HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Ջավախյան

Ողբ եղելոց

Նի՞րհն է արդյոք, թե՞ նինջը քեզ պատել, Երկիր Նաիրի... Դառնամ քեզ և կրկին մեծերի մղկիտը հիշեմ... Ի՞նչ արեցին, քեզ ինչպե՞ս փոխեցին ու վերաձևեցին, էդ ինչպե՞ս եղավ, որ սիրտդ ու հոգիդ հանեցին ու մեջդ նապաստակի երկյուղ դրեցին... Տա՛լիս են, տա՛լիս, պոռնիկի պես են տալիս: Առան աշխարհդ, Սյունյաց դարպասներդ, գուցե և Սյունիքդ... որ պատերազմ չլինի, որ կյանք լինի՝ թուրքի ոտքի տակ, գետնաքարշ, ստրուկի կարգավիճակով, միայն թե՝ կյա՛նք, կյա՛նք, թեկուզ և անարժանապատիվ գոյությամբ: Ճչալ եմ ուզում, գժի պես փողոցն ընկնել՝ պոռալ եմ ուզում, բայց ձայնս խզվում է, լեզուս ընդարմանում, բերանս լալկում...

Ամեն ինչ ասված է. երևի թե՝ ամենաբարձր ձայնը լռության ձայնն է: Եթե մարդիկ լռությամբ չեն հասկանում՝ ընդհանրապես իրար չեն հասկանալու: Եվ էլի ու էլի՝ միսս ատամով բռնած, լռելյայն, չհասկացողների վրա գրիչ եմ բարձրացնում՝ տգետների ու տխմարների վրա, որ չեն հասկացել մի պարզ ճշմարտություն. ախորժակն ուտելիս է բացվում: Ահա էն մարդը՝ մահվան պես դժխեմ, անկենդան դեմքով, ռնգեղջյուրի պես երկար, զզվելի քթով, որին ամեն անգամ տեսնելիս հենց իր իսկ քթից հոսող լորձունքին եմ նմանեցնում. ասում է՝ հայը բնօրրան չունի, հայը քոչվոր է, մենք ենք տերը նրանց երկրի... Անգետ է, արյունով արբեցած, պատմականորեն կույր և ամբարտավան: Նա չի տեսել, կամ էլ չի ուզում տեսած լինել Հռոմի Կոլիզեումի ավերակների մոտ վեր բարձրացող Հին աշխարհի խճապատկեր քարտեզը, որտեղ հզորների կողքին լատիներեն մեծ-մեծ տառերով գրված Է. «A R M E N I A»: Սիրտս հուզմունքից պայթում է, հոգիս՝ փառավորվում... Նա ո՛չ սիրտ ունի, ո՛չ հոգի...

Քեզ ո՞վ էս օրը գցեց, բալա ջան... Էս ի՞նչ արին... Չէ՞ որ՝ գիշեր ու զօր միայն քաջերի երգով էիր գոտեպնդվում, ոտքդ բերդապարով էիր դնում գետնին, իսկ ոգիդ լուսեղեն Նարեկ թռչուն էր, որ սավառնում էր երկրեն երկիր...Ախր, քեզ ի՞նչ պատահեց, որ դարձար այդքան փոքրոգի, վախկոտ, մորթապաշտ... Ո՞վ քեզ էդպես փչացրեց... Նի՞նջն է պատել, թե՞ նիրհը... Երկիրս դարձավ համակ գերեզման: Եռաբլուրը պճնվել է եռագույնով... Հինգ հազար մատաղ սերմնացու դաղվեցին, աղվեցին ու մաղվեցին՝ Հայոց լեռներում, դժվար սարերում, բարձր ապառաժներում... Արցունքը հոսում է գետի պես: Եղավ ատամների կրճտոց, լաց ու կոծ: Փափկասուն տիկնայք Հայոց աշխարհի լացեցին ու արտասվեցին՝ «նմանվելով անարյուն ճպուռների, որոնք սնվում էին միայն իրենց երգի քաղցրությամբ»:

Ապագա չկա, ապագա չեմ տեսնում, այլևս մահ եմ գովերգելու, քանզի սողացող կյանքը կոպեկի արժեք չունի, կյա՛նք, որ դառնում է քֆուր և հայհոյանք: Շուրթերս պղծվել են անեծքով... Անիծում եմ էն հային, որ հանուն մի կտոր հացի, Արցախն ու Սյունիքի միջանցքը զիջելու և Եղեռնը չճանաչելու դիմաց՝ համբուրելու է «բարեկամության համար» մեկնած թուրքի արնաթաթախ ձեռքը, երիցս անիծում եմ էն հային, որին վաղը մայր են հայհոյելու և նա իր նողկալի գոյությունը գերադասելու է սուրբ հայրենիքից: Էս ի՞նչ եղավ, ո՞ր ձորի մեջ, ո՞ր թփի տակ, ո՞ր ծմակում մոլորվեցիր, որդի՛ս...  Զուլալ ակունքներից հիմա վախ է հորդում, արյունը լերդացել է պաղ երակներում... Նի՞րհն է պատել, թե՞ նինջը քեզ, Երկիր Նաիրի...

01.09.21թ.

Մեկնաբանություններ (2)

Լևոն Գալստյան
Աբովյանի Վերքից ծորացող արյունը հոսել հասել է Լևոնի սրտին։ Միջնադարյան ողբի եղերական շունչը հուսահատեցնում է, բայց մեկ բան սփոփում է. այս ողբի մեջ զարմանալի լույս կա։ Ջավախյանի խոսքի լույսը։ Ասում են՝ լույսը բազմապատկվելու հատկություն ունի։ Սպասենք։
Վարդգես
Չարիքը տարբեր ճանապարհներով է թափանցել ազգի հոգու մեջ։ Փողամոլություն֊ձրիակերության աստիճանի հասցված գրանտների հայթայթման ձգտումը, հոգեկան անկումը ֊ աղանդական խմբավորումների բռնատիրությունը հայկական հասարակության կյանքի տարածքում և ժողովրդի շեղումն դասական կրոնի ուղղուց, այլասերվածությունների, միասեռ հսրաբերությունների տարածման սոսկալի թափը, հայրենիքի դավաճանության աննախադեպ դեպքերը և մի ամբողջ մատաղ սերնդի զոհաբերությունը քաղաքական իշխանության կամակոր և անպատասխանատու գործնեության պատճառով, մարտի դաշտը դավաճանորեն լքելով և մեր սուրբ հողերը թշնամուն հանձնելով, հանձնելով,հանձնելով....Մա'հ ներկայիս ազգային պարտության "հեղինակներին"!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter