HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արա Բանդուրյանի և Վահագն Գևորգյանի գործի քննությունն այսօր սկսվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահագն Մելիքյանի, այսօր սկսվեց «Նորատուսցի Արա» անունով հայտնի Արա Բանդուրյանի և Հրաչիկ Գևորգյանի գործով դատական նիստը։ Գևորգյանը դատարան էր բերվել կալանավայրից, իսկ Արա Բանդուրյանն, ում նկատմամբ այս գործով հետախուզում է հայտարարված եղել, ազատության մեջ է․ ամիսներ առաջ 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Բանդուրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 223.1 հոդվածով՝ «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը»։ Հրաչիկ Գևորգյանին վերագրվող հոդվածներն ավելի շատ են՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը, մարդ առևանգելը, շորթում կատարելը, ազատությունից ապօրինի զրկելը։

Ըստ մեղադրանքի՝ Գևորգյանը 2020 թվականի հունիսի 17-ին Երևանում գործող «Բելուչի» կարաոկե ակումբի նկուղային հարկում Արթուր Գուրգենի Էլիզբարյանի, Արտյոմ Կառլենի Թելունցի և քննությամբ ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով ազատությունից ապօրինի զրկել է երկուսից ավելի անձանց՝ Ալեն Աշոտի Ասատրյանին, Արթուր Աշոտի Ասատրյանին և Անուշավան Գառնիկի Առուշանյանին, որի ընթացքում Հրաչիկ Գևորգյանն Արթուր Էլիզբարյանի հետ խմբի կազմում, Արթուր Ասատրյանի, Ալեն Ասատրյանի և Անուշավան Առուշանյանի նկատմամբ բռնություն գործադրելով, Արթուր Ասատրյանից և Ալեն Ասատրյանից պահանջել է առանձնապես խոշոր չափերով գումար։

Այսօրվա դատական նիստին Հրաչիկ Գևորգյանի պաշտպաններ Սմբատ Մինասյանն ու Վահագն Բաբայանը դատավոր Վահագն Մելիքյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին։ Պաշտպանների պնդմամբ՝ Դատախազությունը քրեական գործը դատավարական ժամկետների խախմամբ է ուղարկել դատարան, սակայն այս հանգամանքը դատարանը հաշվի չի առել։

Սմբատ Մինասյանն ու Վահագն Բաբայանը Գևորգյանի շահերի պաշտպանությունը ստանձնել են այն ժամանակ, երբ գործն արդեն ուղարկվել էր դատարան։ Երբ դատավոր Վահագն Մելիքյանը Հրաչիկ Գևորգյանի խափանման միջոցի գործով դատական նիստ է նշանակել, պաշտպանները ժամանակ են խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար, և դատարանը նրանց մեկ օր ժամանակ է տրամադրել։ Այժմ Մինասյանն ու Բաբայանը պնդում են, որ թեև իրենց մեկ օր ժամանակ է տրամադրված եղել՝ դատարանը նիստը նշանակել է մեկ օրը դեռևս չլրացած՝ այդպիսիով իրենց հնարավորություն չտալով պատշաճ ծանոթանալ գործի նյութերին։

Նշենք, որ Արա Բանդուրյանի և Հրաչիկ Գևորգյանի գործից բացի դատարանում քննվում է վերը նկարագրված դեպքերի առթիվ ևս մեկ գործ։ Այդ գործով ամբաստանյալի աթոռին են Արտյոմ Թելունցն ու Արթուր Էլիզբարյանը։ Սմբատ Մինասյանն ու Վահագն Բաբայանը ողջ նախաքննության ընթացքում ներկայացրել են Էլիզբարյանի շահերը։

Դատախազ Սեդրակ Բեսալյանը դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս դիտարկեց, որ Մինասյանն ու Բաբայանը, փաստորեն, գործի նախաքննության ողջ ընթացքում ներգրավված են եղել՝ որպես պաշտպաններ և գործի նյութերին ծանոթ են։ Դատավոր Մելիքյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, և քիչ անց, խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։

