HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թալիբները խոստացել են թույլ տալ բոլոր ցանկացողներին լքել Աֆղանստանը

Աֆղանները, որոնք «Թալիբան» արմատական շարժման իշխանության գալուց հետո ցանկանում են հեռանալ Աֆղանստանից, կկարողանան լքել այն՝ առևտրային թռիչքների վերականգնումից հետո և համապատասխան փաստաթղթերի առկայության պարագայում։ Այդ մասին հայտարարել է «Թալիբան» շարժման Քաթարի քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մոհամադ Սոհայիլ Շահինը՝ բրիտանական ITV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ 

«Ցանկացած աֆղան, որը մտադիր է մեկնել արտասահման և ունի անհրաժեշտ փաստաթղթեր (անձնագիր, վիզա), կարող է լքել երկիրը։ Բայց մենք նրանց կոչ ենք անում մնալ Աֆղանստանում։ Մենք անկախություն ենք ձեռք բերել։ Եկել է ժամանակը կառուցելու մեր երկիրը։ Նրանց կարողությունները և տաղանդները պետք են երկրի համար այսքան կարևոր ժամանակաշրջանում։ Սակայն եթե նրանք ցանկանում են մեկնել արտասահման, դա նրանց իրավունքն է»,- նշել է Շահինը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աֆղանստանից շուրջ 200 բրիտանացիների և նրանց օժանդակած աֆղանների անվտանգ ելքի կազմակերպման հարցը Մեծ Բրիտանիայի վարչապետի Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սայմոն Հասը Դոհայում քննարկել է «Թալիբան» շարժման բարձրաստիճան անդամի հետ։

Արևմտյան երկրները օգոստոսի 31-ին ավարտել են Աֆղանստանից իրենց քաղաքացիների և նրանց հետ համագործակցած աֆղանների դուրսբերումն այդ երկրից։ Ընդորում, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան բազմիցս թալիբներին կոչ են արել ապահովել աֆղանների իրավունքը անարգել լքելու երկիրը տարբեր անցակետերով, այդ թվում Քաբուլի օդանավակայանով։

Աֆղանստանում ամերիկյան ռազմական առաքելությունը շարունակվում էր 19 տարի և գրեթե 11 ամիս։ Ամերիկյան զորքերն այդ երկիր էին եկել «Ալ Քաիդա»-ի դեմ պայքարի համար, որը 2001 թվականի սեպտեմբերի 11-ին կազմակերպել էր Նյու Յորքի և Վաշինգտոնի ահաբեկչությունները։ 

Սա ԱՄՆ պատմության ամենաերկար պատերազմն էր, որի ընթացքում զոհվել է ավելի քան 2400 ամերիկացի զինծառայող։ Մոտ 20 հազարն էլ վիրավորվել է։ ԱՄՆ-ի համար առաքելության ընդհանուր արժեքը գնահատվում է մեկից մինչև ավելի քան երկու տրիլիոն դոլար։ 

ԱՄՆ-ն Աֆղանստանից իր զորքերի դուրսբերման մասին հայտարարել էր 2020 թվականին։ Մինչ գործընթացի ավարտն այդ երկրում իշխանության էր վերադարձել «Թալիբան» արմատական շարժումը, որը 1990-ականներից, մինչև ամերիկացիների գալը, կառավարում էր Աֆղանստանի մեծ մասը։ 

Համաձայն թալիբների հետ ամերիկյան համաձայնագրի՝ ԱՄՆ-ն պետք է ավարտեր իր զորքերի դուրսբերումը մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը։

Լուսանկարը՝ Khwaja Tawfiq Sediqi/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter