
Արցախի ՄԻՊ. «Մարդիկ երբեմն տարրական կենսապայմաններից զրկված են, ապրում են նկուղներում»
Հետպատերազմյան Արցախում առաջնային խնդիրներ են շարունակում մնալ բնակարային ապահովման, ջրի, հեռահաղորդակցության ու կապի, աշխատանքով ապահովման հարցերը: Այս մասին Հայաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ այսօր հյուրընկալվել են Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանը և Գեղամ Ստեփանյանը:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը կարևորեց Հայաստանի խորհրդարանական հանձնաժողովում նման քննարկումները: Նա ներկայացրեց այն խնդիրները ու մարտահրավերները, որոնք առկա են հետպատերազմյան Արցախում, և թե որ խնդիրների լուծման ուղղությամբ կարող է լինել արդյունավետ համագործակցություն: Ըստ նրա` առաջնային է կապի և հաղորդակցության հետ կապված հարցը, որքան էլ Արցախի համապատասխան ոլորտային մարմինները միջոցներ ու քայլեր են ձենարկում, խնդիրը հաղթահարել չի ստացվում: Արցախի ՄԻՊ-ն այս հարցով ակնկալում է Հայաստանի ոլորտային մասնավոր կազմակերպությունների փոխօգնությունը:
«Կան բնակավայրեր, որտեղ ընդհանրապես բացակայում է կապը, և ամենացավալին այն է, որ դրանք սահմանային շրջանին ամենամոտն են տեղակայված, Աստված մի արասցե, ինչ-որ միջադեպ լինելու պարագայում շատ դժվար կլինի դրա մասին տեղեկանալ և համապատասխան օգնությունը ցուցաբերել: Մենք կասկած չունենք, որ դա իրականացվում է Ադրբեջանի կողմից, և տեղեկություն ունենք, որ Շուշիի հատվածից է կատարվում»,-ասաց Ստեփանյանը:
Ըստ նրա` այս հարցում օրեցօր վիճակն ավելի է վատանում, և եթե նախկինում ավելի շատ խլացվում էր բջջային կապը, հիմա համացանցի ապահովման համար լուրջ խնդիրներ կան:
Արցախում առկա է ջրի խնդիր, դրա երեք գործոններից մեկը կրկին Ադրբեջանով է պայմանավորված: Ինչ վերաբերում է մայրաքաղաք Ստեփանակերտին, ապա այնտեղ ջրի հարցը պայմանավորված է տաք եղանակային պայմաններով և ռեսուրսների քչությամբ:
«Տեղահանված բնակչությունը` մոտ 13 hազարից 15 հազար մարդ, բնակություն է հաստատել Ստեփանակերտում, ինչը հիսուն հազար բնակչություն ունեցող քաղաքի համար բավական մեծ թիվ է, ու խնդիրներ է առաջացրել»,-ասաց նա:
Ըստ Արցախի ՄԻՊ-ի` թերևս ամենալուրջ հարցը շարունակում է մնալ բնակարանային խնդիրը, քանի որ հասանելի տներ, բնակարաններ տեղահանված անձինք չեն կարողանում գտնել: Ըստ Գեղամ Ստեփանյանի` թերևս դա է պատճառը, որ շուրջ 22 հազար արցախցի չի վերադարձել Արցախ այն դեպքում, երբ հանդիպումների ժամանակ ցանկություն են հայտնում վերադառնալու:
«Մարդիկ երբեմն տարրական կենսապայմաններից զրկված են, ապրում են նկուղներում, զրկված են սանիտարական պայմաններից, պետության կողմից տրվող վարձավճարները չեն համատասխանում շուկայական գներին: Այդ ուղղությամբ առաջարկ ներկայացրել եմ Արցախի կառավարությանը, գիտեմ, որ քայլեր ձեռնարկվում են փոփոխությունների համար»,-ասաց նա:
Խնդիր է նաև այն, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների բնակչությունը հարկադիր պարապուրդում է, մի մասը աշխատել է այդ շրջանների պետական հատվածում, որոնք այժմ աշխատավարձի հիսուն տոկոսի չափով փոխհատուցում են ստանում, սակայն հունվարից հնարավոր է փոփոխություններ լինեն: Բնակավայրերից զրկված արցախցիների մի մասն էլ գյուղատնտեսությամբ է զբաղվել, որի հնարավորությունն այժմ չունեն, քանի որ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մոտ 60%-ը Ադրբեջանի վերահսկողության ներքո է:
Արցախի ՄԻՊ-ը մտահոգություն հայտնեց Հայաստանի կառավարության աջակցության ծրագրերի դադարեցման վերաբերյալ, մասնավորապես 68 հազարական դրամների և հյուրընկալության ծրագրին (երբ հյուրընյալը փոխհատուցում է ստանում պետությունից):
Նա օրենսդիրների ուշադրությունը հրավիրեց այդ աջակցության ծրագրերի վրա` ընդգծելով, որ ըստ իրեն՝ առնվազն թիրախային խմբերի համար նման ծրագրեր պետք է իրականացվեն:
«Եթե այդ 68 հազարական դրամն էլ կրճատվի, լուրջ խնդրի առաջ են կանգնելու. մարդիկ զրկված են իրենց աշխատանքից, հարկադիր պարապուրդում են, ստանում են աշխատավարձի կեսը, բնակարանի վարձը ոչ ամբոջությամբ է փոխհատուցվում պետության կողմից»,-ասաց Ստեփանյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել