HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավային

Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավային: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:

«Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը եւ բազմոլորտ համագործակցության խորացմանը՝ հավելելով, որ հայ-վրացական փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը կարեւոր գործոն է տարածաշրջանում անվտանգության, խաղաղության, կայուն զարգացման համար: Ալեն Սիմոնյանը գործընկերոջը տեղեկացրել է, որ մեծապես կարեւորում է երկու երկրի օրենսդիր մարմինների սերտ համագործակցությունը եւ շուտով խորհրդարանում կվերաձեւավորվի հայ-վրացական բարեկամական խումբը, ինչը կխթանի հետագա արդյունավետ համագործակցությանը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին` Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել այդ գործընթացում Վրաստանի գործադրած բոլոր ջանքերի համար: Վրաց գործընկեր Կախա Կուչավան կրկին շնորհավորեց Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ հիշեցնելով, որ ինքն էլ է Խորհրդարանի նորընտիր նախագահ՝ դա համարելով երկկողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու լավ հնարավորություն: Վրաստանի ԱԺ նախագահը գոհունակությամբ անդրադարձավ նախորդ գումարման ընթացքում երկու խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությանը եւ առավել արդյունավետ փոխգործակցության համոզմունք հայտնեց:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ակտիվացնելու պրոֆիլային հանձնաժողովների աշխատանքները: Հանդիպմանը ներկա Վրաստանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց իր հայ գործընկերոջ հետ փոխգործակցության համատեղ ծրագրեր մշակելու հարցում: Հանդիպմանը երկուստեք ընդգծվեց նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված մի շարք նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը:

Եզրափակելով քննարկումը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշատակեց ռազմավարական նշանակություն ունեցող «Բարեկամություն կամրջի» կառուցումը՝ համոզմունք հայտնելով, որ այն լավագույնս կնպաստի հարեւան պետությունների համագործակցության խորացմանը, առեւտրաշրջանառության, ենթակառուցվածքների եւ զբոսաշրջության զարգացմանը: Նա նշեց, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը կարող է դառնալ հայ-վրացական դարավոր բարեկամության խորհրդանիշներից»,- ասված է ԱԺ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter