
Թագուհի Թովմասյանի գնահատմամբ` Արմեն Չարչյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
ԱԺ կալանավորված պատգամավոր Արմեն Չարչյանի վիճակը կարելի է բնորոշել ծայրահեղ ծանր: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: Պատգամավորն առավոտյան այցելել էր Արմեն Չարչյանին, վերջինիս երեկ Վարդաշեն ՔԿՀ-ից տեղափոխել են հիվանդանոց: Թովմասյանը հայտարարեց, որ Չարչյանը ԲԿ է տեղափոխվել շաքարային դիաբետի 20 ցուցանիշով` ընդգծելով, որ վերջինիցս ունի այդ տվյալը հանրայնացնելու թույլտվություն:
«Սա շատ մտահոգիչ իրավիճակ է, և Առողջապահության նախարարությունից որևէ մեկը չի տեսակցել մեր գործընկերոջը, կարելի էր գոնե մարդկային ժեստ անել և տեսակցել նրան, բայց նման բան չի եղել»,- ասաց նա:
Ըստ Թովմասյանի` Արմեն Չարչյանը պնդել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի ցուցումով: Արմեն Չարյանը տվյալներ ունի, ըստ որոնց՝ Ջհանգիրյանը հանդիպել է իր գործով դատավորներ Լուսինե Աբգարյանին և Ռուբեն Մխիթարյանին:
«Այն ֆիզիկական վիճակը, որ տեսա Արմեն Չարչյանի մոտ, ինձ հիմք է տալիս պնդելու, որ պարոն Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, խափանման միջոցը փոխվի, որովհետև ամենաանցանկալի հետևանքները կարող են լինել»,- ասաց Թագուհի Թովմասյանը:
Նիստին ներկա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հայտնեց, որ քիչ անց խմբակցության պատգամավորներով այցելելու են իրենց գործընկերոջը: Նա ևս պնդեց, որ Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Մեկնաբանել