Երբ դատարանն անցնում էր ամբաստանյալների ինքնությունները ճշտելուն, քննարկվեց դատական նիստի տեսանկարահանման հարցը։ Արա Բանդուրյանն առարկեց, Հրաչիկ Գևորգյանն ու պաշտպաններն առաջարկություններ չներկայացրին։ Դատարանը որոշեց տեսանկարահանումը թույլատրել մասնակի։

Հետո դատարանը պարզեց՝  արդյոք ամբաստանյալները ստացել են մեղադրական եզրակացության պատճենները։ Պարզվեց, որ Հրաչիկ Գևորգյանը չի ստացել և ծանոթ չէ մեղադրական եզրակացությանը։ Նման պայմաններում դատական նիստը ենթակա էր հետաձգման։ Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 13-ին։

Նույն դեպքերի առթիվ ամբաստանվող Արթուր Էլիզբարյանի և Արտյոմ Թելունցի վերաբերյալ գործը, որն, ինչպես նշեցինք, առանձին վարույթով է քննվում, մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Այն նույնպես նոր է ուղարկվել դատարան։ Դատավոր Մարտիրոսյանը օգոստոսի 12-ին քննել է Թելունցի և Էլիզբարյանի խափանման միջոցի հարցն ու որոշել նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ։

Նշենք, որ ըստ քրեական գործի՝ 2020 թվականի հունիսի 17-ին Ալեն Ասատրյանը ֆինանսական տարաձայնությունների հարցով «Բելուչի» կարաոկե ակումբում հանդիպել է Արտյոմ Թելունցին, նրա եղբորը՝ Արման Թելունցին, Հրաչիկ Գևորգյանին, Արթուր Էլիզբարյանին և քննությամբ ինքնությունները չպարզված մի խումբ անձանց: Խոսակցության ընթացքում Արթուր Էլիզբարյանն Ալեն Ասատրյանին հայտնել է վերջինիս կողմից նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունն անտեսելու հանգամանքը՝ նշելով, թե ֆինանսական տարաձայնությունների կարգավորման հետ կապված յուրաքանչյուր խոսակցության մասին վերջինս պետք է տեղեկացներ իրենց ու այդ հանգամանքն օգտագործելով որպես պատրվակ՝ Արթուր Էլիզբարյանը և Հրաչիկ Գևորգյանը նպատակադրվել են բռնություն գործադրելով՝ Ալեն Ասատրյանից և նրա եղբորից՝ Արթուր Ասատրյանից, շորթմամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումար:

Ըստ Հրաչիկ Գևորգյանի մեղադրանքի՝ հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, Արթուր Ասատրյանը և Հրաչիկ Գևորգյանն իրենց խոսքը անտեսելու և սխալ պահելու պատրվակով Ալեն Ասատրյանից պահանջել են 3 127 800 դրամին համարժեք 6500 ԱՄՆ դոլար գումար, իսկ Հրաչիկ Գևորգյանը՝ ներկայացված պահանջը չկատարելու դեպքում, սպասվելիք բռնության գործադրման սպառնալիքն ավելի իրական դարձնելու նպատակով, բռնություն է գործադրել Ալեն Ասատրյանի նկատմամբ՝ երկու անգամ ձեռքով հարվածելով Ալեն Ասատրյանի դեմքի շրջանին, որի ընթացքում Արթուր Էլիզբարյանն Ալեն Ասատրյանից պահանջել է, որպեսզի վերջինս կարճ ժամանակ մտածելուց հետո նշի 3 127 800 դրամին համարժեք 6500 ԱՄՆ դոլար գումարը վճարելու կոնկրետ ժամկետ։ Հետո Ալեն Ասատրյանը հեռացել է կարաոկե ակումբից՝ պահանջված գումարի վճարման հարցը քննարկելու նպատակով։ Ասատրյանը զանգահարել և կարաոկե ակումբի մոտակայք է հրավիրել եղբորը՝ Արթուր Ասատրյանին, ով, ժամանելով ակումբ, Արթուր Էլիզբարյանի, Հրաչիկ Գևորգյանի և քննությամբ ինքնությունները չպարզված մյուս անձանց հետ իջել է ակումբի նկուղային հարկ, որտեղ, ներկայացված պահանջը չկատարելու դեպքում, սպասվելիք բռնության գործադրման սպառնալիքն ամրապնդելու նպատակով, փակելով ակումբի մուտքի դուռը, Գևորգյանն ու մյուս անձինք բռնություն են գործադրել Արթուր Ասատրյանի նկատմամբ՝ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին ու շարունակել պահանջել գումարը։ Հետո, ըստ մեղադրանքի, նորից նկուղային հարկ են հրավիրել Ալեն Ասատրյանին և վերջինիս հետ գտնվող Անուշավան Առուշանյանին, նրանց ևս զրկել ազատությունից։

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Հրաչիկ Գևորգյանը 2020 թվականի հունիսի 26-ին՝ ժամը՝ 02:30-ի սահմաններում, Արթուր Էլիզբարյանի, Արտյոմ Թելունցի և քննությամբ ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան 18/1 հասցեի դիմացից խաբեության միջոցով բացահայտ առևանգել է Ալեն Ասատրյանին:

Ըստ այս դրվագի՝ Հրաչիկ Գևորգյանն Արթուր Էլիզբարյանի, Արտյոմ Թելունցի և քննությամբ ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ գնացել է Դավիթաշեն 1-ին թաղամասի 9-րդ շենքի մոտ, որտեղ  խմբով հանդիպել են Ալեն Ասատրյանին։  Հրաչիկ Գևորգյանը փորձել է բռնություն գործադրելով՝ քաշելով, Ալեն Ասատրյանի կամքին հակառակ, նրան նստեցնել Արթուր Էլիզբարյանի կողմից վարվող ավտոմեքենան, սակայն Ալեն Ասատրյանը, հրելով նրան մի կողմ, կանխել է նրա գործողությունները: Այնուհետև Արթուր Էլիզբարյանը, լրացնելով Հրաչիկ Գևորգյանի գործողությունները, խաբեության միջոցով, այն է՝ Ալեն Ասատրյանին հավաստիացնելով, որ գնալու են երկուսով առանձին զրուցեն, նրան նստեցրել է իր կողմից վարած ավտոմեքենան և շեղվելով ճանապարհից՝ Ալեն Ասատրյանին տեղափոխել Կենտրոն վարչական շրջան, որոնց մեկ այլ ավտոմեքենայով հետևել են Հրաչիկ Գևորգյանը, Արտյոմ Թելունցը, Նարեկ Հարությունյանը և քննությամբ ինքնությունները չպարզված մի խումբ անձինք: Հասնելով Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող «Մարգարյան» հիվանդանոցի դիմացի հատվածում գտնվող զբոսայգի, Հրաչիկ Գևորգյանն Արթուր Էլիզբարյանի, Արտյոմ Թելունցի, Նարեկ Հարությունյանի և այլ անձանց հետ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ալեն Ասատրյանի մարմնի տարբեր մասերին, ապա Ալեն Ասատրյանին բռնություն գործադրելու սպառնալիքի ազդեցության տակ ուղեկցել Երևանում գտնվող մի տուն, որտեղ ներսից կողպել են տան մուտքի դռան փականը՝ այդ կերպ և իրենց ներկայությամբ խոչընդոտելով Ալեն Ասատրյանի տանից դուրս գալը և սահմանափակելով նրա ազատությունը:

Ըստ մեղադրանքի՝  Հրաչիկ Գևորգյանը, ներգրավված լինելով քրեական հեղինակություն հանդիսացող «Նորատուսցի Արա» մականվամբ Արա Բանդուրյանի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մեջ և 2020 թվականի հունիս ամսին շարունակելով ներգրավված լինել խմբավորման մեջ, մասնակցել է Արթուր Էլիզբարյանի կողմից խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը, մասնավորապես՝ ֆինանսական վեճ լուծելու և արդյունքում 3000 ԱՄՆ դոլար գումար օգուտ ստանալու գործընթացին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter