Մարիա Կոլեսնիկովան դատապարտվել է 11 տարվա ազատազրկման
Բելառուսի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Մարիա Կոլեսնիկովան, դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, իսկ Մաքսիմ Զնակը, որը միևնույն գործով մեղադրվում էր իշխանության զավթման փորձի մեջ, դատապարտվել 10 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Белта գործակալությունը։
Նրանց մեղավոր են ճանաչել պետական իշխանությունը ոչ սահմանադրական ճանապարհով զավթելու նպատակով դավադրության, Բելառուսի ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների կոչերի և ծայրահեղական խմբավորումների ձևավորման ու ղեկավարման մեջ։
Գործը քննել է Մինսկի մարզային դատարանը։ Լսումներն անց են կացվել փակ ռեժիմով։ Մեղադրանքի մանրամասները չեն հրապարակվել։ Հանրայնացվել է միայն դատավճռի եզրափակիչ մասը։
Մարիա Կոլեսնիկովան և Մաքսիմ Զնակը եղել են բանկիր Վիկտոր Բաբարիկոյի նախընտրական շտաբի անդամներ, որը նախորդ տարի մտադիր էր մասնակցել Բելառուսի նախագահական ընտրություններին, սակայն ձերբակալվել էր թեկնածուների գրանցումից առաջ։
Ընտրություններից առաջ Կոլեսնիկովան և Զնակը դարձել էին բելառուսական ընդդիմության ամենավառ դեմքերից մեկը։ Նրանք ձերբակալվել էին դեռ նախորդ տարվա սեպտեմբերի սկզբին՝ ազգային անվտանգությանը վնաս հասցնելու հրապարակային կոչերի գործով։
Հիշեցնենք, որ դեռ 2020 թվականի սեպտեմբերի 9-ին Բելառուսի ընդդիմության համակարգող խորհուրդը հայտարարել էր, որ Մինսկի կենտրոնում անհետացել է Մարիա Կոլեսնիկովան։ Ավելի ուշ, պարզ դարձավ, որ նրան առևանգել են։ Ընդդիմադիր երկու այլ գործիչներ՝ Իվան Կրավցովը և Անտոն Ռոդնենկովը, տեղափոխվել էին Ուկրաինա։
Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան Կոլեսնիկովայի անհետացումն անվանել էր ընդդիմությանը վախեցնելու նպատակ հետապնդող գործողություն, որը միտված է համակարգող խորհրդի աշխատանքների տապալմանը։
Լուսանկարը՝ РИА Новости / Евгений Одиноков
Մեկնաբանել