
Ըստ Գեղամ Մանուկյանի` ԱԺ-ի ծեծկռտուքի միջադեպով պիտի խուլիգանության հոդվածով քրգործ հարուցվեր
Օգոստոսի 25-ին խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու միջադեպով քրեական գործ է հարուցվել: Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մամուլի հրապարակումներից է տեղեկացել քրեական գործի հարուցման մասին:
Հիշեցնենք, որ այդ օրը երկու ծեծկռտուք է եղել խորհրդարանում, առաջինի ժամանակ պատգամավորները միմյանց վրա շշեր էին նետում, երկրորդին գործի էին դրել ոտքերն ու ձեռքերը: Ի դեպ, երկրորդ միջադեպին ԱԺ անվտանգությունը ծեծկռտուքից րոպեներ անց միայն ներս մտավ դահլիճ:
Գեղամ Մանուկյանի համար ընդունելի չէ Քրեական օրենսգրքի միայն 118 հոդվածով գործ հարուցելը, նա այդ միջադեպը բնորոշեց որպես խուլիգանություն` ընդգծելով, որ բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
«Տեղի է ունեցել կազմակերպված խուլիգանություն, և միակ տրամաբանական քայլը, որ կարող էր անել ՀՔԾ-ն, այդ հոդվածով հարուցել քրեական գործ»,- ասաց նա:
Չնայած այդ միջադեպի օրը ծեծի ենթարկվելու վերաբերյալ ահազանգել են նաև այլ ընդդիմադիր պատգամավորներ, սակայն այդ բոլոր դեպքերով քրեական գործեր չեն հարուցվել:
Մանուկյանի համար զարմանալի է նաև այն, որ այդ օրվա մյուս միջադեպերի առնչությամբ քրեական գործերի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Պատգամավորի խոսքով, երբ ստանա համապատասխան փաստաթղթերի կրկնօրինակը, իր դիրքորոշումը կհայտնի:
Մեկնաբանել