Փաշինյան․ «Թուրքիայի նախագահի հայտարարություններում տեսնում ենք ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն»
Կառավարության սեպտեմբերի 8-ի հերթական նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին, ինչպես նաև՝ հայ-թուրքական հարաբերություններին։
«Վարչապետի պաշտոնում վերընտրվելուց հետո արդեն հասցրել եմ այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն, այսօր էլ մեկնում եմ Վրաստան։ Թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի հետ քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման, և այս համատեքստում կարևորում եմ «Հյուսիս-հարավ» նախագիծը, որը Իրանի հետ մեր սահմանը կապում է Վրաստանի հետ սահմանին»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի համար չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը Ռուսաստանի և Իրանի հետ։
«Այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը։ Այստեղ մենք վճռական ենք՝ ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների հասնելու համար՝ գիտակցելով, իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Մենք տրամադրված ենք վերականգնել խաղաղ գործընթացը Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Կարևորում եմ նաև Ադրբեջանի հետ սահմանազատում և սահմանագծում իրականացնելու օրակարգը, շարունակում ենք աշխատել դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Հույս ունենք օր առաջ ավարտին հասցնել մեր գերիների պատանդների և այլ պահվող անձանց Հայաստան վերադարձնելու գործընթացը»,- ասաց նա։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Թուրքիայի նախագահի՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարությունների մասին․
«Այդ հայտարարություններում տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն։ Մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրված ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ։ Մեծ հաշվով, խոսքը մեր տարածաշրջանը արևելքը՝ արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է։ Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ այս գործընթացին ակտիվոեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանը»։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրամիությունը, ԱՄՆ-ն նույնպես հետաքրքրված են այս գործընթացով, իսկ Չինաստանի ու Հնդկաստանի շահագրգռվածությունը հաղորդակցային նախագծերի զարգացման ուղղությամբ հայտնի է։
«Տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է, և մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ խնդրի լուծման համար»,- եզրափակեց Փաշինյանը։
Մեկնաբանել