HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հենրիխ Մխիթարյան․ «Վաղը խաղալու ենք միայն հաղթանակի համար»

Հայաստանի ազգային հավաքականը Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպմանը դաշտ է դուրս գալու միայն հաղթանակի համար։ Այս մասին հանդիպման նախօրեին կազմակերպված մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Նրա խոսքով, առաջին երեք տուրերում հավաքականի տղաները բավական լավ աշխատանք են կատարել և տարել են երեք հաղթանակ, և հիմա նույնպես Սկոպյե են ժամանել միայն հաղթանակի համար։

«Մենք պատրաստ ենք խաղին, շատ կենտրոնացած ենք, կփորձենք լավագույնս մեզ դրսևորել։ Մենք գիտենք, որ մեծ շանսեր ունենք, բայց այս պահին կենտրոնացած են միայն վաղվա հանդիպման վրա»,- ասաց հավաքականի ավագը։

Հենրիխ Մխիթարյանի կարծիքով՝ Հայաստանի հավաքականի խաղացողների մոտ հաղթողի հոգեբանությունը ձևավորվել է դեռևս Ազգերի լիգայի վերջին խաղարկությունից, որտեղ մեր ընտրանին կարողացավ հաղթել իր խմբում։

«Տղաների մոտ շատ բան է փոխվել, ոչ միայն հաղթողի հոգեբանությունը, այլ նաև իրենց հավատը իրենց ուժերի նկատմամբ, ինչը շատ լավ է։ Կարող եմ ասել, որ թիմային խաղի որակը շատ է բարձրացել և հուսով եմ, որ հետագայում էլ ավելի կլավանա»,- ընդգծեց Մխիթարյանը։

Հավաքականի ավագը շեշտում է, որ ընտրական փուլի առաջին երեք խաղերում կային առանցքային ֆուտբոլիստներ, որոնք կարողացան թիմը տանել իրենց հետևից և արդյունք ապահովել։ Մխիթարյանը հույս ունի, որ գալիք խաղերում ևս հավաքականի խաղացողները կկարողանան պատասխանատվություն իրենց վրա վերցնել և առացնքային դեր ունենալ։ Ըստ Հենրիխ Մխիթարյանի՝ ոչ թե մեկ-երկու ֆուտբոլիստ պետք է թիմը առաջ տանի, այլ բոլորը պետք է կարողանան դա անել։

«Ցավոք սրտի, վաղվա խաղում երեք առանցքային ֆուտբոլիստներ հանդես չեն գա՝ Վարազդատ Հարոյանը, Տիգրան Բարսեղյանը, Խորեն Բայրամյանը։ Չնայած ովքեր որ նրանց փոխարինելու են, վստահ եմ՝ կկարողանան պատվով խաղալ և օգուտ տալ հավաքականին»,- եզրափակեց Հենրիխ Մխիթարյանը։

Աշխարհի 2022թ․ առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 2-ին Սկոպյեում կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

Հիշեցնենք՝ այս տարվա մարտին կայացած առաջին երեք խաղերում Խոակին Կապառոսի սաները տարել են նույնքան հաղթանակ և 9 միավորով միանձնյա գլխավորում են որակավորման J խմբի մրցաշարային աղյուսակը։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter