HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որքանով բարելավվեց Արարատյան արտեզյան ավազանը. խնայված ջրերի, էլեկտրաէներգիայի և ռեսուրսների մասին

Արարատի և Արմավիրի մարզերում գործող 4 տնտեսությունում` «Գոլդեն ֆիշ-Կ», «Ինտեր Ա.Կ.Վ.Ա.», «Մաքս ֆիշ» և «Մոս ֆիշ» ՍՊԸ-ներում գործարկվել է ստորերկրյա ջրօգտագործման առցանց մոնիտորինգի համակարգ: Այն կոչվում է SCADA: Համակարգը մշակող «Լոկատոր» ընկերության ինովացիոն գծով փոխտնօրեն Կարեն Գրիգորյանն ասում է, որ այս համակարգը վերահսկում է ջրերի հոսքն իրական ժամանակում: Համակարգը ներդրվել է «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի օժանդակությամբ, որի նպատակն էր բարելավել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի կառավարումը: Արդեն 6 տարի է` ծրագիրն իրականացվում է և հասել է ավարտական փուլ: Ծրագրի ողջ ընթացքն ու արդյունքներն այսօր ամփոփվեցին խորհրդաժողովում:

SCADA-ն web համակարգ է, որտեղ ներառված են 4 խոշոր ձկնաբուծարանում տեղադրված 20 հոսքաչափ: Կարեն Գրիգորյանն ասում է, որ հնարավորություն կա դիտարկել ջրի սպառման և ընդհանուր ցուցմունքի մասին ոչ միայն վերջին` այդ պահին ֆիքսված տեղեկությունները, այլև տեսնել նախկին տվյալները: Համակարգն օժտված է ավտոմատ ֆունկցիոնալությամբ, տեղեկատվությունը ստանում, մշակվում և հաղորդվում է ավտոմատ կերպով, նաև ձայնային ազդանշանի միջոցով: Հնարավոր և շատ հարմար է ուսումնասիրել ողջ ընթացքում տեղադրված հոսքաչափի ծավալները, և պատմությունը նույնպես պահպանվում է:

Համակարգի կարևոր ֆունկցիաներից մեկն այն է, որ այն սահմանափակված չէ ուղիղ ջրաչափերով, այլ ընդգրկուն է, կարելի է ավելացնել հոսքաչափերը:

Կա նաև զեկույցների լայն հնարավորություններ, որոնց միջոցով կարելի է ընտրել ձկնաբուծական ցանկացած տնտեսություն և տեսնել համապատասխան ժամանակահատվածում նրա օգտագործած ջրի ծավալները:

Բացի դրանից, համակարգը միայն ջրային ռեսուրսների մոնիտորինգ չի իրականացնում, այլ նաև էլեկտրաէներգիայի, մթնոլորտային օդի և այլ բաղադրիչների, այսինքն` կարելի է ընդլայնել համակարգի հնարավորությունները և տեղեկատվական հզոր հարթակ դարձնել: Տեսուչները դրա միջոցով նաև կարող են ձեռքի տակ ունենալ տվյալ հորատանցքի ջրթույլտվության փաստաթղթերը:

Մեր հարցին, թե արդյոք հնարավոր է այն կիրառելի դարձնել Արարատյան դաշտի բոլոր ձկնաբուծական տնտեսությունների համար, Կարեն Գրիգորյանը պատասխանեց, որ ոչ միայն հնարավոր է, այլ նաև համակարգը կարելի է օգտագործել փոքր հէկերի ջրերի կառավարման համար, ինչն արդեն որոշ հէկերում արվում է: Միայն անհրաժեշտ է հզորացնել սերվերը:

SCADA-ն պիլոտային ներդրվել է 4 տնտեսությունում, քանի որ ջրային ռեսուրսների հյուծման հետևանքով Արարատյան դաշտի ավելի քան 30 hամայնք խմելու և ոռոգման ջրի խնդիր ունի` ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել է և հայտնաբերվել են այս տվյալները: Հաստատվել է, որ Արարատյան արտեզյան ավազանում ջրերի մակարդակն իջել է 6-9 մետր, որոշ տեղերում` 15 մետր, գրանցվել է արտեզյան ավազանի 50 տոկոս նվազում:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն իր խոսքում նշեց, որ Արարատի և Արմավիրի մարզերի 11 համայնք ներգրավված է եղել խմելու ջրի և ոռոգման համակարգերի բարելավման ծրագրերում, որոնց իրականացման արդյունքում խնայվում է տարեկան ավելի քան 13 մլն խմ ստորերկրյա ջուր և մոտ 1380 ՄՎտժ էլեկտրաէներգիա, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 125 հազար ԱՄՆ դոլար:

Ծրագրի իրականացման ընթացքում ստեղծվել է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի եռաչափ կառուցվածքը` օգտագործելով գույքագրված արդյունքները, ստեղծվել և հրատարակվել է Արարատյան դաշտի ատլասը:

Վերահաշվարկվել է ընդհանուր օգտագործելի ջրային ռեսուրսների ծավալը: Նախկինում` մեխանիկական ձևով, այն է` պոմպերով ու էլեկտրաէներգիայով հորատանցքերի շահագործումն այժմ դարձել է ավտոմատ, քանի որ մեխանիկական համակարգերով ջրօգտագործման պարագայում ջրի մեծ կորուստներ են լինում, ավտոմատացման համակարգով կորուստը նվազագույնի է հասցվում:

Արտեզյան ինքնաբուխ հորերի օպտիմիզացիայի գործընթացը կարգավորելն է, ինքնաբուխ հոսող ջրերը, որոնք մեծ մասամբ կորչում էին, ծրագրի շրջանակներում կառավարելի են դարձել, օգտագործվել են ոռոգման համար: Օրինակ` Սիփանիկում, Հովտաշատում այն կիրառվել է և ցույց է տվել իր արդյունավետությունը:

Մեր հարցին՝ կան, արդյոք, նոր տվյալներ, թե ինչպիսի իրավիճակ է այժմ արտեզյան ավազանում, արդյոք փոփոխություն եղել է այս 6 տարվա ընթացքում` արտեզյան ավազանի իջեցում կամ բարձրացում, գուցե 6-9 մետրն արդեն դարձել է 5-8, որոշ տեղերում արձանագրված 15 մետրը նվազել կամ գուցե ավելացել է` դառնալով 18, ծրագրի ներկայացուցիչ Լիլիթ Հարությունյանը պատասխանեց.

«Այս պահի դրությամբ մենք չենք կարող ասել, քանի որ տվյալները փոփոխական են, սրանք միջինացված թվեր են: Բայց մենք ունենք ՇՄՆ Մոնիտորինգի կենտրոնի ներկայացուցիչներ, ովքեր լավ տիրապետում են օպերատիվ տվյալներին, որովհետև ազգային հենակետային ցանցում դիտարկումներ են անում, և այդ տվյալները կան: Բայց հիմիկվա տատանումներն արագ չեն փոխվում, այսինքն` խոսքը մետրերի մասին չէ, այլ սանտիմետրերի մասին է: Սա ընդհանուր տիրույթն է, որ տալիս է պատկերացում, թե ինչ է եղել նախքան 2006-2007թթ. և 2013-2014թթ ու մինչ օրս, թե ինչ է տեղի ունեցել ստորերկրյա ջրերի հետ Արարատյան դաշտի տարբեր հատվածներում»:

Մարտահրավերներ, որոնց բախվել են

ԳԱՏՕ ծրագրի ղեկավար Մագդա Ավետիսյանն անդրադարձավ նաև մարտահրավերներին, որոնց բախվել կամ առնչվել են այս 6 տարվա ընթացքում: «Ամեն ինչ չէ, որ հարթ էր ընթանում»,- նշեց Ավետիսյանը:

Մասնավորապես, COVID-19-ը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը հետաձգեցին գործողությունները, որոնք պլանավորված էին նախապես:

Համագործակցող կառույցներում պաշտոնատար անձանց հաճախակի փոփոխությունները նույնպես ազդել են, քանի որ նոր ծրագրի և արված աշխատանքները ներկայացվել են: Որոշում կայացնողների հաճախակի փոփոխություններով պայմանավորված` առաջին արձագանքի դեպքում ներկայացվել է կարգավիճակը, ուր են հասել, և փորձել են հնարավորինս պահպանել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ջրային ոլորտի կառույցների միջև համագործակցություն և երկխոսություն չի եղել: Ըստ ծրագրի ղեկավարի, շատ ժամանակ այդ գերատեսչություններն իրար հետ բաց չեն աշխատում: Դժվար է եղել նաև հավաստի տվյալների ձեռքբերումը, և հաճախ տարբեր կառույցներից ստացված տվյալները ճշգրիտ չեն եղել կամ չեն համապատախանել իրար:

Մագդա Ավետիսյանի դիտարկմամբ, պետք է զարկ տալ որոշումների կայացմանն աջակցող գործիքների հետագա կիրառությանը, որը հետագա կայունության ապահովման համար շատ կարևոր է: Դրանից բխում է նաև GIS տեխնիկական գիտելիքների կանոնավոր թարմացումը, քանի որ GIS ծրագիրը պարբերաբար թարմացվում է, և մասնագետները պետք է պարբերաբար վերապատրաստվեն:

Ռիսկերի կառավարման պլանը հաճախակի և իրադրությունից կախված վերանայվել է, դա արվել է շաբաթական կտրվածքով:

Ձկնաբուծական տնտեսությունները հաճախ չեն ուզեցել համագործակցել, բայց, ի վերջո, ստացվել է համագործակցությունը, և տնտեսություններից ստացել են գրավոր համաձայնություն իրենց տնտեսություններում որոշակի ծրագրեր իրականացնելու համար:

«Մարտահրավեր էր նաև մասնավոր սեկտորի հետ աշխատանքը, որովհետև համատեղ ծրագիր անելիս մասնավոր սեկտորը պետք է որոշակի ներդրում ունենա այդ ծրագրում, որպեսզի հետագայում այդ ծրագրի կայությունը հնարավոր լինի ապահովել, քաղած դասն այն էր, որ պետք է բազմակողմանի իրականացնել ստուգում` թե իրավաբանական, թե ֆինանսական կարգավիճակի վերաբերյալ»,- ասաց Մ. Ավետիսյանը:

Կարդացեք նաև` 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter