HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եկել նոր հեծանիվ են հորինում». կարծիքներ արեւմտահայերենին «հատուկ կարգավիճակ» տալու մասին

Այսօր արեւմտահայերենի պահպանությունը համազգային գերխնդիր է. այս համոզմունքին է Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը: Նա ընդգծում է, որ 2010 թ. ՅՈւՆԵՍԿՕ-ն արեւմտահայերենը դասել է վտանգի եւ կորստի ենթակա լեզուների ցանկում: Գարագաշյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանությունից հետո դասական սփյուռքի հայաշատ համայնքերում հիմնվեցին կրթական օջախներ, սակայն տասնամյակների ընթացքում, հատկապես արեւմտյան սփյուռքի համայնքներում, հայախոսությունն ու արեւմտահայերենի գործածությունը զգալիորեն նահանջել են:

«Հորիզոնի» գլխավոր խմբագիրը «Հետքի» հետ զրույցում անդրադարձել է ՀՀ կառավարության հնգամյա (2021-2026 թթ.) ծրագրում տեղ գտած կետերից մեկին, որը վերաբերում է արեւմտահայերենին: Համաձայն այդ ծրագրի՝ կառավարությունը նախատեսում է Հայաստանում արեւմտահայերենին հատուկ կարգավիճակ տալու օրենսդրական հնարավորությունները դիտարկել։ Ըստ այդմ՝ գործադիրը ծրագրում է կազմակերպել արեւմտահայերենի պահպանությանն ուղղված կրթական եւ գիտական միջոցառումներ, որոնց շնորհիվ ամրապնդվելու է արեւմտահայերենի կարգավիճակը բարձրագույն կրթության, հանրակրթական եւ լրացուցիչ ծրագրով։ Ծրագրում նաեւ ասվում է, որ քայլեր են ձեռնարկվելու՝ շարունակաբար նպաստելու սփյուռքում մանկավարժական եւ համայնքային կադրային բազայի (մասնագիտական հենք) ձեւավորմանը, ուսուցչական կազմի կարողությունների հզորացմանը:

«Հայաստանի եւ սփիւռքահայ համայնքներու յարաբերութիւններու զարգացման գծով այսօր անհրաժեշտ է արեւմտահայերէնի տարածումը հայրենիքին մէջ եւ այդ գործընթացի գլխաւոր մեկնակէտը պէտք է հանդիսանայ Հայաստանի ուսումնական կեդրոններէն ներս արեւմտահայերէնի դասաւանդումը։ Արեւմտահայերէնի պահպանման, զարգացման եւ ուսուցման համար ցարդ չէ կայացած պետական համակարգուած ծրագիր, կամ աւելի ճիշդ՝ արեւմտահայերէնի պահպանման որեւէ ռազմավարական հայեցակարգ ցարդ գործադրութեան հունի մէջ չէ դրուած»,- նշում է Վահագն Գարագաշյանը, ապա դիտարկում երեք քայլ՝ ուղղված Հայաստանում արեւմտահայերենի տարածմանը:

-Առաջին քայլը Հայաստանի դպրոցներու եւ բարձրագոյն ուսման հաստատութիւններէ ներս արեւմտահայերէնը որպէս դասաւանդման առարկայ ընդգրկումն է։

Երկրորդ՝ ՀՀ լեզուի պետական տեսչութեան լեզուական քաղաքականութեան բնագաւառէն ներս, յատկապէս արեւելահայերէնի եւ արեւմտահայերէնի մերձեցման նպատակաուղուածութիւնը ապահովելու ծիրէն ներս, անհրաժեշտ է ստեղծել սփիւռքահայ եւ հայրենի մասնագէտներէ բաղկացած Արեւմտահայերէնի Պահպանման Յատուկ Յանձնաժողով՝ այս կառոյցի հետագայ առաքելութեան կիզակէտը դարձնելով Հայ լեզուի կանոնարկման եւ Հայատանի կրթական օճախներու մէջ արեւմտահայերէնի դասաւանդման անյետաձգելի հիմնախնդիրը։

Երրորդ՝ դարձեալ ՀՀ լեզուի պետական տեսչութեան լեզուական քաղաքականութեան ծիրէն ներս, ստեղծել Հայկական Բարբառներու Պահպանման յանձնաժողով եւ այս ենթակառոյցին վստահիլ Արցախի, Մուսա Լերան, Քեսապի եւ սակաւաթիւ այն բարբառներու պահպանման առաքելութիւնը, որոնք առնուազն, տակաւին մինչ օրս կը խօսուին Հայաստանի կամ սփիւռքի մէջ»:

«Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը մեջբերում է սփյուռքահայ գրող Մուշեղ Իշխանի հետեւյալ տողերը՝ «Հայ լեզուն տունն է հայուն աշխարհիս չորս ծագերուն, Ուր կը մտնէ ամէն հայ իբրեւ տանտէր հարազատ»: Գարագաշյանի խոսքով՝ Մուշեղ Իշխանի այս տողերը հիշեցնում են, որ լեզվի պահպանումը ազգի հարատեւության հիմնաքարն է, եւ այն պետք է հավասարապես տարածվի հայերենի երկու ենթաճյուղերում:

Yerakouyn.com եւ armlands.com կայքերի հիմնադիր ու խմբագիր Նաիրի Մկրտչյանն ասում է՝ կառավարության ծրագրի մեջ տեղ գտած ձեւակերպումը նորություն չէ, սփյուռքի նախարարությունը, որը հիմա գոյություն չունի, 10 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնց նպատակն էր կարեւորել արեւմտահայերենի դերն ու նշանակությունը: Ավելացնում է, որ նախարարության պաշտոնական էջն ու «Հայերն այսօր» լրատվական կայքերը պետական կառույցների միակ կայքերն էին, որոնք ունեին արեւմտահայերեն բաժին:

Մկրտչյանի բնորոշմամբ՝ գործադիրի ծրագրում տեղ գտած «հատուկ կարգավիճակի» մասին ձեւակերպումը միայն խոսքեր են: Թե առհասարակ ինչ քայլեր է ակնկալում եւ ինչպես է ընկալում «հատուկ կարգավիճակ» ասվածը, Նաիրի Մկրտչյանը պատասխանում է. «Այս կառավարութենէն ընդհանուր առմամբ գործնական քայլերու ակնկալիք չունիմ, առաւել եւս, երբ հարցը կը վերաբերի արեւմտահայերէնին, որ ազգային արժէք է, իսկ այս կառավարութեան համար ազգային արժէքներ գոյութիւն չունին։ Յատուկ կարգավիճակ ձեւակերպումը անհասկանալի է ինծի համար։ Հայաստանի պետական լեզուն հայերէնն է իր երկու ճիւղերով, որոնց պէտք է հաւասար կարեւորութիւն տալ»:

Հարցին, թե, այնուամենայնիվ, ինչ քայլեր են անհրաժեշտ իրականացնել արեւմտահայերենի՝ Հայաստանում գործածության, տարածման ուղղությամբ, արդյոք ժամանակը չէ, որ դպրոցներում դասավանդվի, մանկավարժական կադրեր պատրաստվեն, «Հետքի» զրուցակիցն ասում է. «Պէտք է արեւմտահայերէն թեքումով դպրոցներ բացուին, յատկապէս, երբ հայրենադարձներու թիւը շատցած է Հայաստանի մէջ, իսկ Լիբանանի մէջ տիրող իրավիճակը կը վկայէ, որ թիւը աճելու միտում ունի։ Պետական պաշտօնական էջերն ու լրատուական կայքերը ռուսերէն եւ անգլերէն տարբերակներուն զուգահեռ պէտք է ունենան նաեւ արեւմտահայերէն բաժին, հեռուստատեսային հաղորդումներու եւ դիպաշարերու մէջ նաեւ արեւմտահայերէնի ներկայութիւնը կարեւոր է»:

Գրականագետ, սփյուռքի նախկին (2013-2018 թթ.) փոխնախարար Սերժ Սրապիոնյանը նույնպես այն կարծիքին է, որ կառավարությունը նորություն չի ներկայացրել, ավելին՝ ժամանակին նման ծրագիր իրագործում էր սփյուռքի նախարարությունը: «Ամեն անգամ այն ծրագրերը, որոնք ազգանպաստ, հայրենանպաստ են եղել, հասկանալով, որ ծայրահեղ սրված իրավիճակ է, այդ ծրագրերը դնում են շրջանառության մեջ: Այս դեպքում խոսքը նաեւ արեւմտահայերենի մասին է»,- նշում է գրականագետը: Սրապիոնյանի ասելով՝ նախորդ իշխանության օրոք սիրիահայերի, մասամբ լիբանանահայերի ներգաղթը գործոն էր նման ծրագրեր իրականացնելու համար՝ հաշվի առնելով, որ վերջիններս հենց արեւմտահայերենի կրողներն էին: «Հետքի» զրուցակցի փոխանցմամբ՝ այն ժամանակ նույնիսկ փաստարկ կար առ այն, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է, եւ չի կարելի տարանջատել արեւմտահայերենն ու արեւելահայերենը:

«Հիմա եկել նոր հեծանիվ են հորինում, թե արեւմտահայերենին կարգավիճակ են տալիս, դպրոցներում պիտի մտնի,- նկատում է Սերժ Սրապիոնյանը,- Լեւոն Մկրտչյանի նախարարության ժամանակ արեւմտահայերեն էին դասավանդում առանձին դպրոցներում: Անհրաժեշտություն էր առաջացել, եւ պատճառն այն էր, որ մեծ թվով սիրիահայեր ներգաղթել էին Հայաստան, որոնց մեջ կային ուսուցիչներ, մասնագետներ: Նրանցից ամենալավ մասնագետներից մեկը Հակոբ Չոլաքյանն էր, որը եւ իբրեւ պատմագետ, լեզվաբան, եւ իբրեւ արեւմտահայերենի գիտակ միջավայրում իր նմանը չունի, բազմաթիվ գրքերի հեղինակ է, արեւմտահայերենի քերականական համակարգը ներկայացրել է մի քանի գրքերով: Այսինքն՝ մենք ունեինք բազան, բայց դժբախտավար, շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ տեղի ունեցավ պետական հեղաշրջումը՝ արեւմտահայերենն էլ, երկրի ճակատագիրն էլ, ժողովրդի պետականության խնդիրն էլ, հայրենիքի խնդիրն էլ նետվեց, Աստված գիտի, պատմության որ խորշերը, դրվեց միայն «նախկիններ-նախկիններ-նախկիններ» ջուլհակի թափանիվի նման պտտվող միտքը, որը զոմբիացրեց ժողովորդի միտքը: Հիմա ոչ ոք չի ուզում հիշել, թե ինչ էր արվում՝ արեւմտահայերենը ամրակայելու համար:

Սերժ Սրապիոնյանի խոսքով՝ կառավարության ներկայացրածը պարզագույն պոպուլիզմ է, եւ եթե անգամ պայմանականորեն համաժողովրդական կամք դրսեւորենք, ծափարենք դրա համար, միեւնույնն է՝ արեւմտահայերենը դպրոցներ չի մտնի: Նա դա նաեւ պայմանավորում է կրթության ներկա եւ նախկին նախարարներով՝ Վահրամ Դումանյանով եւ Արայիկ Հարությունյանով:

Հարցին, թե արդյոք հնարավոր չի լինելու իրագործել հնգամյա ծրագրում ներառված այդ կետը, Սրապիոնյանը բացասական պատասխան է տալիս՝ նշելով, որ բոլոր մասնագետները, որ եկել էին Հայաստան, անուշադրության մատնվեցին՝ կա՛մ փոխեցին մասնագիտությունը, կա՛մ հեռացան երկրից, ու հիմա, թերեւս, մասնագետ էլ չեն կարողանա գտնել: Իսկ ծրագիրն իրագործելու համար, ըստ մեր զրուցակցի, անհրաժեշտ էր արեւմտահայերենի դասընթացներ կազմակերպել բուհերում: Թեեւ Երեւանի պետական համալսարանը, ըստ Սրապիոնյանի, նման բան արել է, շատ սահմանափակ էր ժամանակը, բացի դրանից՝ նման դասընթացներ, գրականագետի մտաբերմամբ, ուներ նաեւ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը:

Սերժ Սրապիոնյանն ասում է՝ արեւմտահայերենին չտիրապետող ցանկացած հայ հայերենի իմացությունը 50 տոկոսով կորցնում է, եւ հենց արեւմտահայերենի շուրջ էր 100-ամյա զարգացման ընթացքը, մեր մշակույթի բարձր թռիչքը:

Կրկին անդրադառնալով կառավարության ծրագրին՝ նա նշում է. «Լավ, իրենք հերթապահ, ժողովրդահաճո, ականջահաճո միտք հայտարարեցին, իսկ ո՞ր մասնագետներն են պարապելու դպրոցներում. քանի՞ դպրոց ունենք, քանի՞ մասնագետ ունենք: Առանձին մասնագետներ էլ կան, որ քիչ է մնում ծափ տան կամ օվացիայի մեջ մտնեն»:

Բանաստեղծ Հարություն Բերբերյանը ողջունելի քայլ է համարում կառավարության ծրագրում արեւմտահայերենին «հատուկ կարգավիճակ» տալու որոշմանը, սակայն նկատում է, որ հարցն այդտեղ դրա սահմանման, միջոցների տրամադրման եւ հատկապես այդ որոշման գործադրման մանրամասների մեջ է:

«Երեսուն տարի է՝ Հայաստանի Հանրապետութեան մէջ դասական ուղղագրութեամբ արեւմտահայերէնով հատորներ կը տպուին՝ Գրիգոր Զօհրապէն մինչեւ Յ. Օշական, Զ. Որբունի, Ն. Սարաֆեան, Գր. Պըլտեան, Վ. Թեքեան եւ բազմաթիւ ուրիշներ: Այս օրերուն «Առաձգական» հատորս եւս պիտի լոյս տեսնէ այստեղ: Սակայն Հայաստանի դպրոցներու նոր դասագրքերու ծրագրին մէջ, տեսանք թէ որքան կրճատուած էր արեւմտահայերէնով ստեղծագործող հեղինակներու բաժինը եւ որքան լայն տեղ տրուածէր միջազգային գրականութեան: Առաջին հակազդողներէն մէկը ես էի այս իրականութեան. Յակոբ Չոլաքեան եւ Վեհանոյշ Թեքեան նոյնպէս հակազդեցին այս երեւոյթին: Յուսամ այս գծով բան մը փոխուեցաւ ծրագրի վերջնական ձեւաւորումին մէջ: Հիմնականօրէն նման քայլի մը ծրագրումին մէջ պէտք է նկատի առնուին սփիւռքէն եւ Հայաստանի մէջ բնակող արեւմտահայերէնի, արեւմտահայերէնով ստեղծագործուող գրականութեան քաջածանօթ անհատներ եւ ժամանակակից մանկավարժութեան փորձառութիւնը ունեցող ուսուցիչներ»,- ասում է Հարություն Բերբերյանը:

Նրա խոսքով՝ արեւահայերենով սովորող աշակերտը պետք է բավարար չափով ծանոթանա արեւմտահայ եւ սփյուռքահայ գրողների եւ տեղ-տեղ անդրադառնա դասական ուղղագրության առանձնահատկություններին, ինչպես սփյուռքահայ աշակերտներն են ծանոթանում արեւելահայ գրողներին: «Ինչպէս Գալիֆորնիոյ մէջ յաճախ կը հանդիպինք, կարգ մը դպրոցներու մէջ արեւելահայերէնի եւ արեւմտահայերէնի զուգահեռ դասարաններ բացուին՝ քաջալերելով Սուրիայէն, Լիբանանէն կամ Արաբական Ծոցի երկիրներէն Հայաստան ներկայիս հաստատուած հայերը այստեղ մնալու եւ հայրենիքը չնկատելու ժամանակաւոր կեցութեան հանգրուան»,- նշում է Բերբերյանը:

Կոլաժը՝ agos.com.tr-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter