HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք ծայրահեղ էքստրեմալ իրավիճակում ենք եւ դրանից դուրս գալու համար պետք է ոչ ստանդարտ լուծումներ գտնենք»

«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

-Պարոն Մելիքյան, թշնամին 2 օր շարունակ փակ էր պահում Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Հայկական կողմից հնչող տարբեր գնահատականներով՝ սա սաբոտաժ է Ադրբեջանի կողմից, որը նման ձեւերով փորձում է սրել իրավիճակը թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի դեմ։ Ի՞նչ կարծիք ունեք Դուք։

-Սրանք բացառապես Հայաստանի դեմ ուղղված գործողություններ են, պարզապես մեր իշխանություները, հավանաբար, նախընտրում են կատարվածի համատեքստում նաեւ ռուսներին հիշատակել, որպեսզի ադրբեջանական կողմին չհակազդելն արդարացվի կոնֆլիկտի դեպքում Արցախից խաղաղապահների հեռանալու վտանգը կանխելու մտայնությամբ:

Ռուսներն իրենք են Թուրքիայի առջեւ բացել Հարավային Կովկասի դարպասները, ապահովել թուրքական զինուժի ծավալուն ներկայության համար անհրաժեշտ պայմանները, ուստի միամտություն է այժմ կարծել, որ Մոսկվային կարող են վնասել ազերիների այս «փոքրիկ չարաճճիությունները» հայկական Սյունիքում: Գտնում եմ, որ մեր կողմից իրավիճակի ստույգ ու համարժեք վերլուծությունն արված չէ, ինչն էլ թույլ չի տալու ՀՀ իշխանություներին համարժեք գործողություններ ձեռնարկել:

-Արցախում եւս թշնամին տարբեր սանձարձակությունների է դիմում՝ կրակում է խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, ՊԲ-ի դիրքերի վրա մարտական ԱԹՍ-ներ է կիրառում՝ այդպիսով չթաքցնելով, որ խախտում է հրադադարը։ Համամի՞տ եք այն տեսակետին, որ Բաքուն փորձում է վիժեցնել ռուս խաղաղապահների ջանքերը եւ սադրանքների միջոցով նրանց փորձում ներքաշել կոնֆլիկտի մեջ, ինչը հետագայում կփորձի օգտագործել ռուսների դեմ՝ պահանջելով խաղաղապահների դուրսբերումը, որոնք առնվազն 5 տարով են եկել։

-Ռուս խաղաղապահներն են այսօր Արցախում կայուն իրավիճակի պահպանման երաշխավորը, եւ հենց իրենց պարտականությունն է կանխել կամ կասեցնել ադրբեջանական զինուժի ագրեսիվ գործողությունները: Դա նաեւ ՌԴ քաղաքական ղեկավարության կողմից համարժեք դիվանագիտական արձագանք պահանջող իրավիճակ է, եւ այնպես չէ, որ Մոսկվան չգիտի, թե այս կարգի հարցերն ինչպես է պետք լուծել: Այդուհանդերձ, Հայաստանի քաղաքացիների համար իշխող հայկական վերնախավն է իրավիճակի անկորուստ կարգավորման համար հիմնական պատասխանատուն:

-Խոսելով տարածաշրջանային խաղաղության թեմայի մասին՝ վարչապետը հայտարարել է, թե որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, որոնք իրենք կգնահատեն ու դրականին դրականով կպատասխանեն։ Դուք նկատե՞լ եք դրական ազդակներ Անկարայի կողմից, դրանք անկե՞ղծ եք համարում։

-Քաղաքականության մեջ ի՞նչ անկեղծության կամ կեղծավորության մասին կարող է խոսք լինել: Այս ոլորտում բացառապես գիտակցված, հստակ ձեւակերպված շահերի ու նպատակների մասին է տեղին խոսելը: Իսկ մենք ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի իրական շահերի ու նպատակների մասին հստակ պատկերացում չունենք, այլեւ նույնիսկ սեփական կարճաժամկետ շահերն ու նպատակները ընդունակ չենք ձեւակերպել հավուր պատշաճի: Մատից ծծած ենթադրությունների հիման վրա հնարավոր չէ արդյունավետ քաղաքականություն իրականացնել:

-Ընդհանրապես, ի՞նչ կարծիք ունեք ստեղծված իրավիճակում պարտված երկրի ղեկավարության կողմից անընդհատ խաղաղությունից խոսելու վերաբերյալ։ Ի՞նչ լծակներ ունի այս կառավարությունը հաղթողի դիրքերից անընդհատ հոխորտացող Բաքվի ռեժիմին խաղաղություն պարտադրելու համար։ Թե՞ Փաշինյանի հայտարարություններն ինչ-որ առումով օգնության կոչ են միջազգային հանրությանը ու, այսպես կոչված, դաշնակիցներին կամ գործընկերներին, որոնցից առարկայական որեւէ քայլ մինչեւ հիմա չենք տեսել։ Ապացույցը՝ ՀՀ սահմաններին չմարող լարվածությունը։

-Ամեն ինչից էլ կարելի է խոսել, նաեւ՝ խաղաղությունից, բայց խոսքդ պետք է լինի հիմնավոր, իսկ ասածիդ մերժվելու դեպքում էլ պետք է այլընտրանքային գործողությունների ծրագրեր ունենաս: Հատուկ ընդգծում եմ հոգնակի թիվը, որ պարզ լինի՝ այլընտրանքային տարբերակները մեկից ավելին պետք է լինեն: Այդպիսիք ունենալու համար էլ մասնագիտական լուրջ աշխատանք է անհրաժեշտ լինելու, սակայն դրա անհրաժեշտության գիտակցումը մեր իշխանական օղակներում էլ, խորհրդարական ընդդիմության մոտ էլ նկատելի չէ:

-Որպես դիվանագետ՝ արտաքին ճակատում ձեռնարկելիք քայլերի մասով ի՞նչ խորհուրդ կտաք ներկա կառավարությանը, որի օրոք ԱԳՆ-ում լուրջ ճգնաժամի ականատես եղանք, ու, ի վերջո, թիվ մեկ դիվանագետ նշանակվեց գործիչ, որը պրոֆեսիոնալ դիվանագետ չէ։

-Ժամանակը ցույց տվեց, որ հրապարակային մասնագիտական խորհրդատվությունը բացարձակապես անմիտ եւ, անգամ, վնասակար բան է, ուստի ձեռնպահ կմնամ մամուլի միջոցով իշխանություններին խորհուրդներ տալուց: Լուրջ խնդիրները լուրջ վերաբերմունք ու աշխատանք են նախատեսում, եւ դա պետք գիտակցվի ու պահանջված լինի իրապես պատասխանատու իշխանության կողմից: Մենք ծայրահեղ էքստրեմալ իրավիճակում ենք եւ դրանից դուրս գալու համար պետք է ոչ ստանդարտ լուծումներ գտնենք:

Լուսանկարը՝ Ա․ Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter