HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Արնո Մոնտեբուրը ևս մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Արնո Մոնտեբուրը հայտարարել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, որը կկայանա 2022 թվականի գարնանը։ Նման հայտարարությամբ նա հանդես է եկել շաբաթ օրը՝ սեպտեմբերի 4-ին, Կլամսի քաղաքի քաղաքապետարանում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ։ 

«Ես որոշել եմ մասնակցել նախագահական ընտրություններին։ Մեր առջև կանգնած է անհետաձգելի խնդիր՝ ապահովելու Ֆրանսիայի արդյունաբերական, բնապահպանական և ժողովրդավարական վերելքը»,- հայտարարել է 58-ամյա քաղաքական գործիչը։

Սահմանադրական կառուցվածքի ոլորտում Մոնտեբուրը հանդես էր գալիս Ֆրանսիայի վեցերորդ հանրապետության ստեղծման օգտին, որտեղ նախագահը կլիներ մրցավարի դերում, իսկ որոշումների կայացման իրավունքը կվերապահվեր վարչապետին։ Վերջինիս գործողություններն էլ կվերահսկվեր խորհրդարանի կողմից։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, Մոնտեբուրը կոչ է անում Ֆրանսիային դուրս գալ ՆԱՏՕ-ի միացյալ հրամանատարությունից։ 

Նրա քաղաքական կարիերան կապված է Սոցիալիստական կուսակցության հետ։ Այդուհանդերձ, Մոնտեբուրը բազմիցս իր անհամաձայնությունն է հայտնել կուսակցության վարած քաղաքականությանը, մասնավորապես` Ֆրանսուա Օլանդի քաղաքականությանը, որը Ֆրանսիան ղեկավարել է 2012-2017 թվականներին։ 

Այդպիսով, Մոնտեբուրը համալրել է Ելիսեյան պալատի ղեկավարմանը հավակնող թեկնածուների ցանկը։ Ավելի վաղ, նախագահական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել էին «Ազգային միավորման» առաջնորդ Մարին Լը Պենը, Օ-դե-Ֆրանսի շրջանային խորհրդի ղեկավար Քսավիե Բերտրանը, Իլ-դը-Ֆրանս մայրաքաղաքային երկրամասի ղեկավար, նախկին նախարար Վալերի Պեկրեսը և Brexit-ի հարցերով ԵՄ նախկին գլխավոր բանակցող Միշել Բարնիեն։ 

Ելիսեյան պալատի ներկայիս ղեկավար Էմանուել Մակրոնը դեռևս չի հայտնել՝ արդյոք կառաջադրվի երկրորդ անգամ։ Սակայն, ֆրանսիացի վերլուծաբանները կարծում են, որ Մակրոնի ուղևորությունները դեպի շրջաններ վկայում են այն մասին, որ փաստացի նա արդեն իսկ սկսել է իր նախընտրական քարոզարշավը։

Լուսանկարը՝ rfi.fr-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter