
Կառավարությունն անտեսեց ՍԴ որոշումը՝ համայնքները խոշորացնելու համար տեղական հանրաքվե չի իրականացվի
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել 37 համայնքի միավորման նախագիծ։ Դեկտեմբերի 5-ին Հանրապետությունում տեղական ինքնակառավարման ընտրություններ են նախատեսվում, որով Հանրապետությունում կավարտվի 2015թ.-ից մեկնարկած համայնքների խոշորացման գործընթացը։ Այն շարունակաբար քննադատվել է, սակայն անցնող 6 տարվա ընթացքում խոշորացման գործընթացը փոփոխությունների չի ենթարկվել՝ անկախ այն հանգամանքից, որ երկրում իշխանափոխություն տեղի ունեցավ, և իրավական կարևոր ակտեր կայացվեցին:
Այդ նախագծերը մեկ անգամ արդեն քննարկման էին դրվել 2020թ. դեկտեմբերին և քվեարկողների բացարձակ մեծամասնությունը՝ 93%-ը, դեմ էր քվեարկել նախագծերին: Ամենաքննարկվողը Կոտայքի մարզի Աբովյան համայնքի խոշորացման նախագիծն էր: Գրառման հեղինակները ծավալուն մեկնաբանություններով հիմնավորել էին, թե ինչու համաձայն չեն դեռևս 2017թ.-ին 8 գյուղի միավորումով ձևավորված Ակունք համայնքը մեկ անգամ ևս Աբովյան համայնքի հետ միավորելուն: ՏԿԵ նախարարությունը տեղեկացնում է, որ ստացված առաջարկությունների հիման վրա նախագծերը լրամշակվել են և կրկին դրվում են հանրային քննարկման: Մասնավորապես՝ Աբովյան համայնքի միավորման նախագծից Ակունք համայնքը հանվել է:
Մեկ անգամ արդեն խոշորացված համայնքն այս նախագծով միավորվելու էր մոտ 45 000 բնակիչ ունեցող Աբովյան քաղաքի հետ: Աբովյանի հետ միավորվելու են նաև Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի համայնքները: Թվարկված 10 գյուղի բնակչությունը միասին 26 470 է: Այսինքն՝ միավորելուց հետո այս համայնքի բնակչության ընդհանուր թիվը կկազմեր 80 685 մարդ: Նոր նախագծով Աբովյան քաղաքի հետ միավորվելու են նշված 10 գյուղը՝ 71 470 բնակչով:
Կառավարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում դժգոհություններ կային նաև այլ համայնքային միավորումների վերաբերյալ, բայց նախորդ նախագծերի հետ արված համեմատությունը ցույց տվեց, որ դրանք փոփոխության չեն ենթարկվել:
Ամենակարևոր հարցն այն է, որ Կառավարությունը չի ցանկանում տեղական հանրաքվե իրականացնել ընտրություններից առաջ՝ միավորվող համայնքների վերաբերյալ բնակչության կարծիքն իմանալու համար: Տեղեկացվում է, որ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելը լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չի առաջացնում, իսկ ՀՀ-ի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում: Նախարարությունը տեղեկացնում է, որ միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ (նաև բնակիչների հետ «Town Hall» ձևաչափով) համայնքային ժողովներ են կազմակերպվել, որոնց արդյունքներով մշակվել է համայնքների միավորման նախագծերը:
Եթե նույնիսկ ընդունենք, որ համայնքային ժողովներն իրականություն են, չնայած դրանք հավաստող որևէ փաստաթուղթ չի հրապարակվել, միևնույն է, ըստ ՍԴ-ի արտահայտած դիրքորոշման, այն բավարար չէ բնակչության մեծ թիվ ունեցող համայնքները միավորելու դեպքում:
ՍԴ-ն հայտնել է, որ համայնքների միավորման կամ բաժանման գործընթացում հանրային լսումների և քննարկումների միջոցով համայնքի տեսակետը լսելի դարձնելու գործիքակազմն արդյունավետ կարող է լինել, երբ համայնքի բնակիչների թիվը փոքր է: Մեծաթիվ բնակչություն ունեցող համայնքների դեպքում միայն հանրային լսումները կամ քննարկումները բնակիչների օբյեկտիվ կարծիքը վեր հանելու իրական հնարավորություն չի տալիս:
Իսկ այս նախագծերում մեծ թիվ են կազմում նախկին շրջաններով համայնքները միավորելը կամ մեկ անգամ արդեն խոշորացված համայնքները կրկին խոշորացնելու օրինակները: Անգամ իր մեծությամբ Հանրապետության երրորդ քաղաք Վանաձորի հետ մի քանի գյուղ են միավորելու, որի արդյունքում բնակչության թիվը կանցնի 100 000-ը: Կնշանակի՝ համայնքային ժողովներն այս դեպքերի համար բավարար չեն:
Հիշեցնենք, որ ՍԴ-ն որոշումը կայացրել էր Կոտայքի մարզի Աբովյան, Ծաղկաձոր և Նոր Հաճն համայնքների ղեկավարների դիմումի հիման վրա : Նրանք դատարան էին դիմել այն հիմքով, որ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում համայնքի ղեկավարը զրկվել է համայնքները միավորելու կամ բաժանելու հարցով տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքից:
Սահմանադրական դատարանը 2021թ. մայիսի 14-ին կայացրած ՍԴՈ-1593 որոշումով իրավական դիրքորոշում է արտահայտել երկու կարևոր հարցի վերաբերյալ՝
- համայնքի կարծիքը տեղական հանրաքվեի միջոցով արտահայտելու իրավունքի արդյունավետ իրականացման համար օրենսդրական անհրաժեշտ կառուցակարգեր և ընթացակարգեր պետք է նախատեսվեն:
- Համայնքային բյուջեում ֆինանսներ չլինելու պատճառաբանությամբ տեղական հանրաքվեի մերժումը իրավաչափ չի համարել: Առաջարկել է տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում ծախսերը կատարել պետական բյուջեի միջոցների հաշվին:
Դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց երեք համայնքի ղեկավարների կողմից «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները: Բարձրագույն դատարանը այս որոշումով իշխանություններին հորդորեց մշակել համայնքի կարծիքը լսելի դարձնելու նոր գործիքակազմեր, և «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքն ընդունելիս ԱԺ-ն պետք է առաջնորդվի այս որոշման շրջանակում դատարանի արտահայտած իրավական գնահատականներով, հիմք ընդունի արտահայտված դիրքորոշումները:
Կառավարությունը կրկին անտեսեց ՍԴ որոշումը՝ ոչ միայն հանրաքվե անցկացնելու մտադրություն չունի, այլև համայնքի կարծիքը լսելի դարձնելու նոր գործիքակազմեր չկիրառեց:
Նույն մտահոգությունն ավելի վաղ՝ 2016թ.-ին, հայտնել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ քննելով Տավուշի մարզի խոշորացվող համայնքների բնակիչների դիմումները: Հրապարակված զեկույցով Պաշտպանը մտահոգիչ էր համարել, որ
- համայնքների խոշորացման գործընթացի ծավալների ընդլայնումն իրականացվել է մասնագիտական շրջանակներում և հատկապես հասարակության մեջ չվերացած իրարամերժ դիրքորոշումների, գործընթացի վերաբերյալ շահագրգիռ լայն բնակչության շրջանում ոչ բավարար իրազեկվածության պայմաններում:
- Համայնքի կարծիքը լսելու սահմանադրական պահանջի բովանդակությունը չի կարող սահմանափակվել համայնքների կարծիքի ինքնանպատակ լսումով՝ առանց որևէ իրավական հետևանքի:
- Անհրաժեշտ է հրապարակային ժամանակացույցի հիման վրա իրականացնել քննարկումներ՝ հնարավոր բոլոր դեպքերում ներգրավելով ԶԼՄ ներկայացուցիչներին: Այդ քննարկումները պետք է արվեն առանձին փուլերով և նախատեսված լինեն ինչպես մասնագիտական շրջանակների, այնպես էլ համայնքային բնակչության լայն շերտերի, գործընթացի ազդեցության հետևանքներն անմիջականորեն իրենց վրա կրող թիրախային խմբերի համար:
Մեկնաբանել