյալ հանրահավաքի մասնակցության համար նշանակված տույժերը:

ՄԻԵԴ-ը նշում է, որ Կառավարությունը վիճարկում է միջամտության առկայությունը՝ պատճառաբանելով, որ Ազատության հրապարակում հավաքը և Ա. Արզումանյանի գործողությունները խաղաղ չեն եղել: Այդ կապակցությամբ դատարանը հիշեցնում է, որ արդեն ուսումնասիրել է Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի հանգամանքները և պարզել, որ այն անցել է խաղաղ, առանց բռնության կամ բռնության որևէ հրահրման (Մուշեղ Սաղաթելյանի և Մյասնիկ Մալխասյանի գործերով): Դատարանը նաև նշում է, որ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» համար դիմումատուի դատապարտումը վերաբերում էր հետընտրական բողոքի շարժմանը նրա ներգրավվածությանը, ներառյալ Ազատության հրապարակում հավաքին մասնակցելը և ելույթները, հետևաբար, միջամտություն էր նրա ազատության իրավունքին: Նույն պատճառով, Դատարանը մերժում է Կառավարության առարկությունը կապված Արզումանյանի՝ տուժողի կարգավիճակի բացակայության հետ:

ՄԻԵԴ-ը նշել է, որ հավաքների ազատության իրավունքը, որը ժողովրդավարական հասարակության հիմքերից է, ենթակա է մի շարք բացառությունների, որոնք պետք է սերտորեն մեկնաբանվեն և ցանկացած սահմանափակումների անհրաժեշտությունը պետք է համոզիչ կերպով հաստատվի: Քննելով այն, թե արդյոք Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների սահմանափակումները կարող են համարվել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում», պետություններն ունեն գնահատման որոշակի, բայց ոչ անսահմանափակ սահման:

ՄԻԵԴ-ի դիտարկմամբ՝ իր խնդիրն է ոչ թե փոխարինել համապատասխան ազգային իշխանությունների տեսակետը սեփական տեսակետով, այլ 11-րդ հոդվածի հիման վրա վերանայել նրանց ընդունած որոշումները: Սա չի նշանակում, որ այն պետք է սահմանափակվի` պարզելու համար, թե արդյոք պետությունն իր հայեցողությունն օգտագործել է ողջամտորեն, ուշադիր և բարեխղճորեն: Պետք է դիտարկվի միջամտությունը, որը բողոքարկվում է ամբողջ գործի լույսի ներքո և պարզվի՝ «օրինական նպատակ» հետապնդելուց հետո արդյոք այն պատասխանում է «հրատապ սոցիալական կարիքներին»: Մասնավորապես, արդյոք դա համաչափ է այդ նպատակին և արդյո՞ք ազգային իշխանությունների կողմից այն հիմնավորելու պատճառները «տեղին և բավարար» էին: Դրանով Դատարանը պետք է ինքն իրեն համոզի, որ ազգային իշխանությունները կիրառել են չափանիշներ, որոնք համապատասխանում էին 11 -րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին և, ավելին, որ իրենց որոշումները հիմնավորել են համապատասխան փաստերի ընդունելի գնահատմամբ:

ՄԻԵԴ-ը փաստել է նաև, որ ցույցերի խաղաղ մասնակիցները չեն կարող պատասխանատվություն կրել ուրիշների կողմից կատարված դատապարտելի արարքների համար: Խաղաղ հավաքներին մասնակցելու ազատությունն այնպիսի կարևորություն ունի, որ անձը չի կարող ենթարկվել պատժամիջոցների, այն ցույցին մասնակցելու համար, որն արգելված չէ, քանի դեռ այդ անձն ինքն իրեն որևէ դատապարտելի արարք չի կատարում:

ՄԻԵԴ-ը համոզիչ և փաստարկված չի համարել Կառավարության առարկությունները: Ըստ այդմ, արձանագրել է Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում:

Լուսանկարը՝ Ա. Արզումանյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter