HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքների խոշորացում և ՏԻՄ ընտրություններ

Անցած տարվա դեկտեմբերին Կառավարությունը շրջանառության մեջ է դրել Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի, և Շիրակի մարզերում 189 համայնքի միավորման արդյունքում 11 խոշորացված համայնք ձևավորելու նախագիծը։

Ստորև ներկայացնում ենք առաջարկվող համայնքների խոշորացման ծրագիրը՝ քարտեզի տեսքով, մեծացրեք այն համայնքների տարածքները տեսնելու համար։

Ամենաշատ՝ 29 համայնք պլանավորվում է ներառել Թալին խոշորացված համայնքում, քիչ չեն նաև խոշորացման ենթակա համայնքները Շիրակի, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում:

Արդեն 10 ամիս e-draft.am-ում քննարկման դրված նախագծի ընդունմանը դեմ է քվեարկածների բացարձակ մեծամասնությունը՝ 93%։ Քննարկման բաժնում կա երեք տասնյակ փոփոխության առաջարկություն, դրանց մեծ մասը նախագիծը բացասական է գնահատում։

Այս ծրագրի մեկնարկից ի վեր համայնքների խոշորացման վերաբերյալ հրապարակվել են բազմաթիվ հոդվածներ, վերլուծություններ և հետազոտություններ։ Կառավարության ծրագրին բազմաթիվ անգամներ դեմ են արտահայտվել խոշորացման ենթակա համայնքները։

Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչներից «Հետքին» հայտնեցին, որ ամբողջ գյուղը դեմ է Արթիկի հետ մեկ համայնքում միավորվելուն։ 

Ըստ նրանց՝ բազմաթիվ հարցեր հստակեցված չեն, փոքր համայնքները միավորվելուց հետո հաճախ խոշորացված համայնքի ավագանիում չեն ունենում ներկայացուցիչներ, ինչի հետևանքով անտեսվում են իրենց խնդիրները, դանդաղում է փաստաթղթեր ձևակերպելու և ստանալու գործընթացը, համայնքապատկան տեխնիկայի բաշխման հետ կապված խնդիրներ են առաջանում, հաշվի չի առնվում բնակիչների կամքը։

Տարվա ընթացքում տարբեր ժամանակներում միավորվելու դեմ արտահայտվել են նաև Արթիկի կազմում խոշորացվող այլ համայնքներ։

Մինչև հիմա Հայաստանում Կառավարությունը ձևավորել է 54 խոշորացված համայնք՝ միավորելով 400-ից ավելի համայնք։ Այս համայնքներից և ոչ մեկում չի անցկացվել տեղական հանրաքվե։

Կոտայքի մարզի Աբովյան, Ծաղկաձոր և Նոր Հաճն համայնքների ղեկավարները այս տարի դիմել էին ՍԴ։ Նրանք պնդում էին, որ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում կատարված փոփոխությունների հետևանքով զրկվել են համայնքները միավորելու կամ բաժանելու հարցով տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքից։

ՍԴ-ն այս դիմումի հիման վրա որոշում է կայացրել, որը, սակայն, անտեսվել է Կառավարության կողմից։

Այս աշնանը՝ հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին, անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ, քանի որ համայնքների մի մասում լրացել են և՛ ավագանու, և՛ համայնքի ղեկավարի լիազորությունները, իսկ որոշ համայնքներ տևական ժամանակ է, ինչ կառավարվում են Կառավարության կողմից նշանակված ժամանակավոր պաշտոնակատարների կողմից։

Անցած շաբաթ ԿԸՀ-ն հերթական նիստում որոշում կայացրեց ՏԻՄ ընտրությունների անցկացման օր նշանակել նաև դեկտեմբերի 5-ը, որպեսզի Կառավարությունը կարողանա ավարտին հասցնել համայնքների խոշորացման ծրագիրը։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և մարզպետարանների դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հարցերին պատասխանելիս բազմիցս հայտնել է, որ նախկին իշխանությունների ժամանակ սկսած այս մասշտաբային ծրագիրը պետք է հասցնել ավարտին։

Կառավարությունը, ըստ երևույթին, մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում կքննարկի ծրագիրը, ինչից հետո այն կուղարկվի ԱԺ` հաստատման։ 

Համայնքների խոշորացումից հետո 4000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքներում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն համամասնական կարգով՝ բնակիչները ընտրելու են ավագանու կազմը, որն էլ նշանակելու է համայնքի ղեկավարին։ 

«Հետքը» շարունակելու է հետևել համայնքների խոշորացման և ՏԻՄ ընտրությունների գործընթացներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter