
Չպատվաստվածները կամ ՊՇՌ թեստ չհանձնածները կարող են ազատվել աշխատանքից
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող այն որոշմանը, որի համաձայն՝ գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստման մասին վկայող փաստաթուղթ կամ ամսական 2 ՊՇՌ թեստի արդյունք։
«Հետևանքն աշխատանքի ներկայանալու մեջ է լինելու, հաջորդիվ տվյալ կազմակերպությունը ևս որոշակի տուգանքներ կկրի։ Իսկ եթե աշխատակիցը չի ներկայանում աշխատանքի որոշակի ժամկետում, ապա գործատուն իրավունք ունի նաև խզելու աշխատանքային պայմանագիրը»,- ասաց նա։
Ըստ Ավանեսյանի՝ ամեն ինչ արվում է Սահմանադրության և օրենքների շրջանակում։
«Հայաստանում գործում է «Բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին» օրենքը, որը հստակ կետերով ամրագրումներ ունի, ինչին հղում կատարելով՝ ընդունվել են նաև ենթաօրենսդրական ակտեր։ Նորմը, որը սահմանված է, ամբողջությամբ համապատասխանում է բոլոր պահանջներին»,- ասաց նա։
Մեկնաբանել